- Գլխավոր
- Նորություններ
- Քննադատական մտածողության զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 24, 2023 | 12:07
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Քննադատական մտածողության զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում
ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում համալսարանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, աշխարհագրագետ և մարդաբան Մարիա Գունկոն։
Այս ուսումնական կիսամյակից սկսած՝ մինչև 2025 թվականը՝ հետազոտության ավարտը, հրավիրյալ դասախոսը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում դասավանդելու է «Քաղաքաշինական ուսումնասիրություններ» առարկան (շաբաթական երկու ակադեմիական ժամ):
Բարձր գնահատելով այս համագործակցությունը՝ Մարիա Գունկոն կարևորում է ոչ միայն գիտելիքի և փորձի փոխանակումը, այլև դրամաշնորհի շրջանակում կատարվող հետազոտությունը։
Մարիա Գունկոն ՀՀ Լոռու մարզում հետազոտություն անցկացնելիս է եղել, երբ ստացել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արամ Վարտիկյանի առաջարկը՝ մասնակցելու գիտահետազոտական դրամաշնորհին:
Հետազոտությունը, որին մասնակցում է Մարիա Գունկոն, վերաբերում է Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի որոշ արդյունաբերական քաղաքների իմաստային, մորֆոլոգիական, տնտեսական և կառուցվածքային փոփոխություններին։ Առաջիկայում նախատեսվում է տեղական այս քաղաքների փորձը համեմատել հետարդյունաբերական այլ քաղաքների փորձի հետ։ Համեմատվելու են մինչ այժմ կիրառված այն ծրագրերը, որոնք միտված են «վերակենդանացնելու» այդ քաղաքները արդյունաբերական անկումից հետո։
Մեզ հետ զրույցում անդրադառնալով հետազոտության թեմային՝ Մարիա Գունկոն նշեց. «ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Վերմիշյանի և կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արամ Վարտիկյանի հետ համատեղ ուսումնասիրում ենք Հայաստանի հետարդյունաբերական քաղաքների կյանքն ու տնտեսությունը: Հետազոտության շրջանակում կազմակերպված հանդիպումների ժամանակ հաճախ քննարկում և փորձում ենք մշակել հետազոտության օրակարգը, հստակեցնում ենք այն քաղաքների ցանկը, որոնք նախատեսում ենք ուսումնասիրել։ Սակայն, դրամաշնորհի շրջանակում իմ հիմնական պարտականությունը դասավանդելն է»:
Օքսֆորդի համալսարանի դոկտորի դասախոսությունները նվիրված են տեղական և միջազգային քաղաքների տեսակներին, դրանց զարգացման նախապատմական ու պատմական փուլերին:
Դասախոսությունների շրջանակում սովորողներն ուսումնասիրում են ժամանակակից, նախամոդեռն, հետմոդեռն, գաղութային և հետգաղութային քաղաքների առանձնահատկությունները։
«Ուսանողներին ներկայացնում եմ նաև պատմություններ աշխարհի խոշոր քաղաքների կազմավորման մասին՝ բացատրելով, թե ինչպես են դրանք զարգացել ժամանակի ընթացքում: Հաճախ քննարկում ենք ոլորտում առկա տարբեր հարցեր, օրինակ՝ ի՞նչ է ենթաուրբանիզացիան, ո՞րն է քաղաքային ագլոմերացիան, ի՞նչ է ուրբանիզացիան և այլն»,- պատմեց Օքսֆորդի համալսարանի դոկտոր Մարիա Գունկոն՝ անդրադառնալով նաև դասավանդման իր մեթոդների առանձնահատկություններին։
Հրավիրյալ դասախոսը դասավանդման անհատական մեթոդներ է մշակում յուրաքանչյուր ուսանողի համար՝ հիմք ընդունելով տվյալ ուսանողի ունակություններն ու հետաքրքրության շրջանակը։
Մարիա Գունկոն իր ուսանողների հետ որոշ դասեր անցկացնում է արտալսարանային պայմաններում՝ այցելելով Հայաստանի տարբեր քաղաքներ՝ տեսական դասերը զուգակցելով գործնականի հետ: Հրավիրյալ դասախոսի հիմնական նպատակն է զարգացնել ուսանողների քննադատական մտածողությունը, վերլուծություններ կատարելու և սեփական կարծիքն արտահայտելու կարողությունները։
Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցությանը՝ Մարիա Գունկոն հավաստիացրեց, որ այն լինելու է շարունակական։
Ավելին՝ տեսանյութում:
Տեսանյութ