- Գլխավոր
- Նորություններ
- 50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
Հոկտեմբեր 15, 2018 | 11:53
Հասարակություն
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին:
Նա սկսել է աշխատել համալսարանում, երբ դեռ ուսանող էր և սովորում էր Հայ բանասիրության ֆակուլտետում. «Ընդունվեցի աշխատանքի Քիմիայի ֆակուլտետում, իսկ աշխատողների հետ հանդիպումը պարզ, մարդամոտ ու անմիջական էր»:
Տիկին Նելլիի բնորոշմամբ, համալսարանն իր երկրորդ տունն է. «Կես դար համալսարանում եմ, որը, կարծում եմ, երկար ժամանակ է: Այստեղ՝ իմ երկրորդ տանը, ես ապրում, սիրում, նվիրվում, թախծում ու ուրախանում եմ»:
Նրա խոսքով, 50 տարիների ընթացքում համալսարանը մշտապես ներկայացել է նորովի, ուսանողները քայլել են ժամանակին համահունչ:
Գևորգյանը պատմեց, որ համալսարանում կազմակերպված համարյա բոլոր միջոցառումների անբաժան մասնակիցն է եղել. «Անմոռանալի էր հատկապես Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը: Աշխարհահռչակ գրողը ԵՊՀ եկել էր լույս բաշխելու»:
Միջոցառումներից զատ՝ Գևորգյանի հուշերում տպավորված են զվարճալի դեպքերն ու իրադարձությունները.« Հիշում եմ, որ մի անգամ անվանի հոգեբան Էլդա Գրինը լսարան մտավ տարբեր կոշիկներով: Իմ զգուշացմանը, թե կոշիկները տարբեր են, նա պատասխանեց` այլևս ուշ է, Նելլի՛ ջան»:
Գեղեցիկ հուշերից, տպավորություններից բացի՝ եղել են նաև հիասթափություններ, որոնց Գևորգյանը պատասխանել է արհամարհանքով. «Մարդիկ չարությամբ են լցված միմյանց հանդեպ, և դա շատ է խանգարել ու խանգարում ինձ: Այնուամենայնիվ, իմ լավագույն պատասխանն արհամարհանքն է»:
Տիկին Նելլին կարծում է, որ համալսարանին պակասում են մարդկային ջերմ հարաբերությունները. «Սերն ու հարգանքը պակասում են: Մարդկանց ջերմություն է անհրաժեշտ, քանի որ դրանից թանկ բան չկա այս աշխարհում»:
Այդ է պատճառը, որ ամեն օր Ն. Գևորգյանն իր ջերմությունից մի պատառիկ թողնում է սենյակում. «Յուրաքանչյուրը, ով մտնի իմ սենյակ, հաստատ կզգա իմ թողած ջերմությունը, սերը, նվիրումը»:
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ ստեղծագործում է: Նրա գեղեցիկ ու հետաքրքիր կոլաժները զարդարում են ցուցասրահների պատերը: Տիկին Նելլին ունի կոլաժներ, որոնք նվիրել է ԵՊՀ-ին. «Բնությունն իմ ստեղծագործությունների առարկան է. յուրաքանչյուր թուփ, տերև դառնում են ստեղծագործության առարկա»:
Հետաքրքիր է այն , որ տիկին Նելլին ստեղծագործում է միայն ձմռանը, այն էլ՝ երեկոյան:
Անգին Խաչատրյան