Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է մշակել էնանտիոմերապես հարստացված (S)-α-ամինաթթուների սինթեզի մեթոդներ, ինչպես նաև ուսումնասիրել հարթ–քառակուսի նիկելի կոմպլեքսները՝ որպես սինթոններ, տարբեր քիմիական անվանական ռեակցիաներում: Դրա համար նախատեսվում է սինթեզել (S)-2-N-(N`-բենզիլպրոլիլ) ամինաբենզոֆենոն քիրալային օժանդակ ռեագենտի գլիցինի, դեհիդրալանինի և պրոպարգիլգլիցինի Շիֆֆի հիմքի Ni (II) կոմպլեքսները և հետազոտել դրանց ամինաթթվային մնացորդի Cα-ալկիլման, միացման, ինչպես նաև տերմինալային եռակի կապերին Գլայզերի, Մանիխի և եռֆտորմեթիլացման համակցման ռեակցիաները: Բացի դրանից՝ նախագիծը նպատակ ունի սինթեզելու սստացված ամինաթթուների հիման վրա պեպտիդներ և գնահատելու այդ պեպտիդները որպես օրգանոկատալիզատորներ մոդելային ռեակցիաներում:
Ռեակցիայի կինետիկայի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար նախագծի շրջանակում կուսումնասիրվեն ռեակցիայի մեխանիզմները՝ օգտագործելով խտության ֆունկցիոնալ տեսության (DFT) հաշվարկները: Բացի դրանից՝ սինթեզված ոչ սպիտակուցային ամինաթթուները կենթարկվեն կենսաբանական հետազոտման և համակարգչային մոդելավորման՝ սուբստրատների և ֆերմենտների փոխազդեցության մեխանիզմները ուսումնասիրելու համար: Այս համապարփակ մոտեցումը նպատակ ունի բարելավելու այս նոր ամինաթթուների ընկալումն ու կիրառումը սինթետիկ և կենսաբանական քիմիայում: