- Գլխավոր
- Նորություններ
- Վերանորոգված նոր ընթերցասրահ ԵՊՀ-ում
Հունիս 09, 2023 | 15:00
Գործընկերներ
Գրադարան
Ուսանողական
Վերանորոգված նոր ընթերցասրահ ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում այսօր տեղի ունեցավ գրադարանի № 503 վերանորոգված ընթերցասրահի վերաբացումը: Ներկաները շրջեցին ընթերցասրահում՝ ծանոթանալով պայմաններին ու ընձեռած հնարավորություններին:
Ընթերցասրահը վերանորոգվել և կահավորվել է Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ի նշան շնորհակալության և երկարատև համագործակցության՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը ԵՊՀ արծաթե հուշադրամներ հանձնեցին «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանում ժամանակակից կահավորմամբ ու լայն հնարավորություններով հագեցած ևս մեկ ընթերցասրահ ունենալը, շեշտեց. «Նորաբաց ընթերցասրահն արդեն իսկ սիրված է, ինչի մասին են վկայում այստեղ պարբերաբար կազմակերպվող տարաբնույթ քննարկումները և մեծաթիվ ուսանողների այցերը»:
ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի շահ համալսարանի, գրադարանի, ուսանողների և դասախոսների:
«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների համագործակցության և հատկապես վերջին տարիներին այն առավել ամրապնդելու համար:
«Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ ԵՊՀ-ի զարգացման գործում և նախատեսում ենք ընդլայնել բուհի հետ մեր կապերը՝ դիտարկելով համագործակցություններ նաև գրադարանի շրջանակներից դուրս»,- նշեց Ա. Չոբանյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանն ընդծեց, որ «Իզմիրլյան» հիմնադրամը ԵՊՀ-ի համար ռազմավարական և շատ կարևոր գործընկեր է:
Բարձր գնահատելով ԵՊՀ ռեկտորի ջանքերն ուսանողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցում՝ Մ. Հայրապետյանը շեշտեց. «Որպես համալսարանի շրջանավարտ՝ լավագույնս գիտակցում եմ, թե որքան կարևոր են մի կողմից բովանդակային բարեփոխումները, մյուս կողմից՝ ուսանողի համար համապատասխան միջավայրի ապահովումը, ինչը հնարավորություն կտա կենտրոնանալու բացառապես կրթության վրա»:
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ընթերցասրահի վերանորոգման աշխատանքներին:
«Փորձում ենք ուսանողների համար ստեղծել այն միջավայրը, որն ապահովում են արտասահմանյան լավագույն բուհերը: Օտարերկրացի մեր հյուրերի արձագանքն ու կարծիքները վկայում են, որ դա հաջողվում է, ինչը շատ հաճելի է մեզ համար»,- ասաց Ե. Միրզոյանը:
Նշենք, որ ընթերցասրահում առկա է ճշգրիտ գիտություններին առնչվող գրականություն։ Ընթեցասրահը բաց է բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-21:00-ն: