- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 17, 2019 | 17:07
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց Ֆրանսիական երգի հոբելյանական 10-րդ փառատոնը, որի ժամանակ ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին իր ակտիվ մասնակցությունն ունի նաև Երևանի պետական համալսարանը: Արդեն 10-րդ տարին է՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի հետ կազմակերպում է Ֆրանսիական երգի փառատոն՝ իր ներդրումն ունենալով ֆրանսերենի դասավանդման և ֆրանսիական մշակույթի տարածման գործում:
Ֆրանսիական երգի փառատոնին ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը,Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետներից ուսանողներ ։
Միջոցառման բացմանը հաղորդավարները հայերեն և ֆրանսերեն ողջունեցին ներկաներին և նշեցին, որ հայ-ֆրանսիական քաղաքական և մշակութային հարաբերությունների հիմքում ընկած է դարավոր բարեկամություն, որը տարիների ընթացքում տարբեր ուղղություններով զարգացել և ամրապնդվել է։
Ողջունի խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նա, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Մշակույթի կենտրոնին այս միջոցառումը հերթական՝ 10-րդ անգամ կազմակերպելու համար։
«Ֆրանսիական երգի հոբելյանական 10-րդ փառատոնը կարևորվում է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Երևանի Պետական համալսարանի կողմից»,- ասաց նա և բարձր գնահատեց մեր երկրի անդամակցությունը Ֆրանկոֆոն ընտանիքին։
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը հիշատակեց նաև վերջերս հրդեհի ճիրաններում հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը ՝ նշելով, որ այն մեծ վիշտ է պատճառել մշակութասեր հասարակությանը։
Ֆրանսիական երգի հոբելյանական 10-րդ փառատոնն ուղեկցվեց ֆրանսիական հայտնի երգերի կատարումներով: