- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ֆիզիկական քիմիայի լաբորատորիան կվերազինվի նոր սարքավորումներով
Հունվար 22, 2024 | 15:53
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ ֆիզիկական քիմիայի լաբորատորիան կվերազինվի նոր սարքավորումներով
ԵՊՀ քիմիական հետազոտությունների կենտրոնի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք թույլ կտան ավելի բարձր հարթության վրա տեղափոխելու հեղուկ լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ արդյունքները տպագրելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և ներկայացնելով միջազգային գիտաժողովներում։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ձեռք կբերվեն վերջին սերնդի ավտոմատ միկրոմածուցիկաչափ (Lovis 2000 M), անխափան սնուցման սարքեր և փոփոխական ծավալով մեխանիկական ճշգրիտ միկրոպիպետ: Սարքերը հնարավորություն կտան ապահովելու լաբորատորիայի անխափան աշխատանքը և կատարելու հետազոտություններ մածուցիկաչափական մեթոդով՝ ունենալով առավել ճշգրիտ գիտական արդյունքներ:
Կարևորելով լաբորատորիայի վերազինումը՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ., ավագ գիտաշխատող Հասմիկ Սարգսյանը նշեց, որ հատկապես միկրոմածուցիկաչափի ձեռքբերումը խիստ անհրաժեշտություն էր լաբորատորիայի համար:
«Մինչ այժմ մենք աշխատել ենք ավելի վաղ շրջանի մածուցիկաչափերով (Օստվալդի և Ուբելոդեի մազանոթային մածուցիկաչափեր), որոնք, ի տարբերություն նոր սարքի, բավականին աշխատատար են, չեն բավարարում ներկայիս պահանջներին և զիջում են իրենց զգայունությամբ և չափման ճշգրտությամբ»,- ասաց Հասմիկ Սարգսյանը:
Նոր ավստրիական միկրոմածուցիկաչափն իր ամբողջական լրակազմով հնարավորություն կտա չափելու լուծույթների հարաբերական, բնութագրական, կինեմատիկ և դինամիկ մածուցիկությունները, ինչպես նաև պոլիմերների մոլեկուլային զանգվածները: Չափումները hնարավոր է կատարել ջերմաստիճանի (5°C-ից մինչև 100°C) և մածուցիկության (0.3-ից մինչև 10.000 մՊա•վ) լայն տիրույթներում: Պահանջվում է ուսումնասիրվող նմուշի փոքր քանակություն (0․1-0․8 մլ)։ Այն զբաղեցնում է փոքր տարածք: Չափումները կատարվում են շատ արագ. առաջին արդյունքները ստացվում են չափումից ընդամենը 30 վայրկյան հետո: Սարքը ցուցաբերում է բարձր կայունություն ագրեսիվ նմուշների նկատմամբ:
Դոցենտը շեշտեց. «Սարքի կիրառումը թույլ կտա ոչ միայն ուսումնասիրել կենսաբանական, կենսաբժշկական, քիմիական համակարգեր, այլև խթան կհանդիսանա ուսումնական գործընթացների բարելավման համար՝ կիրառվելով, օրինակ, մագիստրատուրայի դասընթացներում, մագիստրոսական թեզերի և թեկնածուական ատենախոսությունների համար կատարվող աշխատանքներում և այլն»:
Հասմիկ Սարգսյանն ընդգծեց, որ նոր միկրոմածուցիկաչափը հնարավորություն կտա զարգացնելու ամբիոնի՝ մածուցիկաչափական մեթոդով նախկինում կատարած ուսումնասիրությունները և կյանքի կոչելու գիտական նոր նախագծեր՝ խթանելով գիտական հրապարակումները և միջազգային գիտաժողովներին մասնակցությունը: