Ընդհանուր տվյալներ
Քվազիերկչափ նանոկառուցվածքներն անգնահատելի են հիմնարար քվանտային երևույթների ուսումնասիրության տեսակետից։ Այս երևույթներն ունեն բազմաթիվ պոտենցիալ կիրառություններ ինֆրակարմիր սենսորներում, լազերներում, ֆոտովոլտային տարրերում, սպինային և այլ սարքերում: Ժամանակի դարձելիության խախտումը և քվանտային փուլերի ինտերֆերենցիան լայնական մագնիսական դաշտի առկայությամբ մեծ հեռանկարներ են բացում քվանտային օպտիկայում և քվանտային հաշվողական սարքերում նման կառուցվածքների կիրառությունների համար:
Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել քվանտային կետերից և քվանտային օղակներից կազմված քվազիերկչափ կիսահաղորդչային համակարգերում հիմնարար ֆիզիկական երևույթները, բացահայտել այդ համակարգերի մագնիսաօպտիկական հատկությունները, կանխատեսել դրանցում լիցքակիրների տրանսպորտը և դինամիկական արձագանքը կառավարելու նոր մեխանիզմներ:
Հետազոտության ընթացքում կկիրառվեն տեսական և հաշվարկային մեթոդներ, ինչպիսիք են համակարգի համիլտոնիանի ճշգրիտ անկյունագծայնացման մեթոդը, Հարթրի-Ֆոկի մոտավորությունը, խտության ֆունկցիոնալի տեսությունները և Լիուվիլ-ֆոն Նեյմանի հավասարումը խտության մատրիցի համար:
«COMSOL Multiphysics» ծրագրային փաթեթի օգնությամբ կմոդելավորվեն դիտարկվող համակարգերի հենքով ակտիվ տարրեր և կուսումնասիրվեն վերջիններիս ֆոտովոլտային, մագնիսաօպտիկական և այլ բնութագրեր: