- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ՍՈՎՈՐԻ ԵՊՀ-ՈՒՄ, ԵՎ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԻ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿԸ». ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ապրիլ 08, 2022 | 15:21
Կրթություն
Գիտություն
«ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ՍՈՎՈՐԻ ԵՊՀ-ՈՒՄ, ԵՎ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԻ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿԸ». ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Եղիազարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտի 2-րդ մրցանակակիր է: Սամվելի հետ զրուցել ենք մասնագիտության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, երազանքների ու նպատակների մասին:
- Ինչպե՞ս ընտրեցիք հայ բանասերի մասնագիտությունը, ի՞նչն առաջնորդեց Ձեզ դեպի ԵՊՀ:
- Որոշիչ դեր է ունեցել հայոց լեզվի և գրականության հանդեպ իմ սերը։ Եկա ԵՊՀ, քանի որ Մայր բուհն իր հիմնադրման օրվանից ունի հայագիտական և ազգային կրթադաստիարակչական ոգի: Բացի դրանից՝ համալսարանը այն վայրն է, որտեղ սովորել և դասավանդել են Հ. Թամրազյանը, Մ. Մկրյանը, Մ. Աբեղյանը և անվանի այլ հայագետներ ու դասականներ։
- Հանրապետության լավագույն ուսանողի կոչմանն արժանանում եք արդեն երկրորդ անգամ: Ի՞նչ նշանակություն ունի այս մրցանակը Ձեզ համար:
- Առաջին անգամ այս կոչմանն եմ արժանացել 2019 թվականին, երբ դեռ չորրորդ կուրսի ուսանող էի՝ սիրահարված էի գրականությանն ու կյանքին։ Շատ լավ եմ հիշում՝ երբ մրցանակը ստացած եկա ֆակուլտետ, հանդիպեցի դեկան Ա. Ավագյանին, որն ինձ նվիրեց իր կարևորագույն աշխատություններից մեկը՝ մակագրելով այսպես. «Մաղթում եմ, որ շատ սիրահարվես գրքերին, գրականությանը, արվեստին և, իհարկե, աղջիկներին»։
Ահա այս պատվին արժանանալն ավելի ու ավելի պարտավորեցրեց սիրել մասնագիտությունս, զբաղվել բանասիրությամբ և երկրորդ անգամ էլ (արդեն մագիստրոսական ծրագրով) արժանանալ լավագույն ուսանողի կոչմանը։
- Ի՞նչն եք առավել շատ գնահատում ԵՊՀ-ում և ի՞նչ կցանկանայիք փոխել, որ այն ավելի լավը դառնա:
- ԵՊՀ-ում առավել գնահատելի և ուշարժան են բուհում ստեղծված հետաքրքիր և կարևոր ավանդույթներն ու արժեհամակարգը, որոնցով սերունդներ են դաստիարակվել։ Այս անընդհատ զարգացող աշխարհում ԵՊՀ-ն պետք է շարունակի հստակ և հաստատուն քայլել, որպեսզի ժամանակին համահունչ մնա։
- Ըստ Ձեզ՝ ԵՊՀ-ում կա՞ն հարթակներ, որոնք ուսանողին օգնում են ինքնադրսևորվել ու լրացնել ավանդական կրթության բացերը:
- Միանշանակ կարող եմ պատասխանել այս հարցին, որ այո՛, կան, և այդ հարթակներն ուսանողական կառույցներն են, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս զարգանալ և յուրովի կրթվել։ Ուսանողական տարիներն ինձ համար նշանավորվել են ոչ միայն «ավանդական կրթությամբ», այլև ՈՒԳԸ-ում վեց տարվա ակտիվ գործունեությամբ, ձեռք բերած ընկերներով ու գիտելիքներով՝ առանց որոնց վստահաբար չէի կարողանա լինել այն, ինչ կամ։
- Մասնագիտության մեջ ի՞նչն է Ձեզ առավել շատ գրավում: Ի՞նչ գործունեությամբ կցանկանաք զբաղվել ապագայում:
- Բանասիրությունն ինքնին գրավիչ է իր բոլոր առանձնահատկություններով, բայց ամենագրավիչը գրականությունն է՝ այն անսպառ տիեզերքը, որտեղ կարող եմ անվերջ սավառնել։
Ե՛վ հիմա, և՛ ապագայում ինձ համար հոբբի դարձած զբաղմունքը դասավանդելն է, ինչն արդեն երեք տարի է, որ իմաստավորում է ամեն ապրածս օրը։
- Զբաղվում եք նաև գիտահետազոտական աշխատանքներով: Ի՞նչ թեմաներով եք ուսումնասիրություններ իրականացնում:
- Իմ և իմ շա՜տ սիրելի ու օրինակելի ղեկավարների ջանքերի շնորհիվ այս տարիների ընթացքում հասցրել եմ տպագրել շուրջ տասը գիտական աշխատանք։
Առավելաբար հետաքրքրված եմ հայերենի բարբառներով. այս պահին էլ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իրականացնում եմ բարբառագիտական հետազոտություններ։
- Ձեր երազանքների մասին:
- Իմ ամենամեծ երազանքն այն է, որ որդիս սովորի ԵՊՀ-ում, և այն լինի աշխարհի 5 լավագույն բուհերից մեկը: