- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 16, 2022 | 16:46
Հասարակություն
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար անցկացրել է «Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գաղտնիքները» խորագրով դասընթաց։
Դասընթացի նպատակն էր հաջողակ կարիերայի ստեղծելու գաղտնիքները, ինչպես նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընձեռած հնարավորություններն ու առաջնորդության զարգացման ծրագրի հիմնական առավելությունները ներկայացնելը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 2017-2019 թթ. ուսուցիչ-առաջնորդ, այժմ կրթական հիմնադրամի ընտրության թիմի գործընկեր Մելիք Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց այն տասը գաղտնիքները, որոնք կօգնեն աշխատանքային գործունեության ընթացքում:
Ըստ նրա՝ նախևառաջ աշխատանքը պետք է դիտարկել ոչ միայն գումար վաստակելու, այլև ստեղծագործելու, նոր հմտություններ ձեռք բերելու և հաջողություններ գրանցելու միջոց: Լավ կարիերա կառուցելու համար, Մ. Մկրտչյանի խոսքով, շատ կարևոր են ինքնակրթությունը, հասարակական և մասնագիտական ակտիվությունն ու գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատումը:
Բացի դրանից՝ հանդիպման բանախոսը նշեց ճիշտ CV և ռեզյումե կազմելու կարևորությունը, խորհուրդ տվեց «LinkedIn» սոցիալական հարթակում ունենալ գրագետ հաշիվ, ճանաչել սեփական ուժեղ և թույլ կողմերը, ձեռք բերել «փափուկ» հմտություններ, որոնք են հաղորդակցման, ժամանակի արդյունավետ կառավարման և այլ հմտությունները, գտնել արժեհամակարգին համապատասխան աշխատանք:
Բանախոսության ավարտին տեղի ունեցավ պանելային քննարկում, որի ժամանակ ԵՊՀ շրջանավարտներ և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի 3-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներ Մանե Ղևոնդյանը, Մարիամ Մարիկյանը և Վերոնիկա Շահնազարյանը խոսեցին հաջողության հասնելու իրենց գաղտնիքների մասին, պատասխանեցին մասնակիցների հարցերին: