- Գլխավոր
- Նորություններ
- Սոցիալական աշխատողի դերը ճգնաժամի հաղթահարման գործում. գիտաժողով ԵՊՀ-ում
Նոյեմբեր 06, 2023 | 16:30
Գիտություն
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Հասարակություն
Սոցիալական աշխատողի դերը ճգնաժամի հաղթահարման գործում. գիտաժողով ԵՊՀ-ում
Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համագործակցության շրջանակում կազմակերպվեց «Արցախ 2020-2023. սոցիալական հիմնախնդիրները և սոցիալական աշխատողի քաղած դասերը» խորագրով գիտաժողովը:
Սոցիալական աշխատողի առաքելությունն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անհատներին, խմբերին և համայնքներին աջակցություն տրամադրելը, ինչպես նաև սոցիալական տարբեր հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգումը: Սոցիալական աշխատողները մանրակրկիտ ուսումնասիրում և գնահատում են յուրաքանչյուր շահառուի խնդիրները և վերջինիս ակտիվ մասնակցությամբ փորձում գտնել ռեսուրսներ և մեթոդներ հիմնախնդրի օպտիմալ կարգավորման համար:
2020-2023 թթ. ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում առաջացած մի շարք սոցիալական հիմնախնդիրները (COVID-19 համավարակ, 44-օրյա պատերազմ, Արցախի շրջափակում) իրենց սոցիալ-հոգեբանական մեծ ազդեցությունը թողեցին հասարակության վրա։ Հերթական ճգնաժամը 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանումն էր, որը դեռևս կպահանջի միջնաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական միջամտություններ։ Այս պահի դրությամբ սոցիալական աշխատողները համակարգում են քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված գործընթացները՝ կարիքների արագ գնահատումն ու աջակցության ծրագրերի մշակումը։
ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովի շրջանակում քննարկվեցին սոցիալական աշխատողների կատարած աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանը վերլուծեց հուզական արձագանքի և պրոֆեսիոնալ աշխատանքի բախումը և մասնագիտական համայնքի դատին ներկայացրեց ճգնաժամային պայմաններում աջակցության ձևերի կատարելագործման հնարավորությունները։
Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների ապահովման վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Էլինե Սանթրոսյանը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ընդունման կայանների փորձը։ Նա նշեց, որ ի տարբերություն 2020 թ․ ռազմական իրադրությամբ պայմանավորված՝ Երևանում ստեղծված ընդունող կայանի՝ 2023 թվականին ոչ միայն Երևանում, այլև Գորիսում և Վայքում տեղակայված ընդունող կայանների աշխատանքն առավել մարդակենտրոն էր: Բազմաթիվ արցախցիներ դիմում էին աջակցություն ստանալու նպատակով և ստանում էին անհրաժեշտ առաջին օգնություն, ինչպես նաև լուծվում էր ժամանակավոր կացարաններ տրամադրելու հարցը: 2020 թվականին կատարված աշխատանքների վերլուծությունը և միջազգային փորձի ուսումնասիրությունը հնարավորություն տվեցին մի շարք դասեր քաղելու և ընդունող կայանների աշխատանքն առավել մարդակենտրոն կազմակերպելու համար։
Մեր երկրում ստեղծված իրադրության առաջին իսկ օրերից սոցիալական աշխատողների կողքին էին և Արցախից բռնի տեղահանվածներին տարբեր ուղղություններով աջակցության տրամադրման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված էին ԵՊՀ ուսանողներն ու աշխատակիցները: Կամավորների կատարած աշխատանքներն անգնահատելի դեր ունեցան աջակցության կարիք ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելու գործում:
«Սոցիալական աշխատանք» բակալավրիատական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Լարիսա Հարությունյանը ներկայացրեց կամավորության իր փորձը․ «Մենք գործնականում տեսանք այն, ինչի մասին մեզ պատմել են մեր դասախոսները, կիրառեցինք մեր ստացած գիտելիքները գործնականում։ Մենք սովորեցինք աջակցող լինել և միևնույն ժամանակ՝ զգոն և ուշադիր, լսել կորուստ ապրած անձանց և զգույշ լինել՝ համապատասխան բառեր գտնելով նրանց հետ խոսելիս»։
Ամփոփելով գիտաժողովի շրջանակում քննարկված թեմաները՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանը ընդգծեց, որ նախատեսվում է այս գիտաժողովին ներկայացված զեկուցումները հրապարակել որպես հոդվածներ, որոնք հնարավորություն կտան գիտական հայեցակարգման ենթարկել ճգնաժամային միջամտությամբ պայմանավորված մասնագիտական եզակի փորձառությունը, ինչը տեսական հենք կստեղծի բռնի տեղահանվածների հետ սոցիալական աշխատանքի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների մշակման համար։
Նշենք, որ գիտաժողովը նվիրված էր ԵՊՀ դոցենտ Արտակ Խաչատրյանի 70-ամյակին, որը կարևոր ներդրում է ունեցել Արցախում «Սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացման և սոցիալական աշխատողների դերակատարման մեծացման գործում։
Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, մասնավորապես փոխնախարար Աննա Ժամկոչյանը, ԿՍԱԳՀ խորհրդական Եվգինե Վարդանյանը, Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների ապահովման վարչության ընտանիքների սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին և ԱՍՀՆ սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության գծով խորհրդատու Գոհար Խաչատրյանը։
Հավելենք, որ սոցիալական աշխատողի մասնագիտությունն ունեցող կադրերի պահանջարկով պայմանավորված՝ ԵՊՀ-ն մշակել է «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» մագիստորսական կրթական ծրագիրը։ Այս ծրագրի նպատակներից է սոցիալական աշխատանքում համապատասխան փորձ ունեցող անհատներին մասնագիտական կրթություն և որակավորում ստանալու հնարավորություն ընձեռելը, ինչը կօգնի ճգնաժամային իրավիճակում հայտնված քաղաքացիների հետ իրենց աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։