- Գլխավոր
- Նորություններ
- Հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում
Հունվար 19, 2024 | 12:22
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում
Գիտահետազոտական աշխատանքների խթանման, միջազգային հարթակներում հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացվածության ապահովման, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով ԵՊՀ-ում ստեղծված Ակադեմիական գրագրության կենտրոնն իր գործունեությունը հաջողությամբ շարունակում է՝ ակադեմիական գրագրության բնագավառում աջակցելով երիտասարդ հետազոտողներին։
Ակադեմիական գրագրության կենտրոնը բացվել է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին որպես ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին միջազգային գիտական հանրության մեջ ներգրավելու գործիքներից մեկը: Կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ միտված հետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, հետազոտական կարողությունների, գիտական տեքստեր գրելու հմտությունների զարգացմանը: Լինելով կրթական հարթակ՝ կենտրոնը նաև համատեղ նախագծերի կատարման, գիտական համագործակցության և հաղորդակցության համար մասնագիտական յուրատիպ միջավայր է: Կենտրոնի շնորհիվ արդեն իսկ չորս ասպիրանտներ կատարելագործել են իրենց գիտական հետազոտությունները, այդ թվում՝ թեկնածուական ատենախոսություններն ու գիտական հոդվածները։ Ի թիվս այլ գործառույթների՝ 2023 թ․ հոկտեմբեր ամսից կենտրոնում մեկնարկել է նաև ԵՊՀ ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին, երիտասարդ հետազոտողներին, գիտաշխատողներին և պրոֆեսորադասախոսական կազմին անհատական խորհրդատվություններ տրամադրելու գործընթացը։
Դոկտորական կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ներկայացնելով իրենց աշխատանքը, նշեց, որ ներկայում ունեն ութ խորհրդատուներ, որոնք հոդվածներ խմբագրելու, ինչպես նաև հայկական և արտասահմանյան ամսագրերում գիտական աշխատանքներ տպագրելու մեծ փորձառություն ունեցող ԵՊՀ դասախոսներ են Միջազգային հարաբերությունների, Կենսաբանության, Սոցիոլոգիայի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներից, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտից։ Նախատեսում են առաջիկայում կենտրոնի խորհրդատվական աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների։
Ակադեմիական գրագրության կենտրոնում ստացած խորհրդատվության շնորհիվ հետազոտողն իր գիտական հոդվածները համապատասխանեցնում է միջազգային գիտական ամսագրերի պահանջներին։
«Խորհրդատվության ժամանակ քննարկվում են հետազոտության շարադրանքը, կառուցվածքը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և այլ հարցեր, կատարում անհրաժեշտ աշխատանքներ։ Այս պարագայում միջազգային գիտական պարբերականներում հոդվածի հրապարակման հավանականությունն ավելի մեծ է լինում»,-ասաց Արմեն Սարգսյանն ու ընդգծեց, որ հետազոտողը, գիտական վարկանիշային հանդեսում հոդվածը հրատարակելով, նպաստում է նաև բաց գիտության քաղաքականության զարգացմանն ու հայտնի դառնում գիտական ավելի լայն շրջանակների։
Դոկտորական կրթության կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ խորհրդատուն մեթոդաբանական աջակցությամբ կարող է օգտակար լինել տարբեր ոլորտների մասնագետների․ «Խորհրդատուն չի փոխարինում գիտական ղեկավարին, պարզապես լրացուցիչ մասնագիտական, մեթոդաբանական աջակցություն է տրամադրում դիմորդին։ Ներկայում խրախուսվում են միջմասնագիտական հետազոտությունները, և այս պարագայում, միջգիտակարգային թեմատիկ առանձնահատկություններից ելնելով, հետազոտողի համար նպատակահարմար է հետազոտական աշխատանքը կատարելիս մեկ այլ մասնագետի տեսակետին ևս հաղորդակից դառնալ։ Կենտրոնում ներդրված փորձագետների ինստիտուտը միտված է նաև այս գործառույթին»։
ԵՊՀ ասպիրանտ Արուսյակ Շիրինյանն այն հետազոտողներից է, որն օգտվել է Ակադեմիական գրագրության կենտրոնի ընձեռած հնարավորություններից՝ իր հետազոտություններն ամբողջացնելու գործում խորհրդատվություն ստանալով կենտրոնի մասնագետներից։
«Ես ուսումնասիրում եմ ժամանակի ընկալումը հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ, թեման շատ հետաքրքիր է և բավականին բարդ։ Հետազոտությունս հայեցակարգային առումով ձևավորված չէր, և ներածության կառուցվածքի հարցում լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտություն կար»,- ասաց Ա․ Շիրինյանն ու հավելեց, որ խորհրդատուի հետ քննարկել է թե՛ ատենախոսության տեքստի կառուցվածքը, թե՛ մեթոդաբանությունը՝ ամբողջացնելով աշխատանքը։
Ասպիրանտը խորհրդատուի հետ քննարկել է նաև իր հերթական գիտական հոդվածի կառուցվածքը՝ ստանալով համապարփակ խորհրդատվություն․ «Խորհրդատուի հետ կայացած պարբերական հանդիպումների արդյունքում ստացել եմ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։ Հետազոտությունս գիտական ավելի լայն հանրույթին հասանելի դարձնելու համար ինձ ներկայացվել է նաև հոդվածներս Scopus միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված հանդեսներում հրապարակելուն վերաբերող տեղեկություններ։ Սա լավ հնարավորություն է նաև միջազգային համագործակցութուն ձեռք բերելու համար»։
Բարձր գնահատելով իր գիտական ղեկավարի մասնագիտական օգնությունը, ասպիրանտն ընդգծեց, որ հավելյալ գիտելիքներ ստանալու տեսանկյունից Ակադեմիական գրագրության կենտրոնի ընձեռած հնարավորությունը բավականին արդյունավետ է։
Ակադեմիական գրագրության կենտրոնում խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ԵՊՀ կայքէջի «Ակադեմիական գրագրության կենտրոն» բաժնի «Խորհրդատվություն» ենթաբաժնում, որտեղ ներկայացված են խորհրդատուներն ու իրենց աշխատանքային ժամերը։ Քննարկումը կազմակերպվում է ինչպես դիմորդի ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով։ Խորհրդատվությունն անվճար է, տրամադրվում է բանավոր և գրավոր տարբերակներով։
Նշենք, որ Դոկտորական կրթության կենտրոնի կազմում գործող Ակադեմիական գրագրության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտորի հետևողական աջակցությամբ։ Կենտրոնն իր գործառույթների շրջանակում կազմակերպում է նաև դասախոսություններ ԵՊՀ ուսանողների, ասպիրանտների, հայցորդների, երիտասարդ հետազոտողների համար։ Հիմնադրման օրից կենտրոնում ԵՊՀ, ինչպես նաև արտերկրի՝ Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան, Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր, Դորտմունդի տեխնիկական, Կորեայի Սունգսիլի համալսարանների դասախոսներն անցկացրել են ակադեմիական ոլորտին առնչվող ավելի քան մեկ տասնյակ դասախոսություն։
Ակադեմիական գրագրության կենտրոնը, ներգրավելով նաև օտարերկրյա լավագույն մասնագետներին, նպատակ ունի շարունակելու միջազգային գիտական կապերի ամրապնդման քաղաքականությունը՝ նպաստելով համալսարանի գիտահետազոտական ուղղության զարգացմանը։