Ընդհանուր տվյալներ
Ներկայումս կենսաէներգիայի արտադրության համար կիրառվող կենսաբանական մեթոդների բարելավման համար արդիական է կիրառել արհեստական մանրէային կոնսորցիումներ և ածխածնի տարբեր աղբյուրներ: Որոշ իրար հաջորդող կենսաքիմիական գործընթացներ կարող են իրականանալ մանրէների կողմից անաերոբ պայմաններում: Անաերոբ տարրալուծման ընթացքում միջավայրի պայմանների բարելավման և մանրէների նյութափոխանակությունը կարգավորելու համար անհրաժեշտ են համապատասխան հետազոտություններ և մեթոդների մշակում: Անաերոբ բակտերիաները (օրինակ՝ Clostridium) նպաստում են ցելյուլոզի քայքայմանը և խթանում խմորման գործընթացները՝ բերելով թթուների և սպիրտների, ինչպես նաև գազերի արտադրությանը: Արքեաների որոշ ներկայացուցիչներ յուրացնում են խմորման վերջանյութերը՝ արտադրելով մեթան, որն էլ կազմում է կենսագազի հիմնական մասը: Ծրագրի շրջանակում պլանավորվում է բարելավել արտաքին միջավայրի պայմանները, նշված մանրէների աճը և կենսագործունեությունը՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել կենսագազի արտադրությունը: Փորձարարական մոտեցումները ներառում են կառավարվող անաերոբ կենսագործընթացների համակարգի (fermenter) ստեղծում և մանրէների բազմազանությունը և ֆերմենտների գործունեությունը գնահատելու մոլեկուլային մեխանիզմների օգտագործում, ինչը կնպաստի թափոնների կայուն կառավարման տեխնոլոգիաների զարգացմանը և վերականգնվող էներգիայի լուծումներին: