Ընդհանուր տվյալներ
Նախագծի նպատակն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդնել հետազոտական նոր ուղղություն, որը հայկական մեդիայի զարգացումը կուսումնասիրի պատկերաբանական (իմագոլոգիական) հարացույցի համակարգում: Նման ուսումնասիրության առաջին փորձերը կատարել են խմբի անդամներ Տ. Դանիելյանը և Դ. Պետրոսյանը: Գիտական խմբի արտասահմանյան գործընկերը՝ Ն. Նիկոնովան, պատկերաբանական ուսումնասիրությունների հարուստ փորձ ունի: Նրա մեթոդաբանական մոտեցումները կօգնեն արդյունավետ որոնումներ կատարելու նաև հայկական մեդիաոլորտում: Խմբում ներգրավված երիտասարդները կընդլայնեն իմագոլոգիական հետազոտությունների սահմանները:
Հայկական մեդիան ծնունդ է առել և զարգացել քաղաքական, հասարակական ու մշակութային տարբեր տիրույթներում՝ գաղութային, կայսերական, ազգային: Այս իրողությունները ձևավորել են մեդիատեղեկույթի ստեղծման, մշակման ու տարածման տարատեսակ մոտեցումներ, որոնք մինչ օրս համակարգային ուսումնասիրության չեն ենթարկվել: Մեդիայի ասպարեզում դրանց մեկտեղումը և իմագոլոգիական դիտանկյունով նոր հետազոտությունների կատարումը մեր ժամանակների պահանջն է, ուստի և անկասկած է նրա արդիական հնչեղությունը: