- Գլխավոր
- Նորություններ
- Օրգանիզմում թթուների հավասարակշռությանն առնչվող հարցերը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում
Հունվար 29, 2024 | 11:18
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Օրգանիզմում թթուների հավասարակշռությանն առնչվող հարցերը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում
Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից է երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ապահովումը գիտահետազոտական աշխատանքներում: Այդ նպատակով համալսարանականների համար ստեղծվում է ակադեմիական անհրաժեշտ միջավայր (նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ և տեխնոլոգիական ռեսուրսներ)՝ արդիական հետազոտություններ կատարելու, նոր գաղափարներ ուսումնասիրելու և ստեղծելու համար:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Թամարա Աբաղյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023»-ի հաղթողներից է: Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է ծրագրի շրջանակում կատարվող ուսումնասիրության թեմային, սահմանած նպատակներին, ինչպես նաև հետազոտության արդյունքում ստացած տվյալները գործնականում կիրառելու հնարավորություններին։
Պատմում է ինքը՝ Թամարան:
Երբ ընդունվեցի ԵՊՀ .․․․
Սկզբում գիտության հանդեպ հետաքրքրությունս այդքան էլ մեծ չէր, սակայն համալսարան ընդունվելուց հետո իմ առջև նպատակ դրեցի սեփական ներդրումն ունենալու գիտության մեջ: Ծանոթանալով համալսարանականների հետազոտական աշխատանքներին, տեսնելով նրանց գրանցած հաջողությունները, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները և, ընդհանուր առմամբ, հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը՝ ոգեշնչվեցի և որոշեցի առաջ քաշել նորարարական գաղափարներ՝ հետամուտ լինելով դրանց իրագործմանը: Ոգևորիչ է նաև այն փաստը, որ գիտահետազոտական աշխատանքներ կատարողների մեծ մասը երիտասարդներ են, ինչը վկայում է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է դառնալ գիտական միջավայրի մի մասնիկը: Այժմ և՛ պետությունը, և՛ համալսարանը մեծ աջակցություն են ցուցաբերում գիտությամբ զբաղվող երիտասարդներին՝ դրամաշնորհային տարբեր ծրագրերի շրջանակում հետազոտական աշխատանքներ կատարելու, գիտաժողովների մասնակցելու բազում հնարավորություններ ընձեռելով: Ներկայում կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանի ղեկավարությամբ ուսումնասիրություններ եմ կատարում ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում:
Ես ուսումնասիրում եմ .․․․
«Օրգանական թթուների ազդեցությունը մանրէների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հիմնական բնութագրիչների վրա»․ ուսումնասիրությանս թեման է։ Հիմա դիտարկում ենք կարճ շղթայով ճարպաթթուների` պրոպիոնաթթվի, քացախաթթվի և կարագաթթվի ազդեցությունը գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների կենսաէներգետիկական, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական պարամետրերի վրա։ Թթուներն ունեն մանրէասպան հատկություն և օգտագործվում են սննդանյութերի, դեղորայքի մեջ։ Դրանք նաև արտադրում են հենց մանրէները։ Այսինքն, մեր օրգանիզմում, մասնավորապես՝ աղիներում, շատ առատ է միկրոբիոտան։ Վերջերս պարզվել է, որ օրգանիզմում այդ թթուների հավասարակշռության խախտումը կարող է առաջացնել տարբեր, օրինակ, նյարդային զարգացման հետ կապված հիվանդություններ։ Եվ մեզ հետաքրքրեց, թե այս թթուները, եթե ինչ-որ ձևով ազդում են հիվանդությունների առաջացման վրա, կարո՞ղ են ազդել նաև մարդու օրգանիզմի միկրոբիոտայի բակտերիաների պարամետրերի վրա, քանի որ հիվանդության առաջացումը ինչ-որ պարամետրերի խախտում է։ Այժմ մեր փորձարկումները դեռևս կատարում ենք առանձին բակտերիաների վրա, բայց քանի որ մարդու օրգանիզմում բակտերիաների համակեցություն է, նախատեսում ենք հետագայում նաև դիտարկել թթուների ազդեցությունը համակեցությունների վրա։
Հետազոտության արդյունքում .․․․
Հետագայում, երբ հասկանանք, թե թթուների հավասարակշռության խախտումն ինչպես է ազդում բակտերիաների վրա, կարող ենք ստացված արդյունքն օգտագործել որպես կանխարգելման միջոց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման դեմ։ Ներկայում շատ տարածված են աուտիզմի, ալցհայմերի, պարկինսոնի հիվանդությունները, որոնց կանխարգելման միջոցները դեռ պարզ չեն, չկա նաև վերջնական բուժում։ Մեր հետազոտության արդյունքների հիման վրա հնարավոր կլինի այդ հիվանդությունների բուժման կամ կանխարգելման մեթոդներ գտնել։
Երբ հասկանանք, թե ինչպես կարելի է օրգանիզմում պահպանել թթուների ու բակտերիաների հավասարակշռությունը, կկարողանանք օրգանիզմը բերել մի կետի, որով հնարավոր կլինի կանխարգելել կամ նվազեցնել այդ հիվանդությունների առաջացման ռիկսը, նվազեցնել նախանշանները։