Ընդհանուր տվյալներ
Ծրագիրն ուղղված է խորհրդային ժառանգության, դրա այն ընկալումների և դրսևորումների հետազոտմանը, որոնք ազդում են մարդկանց ինքնընկալման, ինքնության, սոցիալական ու քաղաքական ակտիվության, առօրյա գործունեության, ինչպես նաև խորհրդային անցյալի արժևորման վրա։
Խորհրդայինի «հետքերը» անխուսափելիորեն ներկա են ժամանակակից Հայաստանում, ու դրա պատճառների մեջ է ոչ միայն դեմոգրաֆիկ ժառանգականության գործոնը, այլև սոցիալ-պատմական իներցիան, այսպես կոչված՝ «անցած ուղու կախվածության» սկզբունքը։ Հենվելով խորհրդային ժառանգությունը, կայսերական ու գաղութային դրսևորումները և անցումային շրջանը քննարկող տեսությունների վրա՝ ծրագրի հետազոտական հիմնախնդիրն է անդրադառնալ ինտելեկտուալ դիսկուրսի և սոցիալական պրակտիկաների մակարդակում խորհրդային ժառանգության դրսևորման, ընկալման ու իմաստավորման ժամանակակից եղանակներին։ Այդ ամենը հետազոտվելու է հանրային դիսկուրսի տարբեր մակարդակներում ու հարթակներում հնչող տեքստերի, հուշարձանային ու թանգարանային պրակտիկաների, ինչպես նաև գիտական դիսկուրսի փոխակերպումների հիման վրա։
Ծրագիրն իրականացվելու է մշակութային մարդաբանության մեթոդաբանությամբ: Դրա արդյունքները ներկայացվելու են գիտական տեքստերի, ելույթների և հանրային քննարկումների տեսքով։