- Գլխավոր
- Նորություններ
- «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»․ մաս 2-րդ
Մայիս 19, 2023 | 12:12
Գործընկերներ
Կարիերա
Կրթություն
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»․ մաս 2-րդ
Շարունակելով ամբողջացնել «բանուգործյան խճանկարը»՝ ներկայացնենք էքսպոյի հիմնական ու ոլորտային գործընկերներին, որոնք նշանակալի դերակատարում ունեցան «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի կայացման գործում։
Ցուցահանդեսի հիմնական գործընկեր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը էքսպոյին ներկայացել էր առանձին տաղավարով։
Ընկերության կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով էքսպոյի կայացման գործում իրենց ունեցած ներդրմանն ու ներկայացվածությանը, մատնանշեց․ «Իր գործունեության 17 տարիների ընթացքում ընկերությունը մշտապես կարևորել է բարձր որակի ապահովումը և իրականացրել բազմաթիվ համարձակ նախագծեր։ «Երեմյան Փրոջեքթս»-ը, ռեստորանային ոլորտից բացի, յուրօրինակ ու աննախադեպ նախագծեր է իրականացնում նաև գյուղատնտեսության, ոլորտային կրթության և արտադրության բնագավառներում։
Այս անգամ էքսպոյի այցելուներին հաճելիորեն զարմացրինք առաջիկա ամիսներին սպասվող մեր նոր, աննախադեպ ու մասշտաբային ծրագրերով և դրանցում առկա նոր հաստիքներով։ Հյուրերը հնարավորություն ունեցան նաև տեղում ծանոթանալու և համտեսելու «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ բնական և բարձրորակ հումքից պատրաստված կաթնամթերքը»։
Էքսպոյի ոլորտային գործընկերներից էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, որի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը, կարևորելով համալսարանի հետ գործակցությունը և էքսպոյին մասնակցությունը, մեզ հետ զրույցում ներկայացրեց կառույցի կողմից առաջարկվող կարիերայի հնարավորությունների շրջանակն ու զարգացման հեռանկարները։
«Այսօր, ավելի քան երբևէ, կազմակերպությունների համար կենսական նշանակություն ունի որակյալ և բանիմաց աշխատակիցների ներգրավումը։ Ուսանողից դեպի աշխատակից անցումը սահուն ապահովելու, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները երկուստեք գնահատելու և բավարարելու համար կարևորում ենք բուհ-գործատու արդյունավետ համագործակցությունը: Նմանօրինակ նախաձեռնություններն այդ փոխգործակցության վառ օրինակ են և հարթակ են այդ կարիքներն ու պահանջները մեկտեղելու համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, գիտակցելով աշխատանքային փորձի կարևորությունը, ուսանողների համար առաջարկում է այնպիսի ծրագրեր, որոնք համապատասխանում են կարիերայի աճի համար ներկայացվող պահանջներին և հնարավորություն տալիս մեկտեղելու համալսարանական կրթությունը և աշխատանքը։ Ծրագրերի շրջանակում ուսանողին հնարավորություն է ընձեռվում աշխատավայրը «օգտագործելու» որպես ուսումնական ակտիվ միջավայր»,- ասաց Իրինա Սեյլանյանը:
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն նույնպես ցուցահանդեսի ոլորտային գործընկերներից է, որը ներկայացավ առանձին տաղավարով։
Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարիչ Մանե Բաբասյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով էքսպոյին մասնակցելու կարևորությունը և ընկերության կողմից առաջարկվող հնարավորությունները, նշեց․ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ին եկել էինք աշխատանքային հետաքրքիր առաջարկներով` տալով նաև գիտելիքը զարգացնելու և կարիերայի աճ գրանցելու հնարավորություն։ «Նաիրի ինշուրանս»-ն անընդհատ ընդլայնվում և զարգանում է․ այսօր ոլորտի առաջատարներից ենք և միակ ապահովագրական ընկերությունը ՀՀ-ում, որը միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։
Մենք ունենք արտոնությունների մեծ ու հետաքրքիր փաթեթ մեր թիմի համար․ պարբերաբար կազմակերպում ենք մասնագիտական թրեյնինգներ, լեզվի ուսուցման, հմտությունների կատարելագործման դասընթացներ»։
«Էվոլուշն Արմենիա» շվեդական ընկերությունը էքսպոյին մասնակից հաջորդ ոլորտային գործընկերն էր։ Ցուցահանդեսին ընկերությունը ներկայացրեց իրենց կողմից առաջարկվող հնարավորությունները, գերժամանակակից, բազմամշակութային միջավայրում աշխատելու առավելությունները և ընկերությունում առկա թափուր հաստիքները։
Բացի դրանից՝ ընկերությունն այցելուների համար ստեղծել էր գիտելիքներն ստուգելու և տարատեսակ նվերներ
շահելու հնարավորություն։
Կազմակերպության մարդկային ռեսուրսների ղեկավար Ալինա Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում նշեց. ««Էվոլուշն Արմենիա»-ն միշտ այնտեղ է, որտեղ երիտասարդներն են, հատկապես ուսանողները։ Մեզ միացած աշխատակիցների մի մասը ԵՊՀ ուսանողներ կամ շրջանավարտներ են։ Փորձը ցույց է տվել, որ թեկնածուների ընտրության նախնական գնահատման փուլում ԵՊՀ ուսանողները գրանցում են լավագույն ցուցանիշները, հատկապես պահանջվող մասնագիտական գիտելիքների հարցում»։
Ա. Մելիքբեկյանը, անդրադառնալով ընկերության արժեքներին ու մոտեցումներին, ընդգծեց, որ իրենք ուսանողակենտրոն են, և ակտիվ, աշխատասեր ուսանողի համար կազմակերպությունում ստեղծված են լավագույն պայմաններն ու միջավայրը սեփական հմտություններն ամբողջությամբ ցույց տալու և զարգացնելու, մասնագիտանալու և կարիերայի նոր ուղիներ բացահայտելու համար։
«ԵՊՀ-ի հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի։ Որպես մեծաքանակ տաղանդավոր երիտասարդների հետ աշխատող ընկերություն՝ մենք նպատակ ունենք խթանելու կրթության և ուսմանը զուգահեռ պրակտիկ հմտությունների ձեռքբերման կարևորությունը։
«EVO»-ն ուսանողի կողքին է ոչ միայն աշխատանքի հնարավորություն ստեղծելու, այլև ուսումնառության ընթացքում աջակցելու առումով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով խոսքը՝ Ա. Մելիքբեկյանը նշեց, որ համալսարանի հետ համագործակցության մի շարք հետաքրքիր գաղափարներ ու նախաձեռնություններ կան, որոնք առաջիկայում կքննարկվեն և կիրագործվեն։
Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ) ընկերության արտադրատեխնիկական բաժնի (ԱՏԲ) առաջին կարգի ճարտարագետ Նաիրա Ղուլիջանյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով ցուցահանդեսին ՀԱԷԿ-ի մասնակցությունն ու դրա առավելությունները, նշեց․ ««ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ին մենք ներկայացրել ենք ատոմակայանում աշխատելու առավելությունները, այդ թվում՝ միջուկային բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ էներգիայի արտադրությունը, արտադրանքի 100%-անոց իրացումը և աշխարհի բոլոր ատոմակայանների հետ համագործակցությունը:
ՀԱԷԿ-ի և ԵՊՀ-ի միջև առկա համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն․ ՀԱԷԿ-ի աշխատակիցների մոտ 35%-ը ԵՊՀ շրջանավարտներ են, այդ թվում՝ ատոմակայանի ամենամեծ արտադրատեխնիկական բաժնի բոլոր ղեկավարները (բաժնի պետեր, տեղակալներ)։
Երկար տարիների արդյունավետ փոխգործակցության շնորհիվ ՀԱԷԿ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է շրջանավարտների և ուսանողների շրջանում բարձրացնել ՀԱԷԿ-ում աշխատելու և ՀԱԷԿ-ը՝ որպես գործատու դիտարկելու շահագրգռվածությունը։
Լինելով տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ ՀԱԷԿ-ն ունի ռազմավարական մեծ նշանակություն Հայաստանի համար՝ տալով էներգետիկ անկախություն։
ՀԱԷԿ-ում այժմ մենք փնտրում ենք միջուկային ֆիզիկայի երիտասարդ մասնագետների»:
Ամերիաբանկը ևս միացել էր «ԲանՈՒԳործ» էքսպոյին։ Մոտենալով «A-Space» տաղավարին` էքսպոյի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկի թիմին ու մշակույթին, ինչպես նաև ընկերությանը միանալու հնարավոր հեռանկարներին:
Ամերիաբանկը միավորում է շուրջ 250 մասնագիտության ներկայացուցիչների՝ տարբեր ոլորտներից` բանկային, վերլուծական և թվային, ստեղծագործական, տեխնոլոգիական և այլն: Այստեղ ամեն տարի ուսումնական պրակտիկա է անցնում նվազագույնը 100 ուսանող:
Լինելով ֆինանսատեխնոլոգիական միջավայր` Ամերիաբանկը կարևորում է բուհերում սովորող տարբեր ոլորտների ապագա մասնագետների հետ շարունակական և հետևողական համագործակցությունը տարաբնույթ ձևաչափերով՝ էքսպոներ, բաց դասընթացներ, գործնական հանդիպումներ, ուսանողական նախագծեր և այլն։
Ամերիաբանկում վստահ են, որ բուհերի հետ համագործակցության արդյունքում կարող են հնարավորություն տալ երիտասարդ տաղանդներին փոխլրացնելու տեսական գիտելիքը գործնականով և տարբեր հմտություններով:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը էքսպոյի ժամանակ նույնպես հանդես էր եկել առանձին տաղավարով։
Ընկերության տաղանդների համալրման գործընկեր Անի Սարգսյանը, ներկայացնելով իրենց տաղավարն ու էքսպոյին մասնակցելու շարժառիթները, նշեց․ «Լինելով հայաստանյան աշխատաշուկայի լավագույն գործատուներից մեկը, որն արդեն 27 տարի գործում է ՀՀ-ում՝ մենք առանձնակի կարևորում ենք ուսանողների հետ շփման բոլոր հնարավորությունները, և «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը դրա վառ ապացույցներից է, քանի որ այն մեկ տեղում էր հավաքել ինչպես ուսանողներին, այնպես էլ դիմորդներին ու շրջանավարտներին։
Այցելուները մեր տաղավարում ծանոթացան «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում կարիերա ստեղծելու և միջազգային ընկերությունում փորձ ձեռք բերելու հնարավորություններին, այդ թվում՝ տարբեր փորձնակությունների և թափուր հաստիքների»։
Անի Սարգսյանի հավաստմամբ իրենք ընկերությունը հաճախ անվանում են «բիզնեսի համալսարան»։ Որպես գործատու՝ իրենց համար առաջնային չէ աշխատանքային փորձի առկայությունը, հետևապես իրենք հարթակ են տրամադրում սկսնակ մասնագետներին և աջակցում նրանց մասնագիտական հմտությունների զարգացման գործում։
Նշենք, որ կազմակերպության տաղավարի այցելուներին հյուրասիրվում էին «Երջանկության գործարանում» արտադրված ըմպելիքները։
Էքսպոյի հաջորդ գլխավոր գործառնական բաղադրիչը «ԲանՈՒԳործ-2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանսն էր, որի ժամանակ տեղի ունեցան տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով կոնֆերանսին մասնակցող հրավիրյալ բանախոսներին, էքսպոյի կազմակերպման գործում ներգրավված բոլոր համալսարանականներին և գործընկերներին։
Կոնֆերանսի շրջանակում մեկնարկեց «Կրթության և աշխատաշուկայի կապը բարեփոխումների համատեքստում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, պանելային քննարկման մոդերատոր Միքայել Հովհաննիսյանը ներկայացրեց թեմայի արդիականությունն ու կարևորությունը և շեշտեց, որ հանդիպման նպատակն էր քննարկել ու բացահայտել բուհի, պետության և աշխատաշուկայի միջև փոխկապակցված և պատճառահետևանքային կապն ամրապնդելու հիմնական գործոնները։
Քննարկման ժամանակ ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց համալսարանի որդեգրած քաղաքականությունը և վերջին տարիներին կատարված բարեփոխումները՝ հատկապես շեշտելով կրթական ծրագրերի միջազգայնացմանն ուղղված քայլերը, որոնց դրական արդյունքներն արդեն տեսանելի են։
Այնուհետև ԵՊՀ ռեկտորը առանձնակի կարևորեց թե՛ պետական կառավարման մարմինների, թե՛ տեղական ու միջազգային գործընկերների հետ շարունակ զարգացող գործակցային կապերը, ինչի վառ վկայություններից էր կազմակերպված էքսպոն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ուսանող սովորելիս և ավարտելուց հետո պետք է հստակ պատկերացում ու տեսլական ունենա՝ կարիերա ստեղծելու տեսանկյունից։ Նախարարն առանձնակի կարևորեց դրանում նախահամալսարանական և համալսարանական կրթությունը։
Ժ․ Անդրեասյանը, մատնանշելով բուհերի միջազգայնացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները, նշեց, որ դրանք միաժամանակ նպաստում են կրթական ծառայությունների որակի բարձրացմանը և շրջանավարտների հետագա զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդգծեց, որ անչափ կարևոր և սկզբունքային է այն, որ բուհերի շրջանավարտներն աշխատեն մասնագիտությամբ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մատնանշելով կրթության առջև ծառացած արդի մարտահրավերները, ասաց, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ կրթություն ստանալու հնարավորությունները շեշտակի աճել են, և միշտ չէ, որ դրանք զուգորդվում են բուհական համակարգում ուսանողի ֆիզիկական ներկայությամբ: Բացի դրանից, Հ․ Արշակյանի խոսքով՝ մի շարք գործատուներ իրենք են հիմնում ակադեմիաներ, որտեղ տալիս են իրենց անհրաժեշտ գիտելիքները և պատրաստում կադրեր՝ իրենց աշխատակիցների շարքերը համալրելու համար։ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստեց, որ նման մարտահրավերները, ըստ էության, պայմանավորված են թե՛ տեխնոլոգիաների զարգացմամբ, թե՛ բիզնեսի մոդելների փոփոխություններով։
Հաջորդը «Մասնագիտական կոմնորոշում» խորագրով պանելային քննարկումն է, որի բանախոսներն էին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը և Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը։
ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն, քննարկման մոդերատոր Աննա Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մասնագիտական կողմնորոշումը կրթություն-աշխատաշուկա կամրջի առանցքային կետն է, որը կանխորոշում և տալիս է շատ հարցերի պատասխաններ։ Անկախ նրանից, թե մասնագիտական ընտրությունն ինչքանով է կշռադատված և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան, միևնույնն է, դա ինչ-որ առումով պայմանավորում է այն հաջողությունը կամ վատագույն դեպքում՝ անհաջողությունը, որն ապագայում կլինի այս ընտրության արդյունքը։ Այնուամենայնիվ, անչափ կարևոր է, որ այս ընտրությունը լինի գիտակցված»։
Քայլ առ քայլ ներկայացնելով գործընթացը՝ բանախոսները մատնանշեցին դպրոցից բուհ և բուհից աշխատաշուկա տանող ճանապարհը և այն պայմանավորող էական գործոնները, հատկապես մասնագիտության ընտրությունը՝ առանց կողմնակի ազդեցության և գիտակցված ու կշռադատված հիմքով։
«Կրթական ծրագրեր և աշխատաշուկա համապատասխանեցում» պանելային քննարկման ժամանակ համակողմանի դիտարկվեցին բուհ-ուսանող-գործատու մեխանիզմի արդյունավետ զարգացման, ինչպես նաև մասնագիտական աշխատուժի որակի բարելավմանն ուղղված գործոնները։ Քննարկման բանախոսներն էին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչ Բաբկեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը։
Տ․ Այրումյանը, ընդգծելով համալսարանի՝ գործատուի և ուսանողի միջև անմիջական կապ ապահովող ազդեցիկ օղակ լինելը, նշեց․ «Համալսարանի հետ համագործակցությունը պարզապես անհրաժեշտություն է՝ շուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր մշակելու և մեր երկրի համար առաջընթաց ու որակ ապահովելու տեսանկյունից։ ԵՊՀ-ի հետ կնքած հուշագրի շրջանակում ամրապնդելով համագործակցությունը՝ կարողանում ենք մեր աշխատանքներում ներգրավել ԵՊՀ մեծ ներուժ ունեցող ուսանողներին և շրջանավարտներին։ Մենք՝ որպես գործատու, մեծ ուշադրություն ենք դարձնում պրակտիկ գիտելիքին։ Լինելով ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը՝ նկատում ենք դաշտում առկա հիմնական դժվարություններն ու խոչընդոտները, որոնց բախվում են թե՛ երիտասարդ մասնագետները, թե՛ մենք, հատկապես աշխատաշուկայում նրանց ներգրավելու գործընթացում»։
Կոնֆերանսի վերջին՝ «Գործատուն՝ որպես կրթական միջավայրի ապահովող» քննարկման բանախոսներն էին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Սարգսյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» ընկերության տաղանդների հավաքագրման և զարգացման գծով տնօրեն Գոռ Նազարյանը, «ՆոյՄեդ» ծրագրային ապահովման ընկերության տնօրեն Արմեն Մարգարյանն ու ԵՊՀ ուսանողներ։
Քննարկման ժամանակ ուսանողներն ու գործատուները անմիջական շփման միջոցով բարձրաձայնեցին ոլորտում առկա հարցերը, մատնանշեցին բուհ-գործատու կապի ամրապնդմանը խանգարող գործոնները և փորձեցին միասին գտնել հարցերի պատասխաններն ու խնդիրների լուծման ուղիները։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, քննարկման մոդերատոր Խաչիկ Աբաջյանի խոսքով՝ գիտելիքի «իրացման» հարթակը աշխատաշուկան է, որը թելադրում է տվյալ ժամանակահատվածում արդյունավետ գործունեություն իրականացնելու պայմաններ, իսկ բուհն իր հերթին պետք է նախապատրաստի և տա անհրաժեշտ տեսական գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի թե՛ ուսանողները, թե՛ շրջանավարտները կարողանան պրակտիկ միջավայրում լավագույնս ինքնադրսևորվել։ ԵՊՀ ՈՒԽ նախագահը անհրաժեշտ է համարում այն, որ շահառու բոլոր կողմերը հավելյալ ջանքեր ներդնեն բուհ-ուսանող-գործատու անցումը հնարավորինս սահուն կազմակերպելու համար։
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Սարգսյանը, ներկայացնելով խնդրի արդյունավետ լուծման համար պետական կառույցի կատարած քայլերն ու համալսարանի հետ փոխգործակցության առավելությունները՝ ընդգծեց․ «ԵՊՀ-ի հետ համագործակցությունը փոխշահավետ է նրանով, որ ուսանողներն ունենալու են հնարավորություն աշխատակիցների հետ կատարելու հետազոտություններ, այդ թվում՝ գրելու ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր: Նախարարության մասնագետների հետ ուսանողները կմասնակցեն հետազոտական տարբեր ծրագրերի, որոնց շրջանակում էլ կվարձատրվեն իրենց աշխատանքների համար: Արդեն ունեցել ենք հանդիպում-քննարկումներ ԵՊՀ որոշ ստորաբաժանումների հետ, որոնք կաջակցեն ուսանողների շրջանում նախարարությունում աշխատելու նկատմամբ հետաքրքրվածության բարձրացմանը»:
Կոնֆերանսին հաջորդեց ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխությունը։ Ամփոփելով տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ԵՊՀ ԳԽ հոբելյանական նիստի ընթացքում պարգևատրվեցին տարվա մրցանակակիրները:
«ԵՊՀ օլիմպիադա-2023» մրցույթի հաղթող աշակերտները պարգևատրվեցին առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով և գովասանագրերով:
«ԵՊՀ լավագույն վարչական աշխատող» անվանակարգում պարգևատրվեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ, կ.գ.թ., դոցենտ Հրանտ Ժամհարյանը:
«ԵՊՀ լավագույն գիտական աշխատող» տիտղոսին արժանացավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կ.գ.դ., դոցենտ Կարեն Ղազարյանը գիտության ոլորտում բարձր արդյունավետությամբ գործունեություն ծավալելու համար:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գալստյանը պարգևատրվեց միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում աշակերտներին ու ուսանողներին մարզելու, հաղթանակի նվաճման գործում մեծ դեր ունենալու և համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար:
«ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի՝ այս տարվա երկու մրցանակակիրներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Հովիկ Փանոսյանը («ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական մասնագիտությունների անվանակարգ) և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լիանա Գաբրիելյանը («ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական մասնագիտությունների անվանակարգ):
ԵՊՀ ոսկե մեդալի արժանացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մալխաս Ամոյանը մարզական սխրանքի, բացառիկ հաջողությունների ու հաղթանակների, մեր երկրի և համալսարանի պատիվը բարձր պահելու համար:
ԵՊՀ ծրագրավորման օլիմպիադան լավագույնս կազմակերպելու և համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար պարգևատրվեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը:
Էքսպոյում առանձին ցուցադրությամբ հանդես եկավ նաև ԵՊՀ հրատարակչությունը, որը, բացի Երևանի պետական համալսարանի հրատարակած գրքերի ցուցադրությունից, կազմակերպել էր նաև հանդիպում-քննարկումներ՝ «Մշակութային և սոցիալական հիշողությունը համալսարանական տարածքում. ինտերիերի և էքստերիերի նշանագիտությունը», «Մարդու գենետիկա. կենսաբանությունից դեպի բժշկություն», «Ինչի՞ մասին են գրում ժամանակակից գրողները․ հանդիպում ԵՊՀ շրջանավարտ գրողների հետ» և ««Harry Potter». դյուցազնագրության (fantasy) ժանրը թարգմանության համատեքստում» թեմաներով։
Ցուցահանդեսից անմասն չմնաց նաև ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը, որը համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում ներկայացրեց Երևանի պետական համալսարանի հիմնադրմանը վերաբերող նյութեր և փաստաթղթեր, ԵՊՀ տարբեր տարիների կանոնադրութրունները, Ալեքսանդր Թամանյանի նախագծած՝ ԵՊՀ-ին վերաբերող հատակագծերը, 1920 թ․ ԵՊՀ ռեկտորի առանձնասենյակի գույքի մի մասը, ԵՊՀ ռեկտորների, համալսարանը հիմնադրող պետական այրերի, անվանի դասախոսների, երախտավորների, առաջին
շրջանավարտների լուսանկարները և թանգարանային այլ նմուշներ:
Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպվել էին նաև մի շարք աշխատարաններ, խաղարկություններ, վիկտորինաներ և քվեսթներ՝ ապահովելու էքսպոյի այցելուների, հատկապես դիմորդների և ուսանողների բարձր տրամադրությունն ու խաղին զուգընթաց նոր թեմաների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն այցելուներին ծանոթացրեց կենտրոնում գործող խմբերի («Համալսարանական» թատրոն-ստուդիա, երգչախումբ, աղջիկների պարային համույթ, YSU Band, «Նիկե» կամավորական ջոկատ, երիտասարդ ստեղծագործողների ակումբ, կինոակումբ, մշակութային տեղեկատվական ակումբ) գործունեությանը, նրանց հաջողությունները, կատարված և կատարվելիք գործերը, ինչպես նաև ցուցադրեց «Համալսարանական» թատրոն-ստուդիայի պատրաստած էտյուդային համարը։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը եզրափակվեց տոնական համերգով, որի ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան «YSU Band», «Nemra» և «Lav Eli» խմբերը։