- Գլխավոր
- Նորություններ
- «ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարտ 10, 2022 | 14:01
Մշակույթ
«ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում մարտի 9-ին տեղի է ունեցել «Դիմակայություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանում և Արցախում մեկտեղված իրադարձությունների՝ 44-օրյա պատերազմի և կորոնավիրուսային համավարակի մասին:
Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արման Երիցյանը նշում է, որ ֆիլմում իրականությունը ներկայացված է այլաբանական և գեղարվեստական տեսանկյունից. «Ֆիլմը նպատակ ունի ասելու, որ մեր ժողովրդի, մեր երկրի պատմությունը գրեթե նույնականացված է մեր ձեռագրերի պատմության հետ, և այդ աղետները չեն ներկայացվում որպես տարեգրություն, այլ ներկայացվում են որպես համեմատություն այն կենսագրության հետ, որն ունեցել են մեր գրերը»:
Մատենագիր ձեռագրերի հետ համեմատությունը հեղինակը բացատրում է նրանով, որ պատմության ընթացքում նրանք էլ են տարհանվել, կրել տարատեսակ զրկանքներ, ենթարկվել թշնամական հարձակումների և «հիվանդացել» վարակիչ սնկային հիվանդություններով:
«Հարցին իմ մոտեցումը շատ բարդ ու միաժամանակ շատ հեշտ եղավ։ Ես փորձեցի ոչ թե բառերի, այլ վոկալիզի միջոցով ցույց տալ զգացմունքայնությունը: Երբ բառեր չես կարողանում գտնել, բայց ասելիքը շատ է, փորձում ես մի տառի հնչյունով արտահայտել մտքինդ: Այս դեպքում օգտագործել եմ նաև մարդկանց զգացմունքների հնչյունները, որոնք ամենադիպուկն են ներկայացնում եղելությունը», - նշում է ֆիլմի կոմպոզիտոր Միքայել Նշանյանը՝ հավելելով, որ վավերագրական ֆիլմը երաժշտության տեսանկյունից շատ սահմանափակումներ ունի:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը կարևորեց ֆիլմի գաղափարն ու նշեց, որ ճիշտ կլինի, որ շատերը դիտեն այն, քանի որ վերջինս կարևոր է ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ուսանողների համար. «Երիտասարդները պետք է կարողանան ճիշտ տեղեկություն ստանալ, և այս ֆիլմը տալիս է այդ հնարավորությունը: Ես ուրախ եմ, որ այս տարվա առաջին կինոցուցադրությունը, որն իրականացնում է մեր կինոակումբը, հենց սա է»:
Առաջիկայում սպասվում են կինոդիտումներ նաև Լիտվայում, Լեհաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Ա. Երիցյանի խոսքով, դրանք փառատոնային ցուցադրություններ չեն լինելու, այլ համալսարանական, քանի որ նպատակն է գիտական զանգվածին ներկայացնել պատմությունը: