- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Նոյեմբեր 17, 2022 | 11:03
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Իրազեկ դպրոցական» ծրագրի շրջանակում Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ ընդունելության կարգը, ֆակուլտետները, համալսարանի ընձեռած հնարավորությունները:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Իրազեկ դպրոցական» ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ ՀՀ հանրակրթական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտների հետ՝ նպատակ ունենալով նրանց նախապատրաստելու բուհ ընդունվելուն:
Կարևորելով քաղաքական դաշտին վերաբերող հարցերի ու թեմաների վերաբերյալ աշակերտների իրազեկվածությունը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Մարտին Խուրշուդյանը հանդես է եկել «Պետական կառավարման կարգ» թեմայով բանախոսությամբ:
Մեզ հետ զրույցում Մարտին Խուրշուդյանը նշեց՝ ծրագրի շնորհիվ վարժարանի աշակերտները առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին քաղաքական գործընթացների նկատմամբ:
«Ապագա միջազգայնագետներին շատ է հետաքրքրում քաղաքականությունը և դրա վերաբերյալ անցկացվող քննարկումները: Վստահաբար կարող եմ ասել, որ այս հանդիպումը մեծապես կնպաստի աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- ասաց Մ. Խուրշուդյանը:
Ծրագրի համակարգող Ջեմմա Ասլանյանի համոզմամբ՝ այսօրինակ այցերը, բացի մասնագիտական կողմնորոշմանն ուղղված լինելուց, նպաստում են նրանց՝ իրավագիտակից քաղաքացի լինելուն:
Ֆակուլտետի ՈՒԽ քարտուղար Էլեն Գիշյանի խոսքով՝ «Իրազեկ դպրոցական» ծրագիրը, ծանոթացնելով ԵՊՀ գործունեությանը և ընձեռած լայն հնարավորություններին, նպաստում է մարզաբնակ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել խաղ-մրցույթ, հաղթող աշակերտը պարգևատրվել է խորհրդանշական նվերով:
Նշենք, որ ծրագրին մասնակցել են ավելի քան 50 աշակերտներ: