Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ընդունեցին առաջինկուրսեցիներին, ինչպես նաև մրցանակներ հանձնվեցին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից իրադրություն և հեռանկարներ» խորագրով մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, շնորհավորական ուղերձներ հղելով առաջինկուրսեցիներին, նրանց մաղթեցին ուսանողական ակտիվ և հագեցած տարիներ, շարունակական ձեռքբերումներ ու նվաճումներ:
Այնուհետև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանն ու ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը մրցանակներ հանձնեցին կենտրոնի և Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված մրցույթի հաղթողներին:
Մրցույթն ուներ երկու անվանակարգ՝ «Ուսանողական լավագույն գիտական աշխատանք» և «Երիտասարդ գիտնականի լավագույն հոդված», որոնց համապատասխան աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի մի շարք բուհերի երիտասարդ գիտնականներ ու ուսանողներ: Նրանցից մրցանակների են արժանացել 19-ը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, «Երիտասարդ գիտնականի լավագույն հոդված» անվանակարգում հաղթած Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթն իր համար լրացուցիչ առիթ ու հնարավորություն էր առավել խորքային ուսումնասիրելու հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաև նշեց, որ դարձել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի՝ երիտասարդ գիտնականների համար նախատեսված շարժունության ծրագրի հաղթող և ակնկալում է, որ Մոսկվայի ակադեմիական ինստիտուտներում ու գիտահետազոտական կենտրոններում կկարողանա լուրջ խորհրդատվություններ ստանալ իր թեկնածուական ատենախոսությունը պատշաճ գրելու համար:
Ուսանողական մրցույթում հաղթած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության ու ներկա իրադրության լավ իմացությունը չափազանց անհրաժեշտ է հետագայում մասնագիտական հաջողությունների հասնելու համար:
Նույն ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, երկրորդ կարգի մրցանակի արժանացած Մարինե Մարգարյանի կարծիքով՝ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի այս նախաձեռնությունը լավագույն հնարավորություններից է դեռևս ուսանողական տարիներից ներգրավվելու գիտական կյանքում:
ԵՊՀ շրջանավարտ, մրցույթում երրորդ հորիզոնականն զբաղեցրած Էլիզա Դանիելյանն ասաց, որ մրցույթին ներկայացրած հետազոտությունն իր կարծիքով կնպաստի հետագայում մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում պատասխանատու դերակատարում ունենալուն:
Նշենք,որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնն այս ուսումնական տարում հայտարարելու է գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ մրցույթներ, որոնք ունենալու են թեմատիկ առնչություն 2024 թ. մայիսին ԵՊՀ-ում կայանալիք միջազգային գիտաժողովի հետ:
- Գլխավոր
- Group
- Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
- Մրցույթներ