- Գլխավոր
- Նորություններ
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 14, 2022 | 18:29
Կրթություն
Ուսանողական
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հայոց լեզվի պատմության ամբիոնը և ֆակուլտետի ՈՒԳԸ-ն համատեղ կազմակերպել են «Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադա, որին մասնակցում է 40-50 ուսանող ինչպես հայ բանասիրության, այնպես էլ մյուս ֆակուլտետներից:
Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը իր ելույթում նշեց. «Նմանօրինակ օլիմպիադաների կազմակերպումը խթանում է ոսկեղենիկ մայրենիի հանրայնացումը և ավելի է արժևորում հին հայերենի դերը: Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում ուսանողներին ստուգելու և ամրապնդելու գիտելիքները գրաբարից, մեծացնելու հետաքրքրությունը տվյալ առարկայի, հետևաբար և լեզվի պատմական զարգացման շուրջ»։
Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Էլմիրա Աթանեսյանը որոշել է մասնակցել օլիմպիադային, որպեսզի ստուգի իր գիտելիքները գրաբարից. «Կարծում եմ՝ գրաբարի իմացությունը շատ կարևոր է պատմության մասնագետների համար: Այդ գիտելիքները պետք են հատկապես հին և միջնադարյան շրջանները ուսումնասիրելիս»:
Մեզ հետ զրույցում պրոֆ. Ա. Աբաջյանն ասաց, որ օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 2 շաբաթվա ընթացքում, և 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրաված ուսանողները կստանան մրցանակներ: Նրանց սպասվում են այլ անակնկալներ:
«Մենք կարևորում ենք օլիմպիադաների դերը ուսանողների կրթական գործունեության ընթացքում: Հատկապես գրաբարին առնչվող օլիմպիադաները ուսանողներին ոչ միայն հնարավորություն են տալիս բացահայտելու սեփական կարողությունները, այլև օգնում են էլ ավելի կարևորել մեր ազգային արժեքները»,- նշեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էմմա Նոնինյանը: