- Գլխավոր
- Նորություններ
- Եվրոպագիտության ուսումնասիրման կարևորությունը 21-րդ դարում
Սեպտեմբեր 14, 2023 | 01:01
Կրթական ծրագրեր
Կրթություն
Մարդու իրավունքներ
Եվրոպագիտության ուսումնասիրման կարևորությունը 21-րդ դարում
Գլոբալացման դարաշրջանում առանձնակի դերակատարում ունեն դիվանագիտական ծանրակշիռ կառույցները, որոնց գործունեության և իրենց հատուկ ռազմավարության մասին համակողմանի ու խոր տեղեկացվածությունը բերում է միջպետական արդյունավետ և փոխշահավետ գործակցության։
Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտի մասին լիարժեք պատկերացում կազմելու շնորհիվ հասկանում ենք, թե ինչպես են գործում եվրոպական խոշորագույն կառույցները և ինչ մարտահրավերների են հանդիպում, ինչպես են կարգավորվում ԵՄ համայնքի սոցիալական հարցերը, ինչ քայլեր են ձեռնարկվում ոլորտի զարգացման ուղղությամբ և թե որ փուլում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Բացի նշյալ հայեցակետերից՝ անդրադարձ է կատարվում նաև եվրոպական մշակույթներին, պատմությանը, տնտեսությանը և լեզուների ուսումնասիրությանը։
Վերոգրյալի վերաբերյալ ընդգրկուն գիտելիքներ և հմտությունների զարգացման հնարավորություններ է ընձեռում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, որը 2006 թվականից առաջարկում է միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրեր, միջազգային ակադեմիական շարժունություն իրականացնելու, ինչպես նաև փորձագիտական հետազոտությունների մասնակցելու հնարավորություն:
Կենտրոնում գործում են «Եվրոպագիտություն», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում (Բելառուս)», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում (Ուկրաինա)», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում (Վրաստան)», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում (Մոլդովա)», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն (Ղրղզստան)» մագիստրոսական կրթական ծրագրերը։
«Եվրոպագիտություն» միջմասնագիտական կրթական ծրագիրն իրականացվում է 1,5 տարի, իսկ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը»՝ 1 տարի։
«Եվրոպագիտություն» կրթական ծրագրում սովորելու դեպքում ուսումնառության երկրորդ կիսամյակում սովորողները հնարավորություն են ստանում մասնակցելու «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության որևէ ծրագրի (ցանկության դեպքում), իսկ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» կրթական ծրագրի ուսանողներն առաջին կուրսի երկրորդ կիսամյակում պարտադիր ընտրում են կրթական ծրագրի գործընկեր համալսարաններից որևէ մեկը (Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական, Կենտրոնական Ասիայի ամերիկյան, Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային, Մոլդովայի պետական համալսարաններ) և այնտեղ շարունակում կրթությունը, սակայն մագիստրոսական թեզերի պաշտպանությունն իրականացվում է Երևանի պետական համալսարանում։
Կրթական ծրագրեր իրականացնելուց զատ՝ կենտրոնն ակտիվորեն ներգրավված է գիտահետազոտական նախագծերում, որոնցում մեծ դերակատարում ունեն նաև ամեն տարի դասընթացների, հետազոտական ծրագրերի մասնակցող ուսանողները: Որպես այս ամենի վերջնարդյունք՝ գիտական ղեկավարի հետ հաջողված գիտական աշխատանք ներկայացնելու պարագայում այն տպագրվում է միջազգային գրախոսվող պարբերականում։
Կենտրոնն արդեն ունի ավելի քան 200 շրջանավարտ, որոնցից 50-60 տոկոսն աշխատում է մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում: Նրանք աշխատանքային գործունեություն են ծավալում նաև պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում և այլուր։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։