Ընդհանուր տվյալներ
Ներկայացվող նախագծի նպատակն է ամրապնդել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ-2021» դրամաշնորհի շրջանակում նորաստեղծ Ասիմետրիկ կատալիզի գիտական խմբին:
Գիտական հետազոտությունների նպատակն է ստանալ 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ֆունկցիոնալ տեղակալված ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են կիրառություն գտնել ասիմետրիկ սինթեզում՝ որպես Բրոնստեդի հիմքեր և/կամ լիգանդներ անցումային շարքի մետաղներով կատալիզվող ռեակցիաներում։ Հիմնական նպատակներից է քվանտաքիմիական (ներառյալ DFT) հաշվարկների օգնությամբ «Gaussian16» ծրագրի կիրառմամբ նախագծել մոդելային ռեակցիաների համար կիրառելի կառուցվածքներ և «InSilico» միջավայրում բացահայտել կատալիտիկ ռեակցիայի ընթացքի օպտիմալ մեխանիզմը:
Նախագծի շրջանակում կուսումնասիրվի սինթեզված միացությունների կատալիտիկ ակտիվությունը մի շարք մոդելային ռեակցիաներում և կգնահատվի դրանց ռեգիո- ու ստերեոսելեկտիվությունը՝ կախված ռեագենտի, սուբստրատի և կատալիզատորի կառուցվածքից։ Հնարավորության դեպքում կուսումնասիրվի սինթեզված միացությունների կատալիտիկ ակտիվությունը անցումային շարքի մետաղներով՝ Pd,Cu,Ni, կատալիզվող քրոս-համակցման ռեակցիաներում, օրինակ՝ Ցուջի-Տրոստի, և գնահատել դրանց ռեգիո- ու ստերեոսելեկտիվությունը, ինչպես նաև կբացահայտվեն և կմշակվեն անալիտիկ մեթոդներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու ռեակցիայի ստերեոսելեկտիվությունը: