- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում». Մարիա Հովհաննիսյան
Մայիս 26, 2023 | 11:39
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
«ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում». Մարիա Հովհաննիսյան
Աշխատասեր, պատասխանատու և մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:
Թեպետ Մարիան երկար ժամանակ երկմտել է իրավագետ կամ մաթեմատիկոս դառնալու հարցում, այնուամենայնիվ բուհի ընտրության ժամանակ դրսևորել է հաստատակամություն: Ասում է՝ ծնողների կենսագործունեությունն իր համար եղել է ապացույց, որ որակյալ կրթության շնորհիվ հնարավոր է գրանցել մեծաթիվ հաջողություններ:
Հետաքրքիր է, որ ընդունվելով ԵՊՀ՝ ոչ միայն արդարացել են ապագա իրավագետի սպասելիքները, այլև բարձրացել է մասնագիտական հետագա վերելքի նշաձողը…
Երբ գիտնական դառնալը մեծագույն նպատակ է, իսկ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելը՝ դրա իրականացմանն ուղղված առաջնային քայլ:
Թեև Մարիան մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի և արժեթղթերի շուկայի բնագավառներում, այնուամենայնիվ գիտական հետաքրքրության շրջանակն ընդգրկում է միջազգային հանրային և մասնավոր իրավունքը (ԵՊՀ լավագույն ուսանողը միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող գիտական հոդվածի հեղինակ է): Այս է պատճառը, որ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի՝ նա ձգտել է իր ներդրումն ունենալ Հայաստանում իրավունքի այդ ուղղության զարգացմանը:
Այս համատեքստում նա առանձնակի կարևորում է Կարմիր խաչի կազմակերպած միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը, որտեղ կարողացել է սերտ կապեր ձևավորել Ժնևի համալսարանի պրոֆեսորի հետ:
Անդրադառնալով ձեռք բերված համագործակցության կարևորությանը՝ ԵՊՀ լավագույն ուսանողն ընդգծում է. «Փոխգործակցության շնորհիվ պրոֆեսորի հետ գիտական կապեր հաստատելու հնարավորություն է ընձեռվել նաև ֆակուլտետի այլ ուսանողների, որոնք իրենց դասախոսների և օտարերկրյա մասնագետի ուղղորդմամբ գրում են որակյալ և արժեքավոր գիտական աշխատանքներ»:
Մարիան մասնակցել է նաև Թիֆլիսում և Վիեննայում կազմակերպվող միջազգային արբիտրաժի (Vis International moot-court on international arbitration), Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ (Nuremberg International moot-court on International criminal law) դատախաղերին, ինչպես նաև աշխարհում ամենամեծ դատախաղ-մրցույթին՝ Ջեսափին (Jessup International moot-court on International Public Law)՝ թիմի հետ գրանցելով բարձր միավորներ:
Հատկանշական է, որ մասնակցելով նմանօրինակ մրցույթների՝ լավագույն ուսանողը հասանելիություն է ձեռք բերել ոլորտի՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական մի շարք ամսագրերի՝ այդկերպ նպաստելով ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության էլեկտրոնային գրականության ստեղծման և հարստացման աշխատանքներին:
Նպատակակետին հասնելու «պայքարում» ԵՊՀ կրթությունը դառնում է հաղթանակի գրավական, որն ուղեկցում է լավագույնի կոչմանը ձգտող ուսանողին:
Դեպի նոր ձեռքբերումներ տանող ճանապարհին Մարիան հանդիպել է խոչընդոտների, որոնք, նրա խոսքով, հաղթահարվել են գիտելիքների շնորհիվ:
Անդրադառնալով իր կայացման գործում համալսարանի դերակատարմանը՝ լավագույն ուսանողը փաստում է. «ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի ոչ միայն գիտակրթական ոլորտում, այլև կյանքի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում, ուստի չեմ վարանի ասել, որ գրանցածս ձեռքբերումները համալսարանի շնորհիվ են: Լիահույս եմ՝ տարիներ անց ինքս կկարողանամ նպաստել համալսարանի զարգացմանը…»: