Ընդհանուր տվյալներ
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման տեմպերի աճը զգալի վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար, ինչը պահանջում է հակամանրէային դեղամիջոցների մշակման նոր ռազմավարություններ: Որոշ բույսերի լուծամզվածքներ և եթերայուղեր ունեն բարձր հակաբակտերիական ակտիվություն հակաբիոտիկների նկատմամբ կայուն Escherichia coli-ի շտամների դեմ։ Այս ուսումնասիրության նպատակն է հետազոտել հակաբակտերիական ազդեցության հիմքում ընկած մեխանիզմները՝ կենտրոնանալով բակտերիայի օքսիդատիվ սթրեսի արձագանքման և որոշ ֆերմենտների գործունեության վրա բուսական լուծամզվածքների ազդեցությունը։ Բացի այդ՝ հետազոտության ժամանակ կուսումնասիրվեն բույսերի լուծամզվածքների և եթերայուղերի ներբջջային ռեդոքս վիճակների վրա ազդեցությունը և սպիտակուցի էքսպրեսիան փոփոխելու ունակությունը՝ օգտագործելով գենետիկորեն կոդավորված ռեդոքս զոնդերը, որոնք հիմնված են ռեդոքս-զգայուն կանաչ լյումինեսցենտային սպիտակուց 2-ի վրա (roGFP2): Կկիրառվեն այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են Western Blotting-ը և RT-qPCR-ը: Բուսական միացությունների նկատմամբ հակաբիոտիկ-կայուն բակտերիաների խոցելիությունը գնահատելու համար կօգտագործվեն մուտանտ շտամներ, որոնք չունեն օքսիդատիվ սթրեսի հակազդելու հիմնական գեները: