- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են դարչինի եթերայուղի մանրէասպան ազդեցությունը
Հունվար 31, 2024 | 14:04
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են դարչինի եթերայուղի մանրէասպան ազդեցությունը
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում, ուսումնական գործընթացին զուգահեռ, կատարվում են նաև գիտահետազոտական տարբեր աշխատանքներ, որոնց արդյունքները հոդվածների տեսքով ներկայացվում են գիտական հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով համալսարանի միջազգայնացմանն ու միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում համալսարանականների գիտական հրապարակումների թվաքանակի աճին:
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դոցենտ Անի Դադայանի գիտական աշխատանքների մի մասը նվիրված է գալենային և նորգալենային դեղապատրաստուկների ստացմանը, Հայաստանում աճող դեղաբույսերից կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութերի անջատմանը և դրանց պոտենցիալ կենսաակտիվության ներուժի բացահայտմանը։
Անի Դադայանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձարարական աշխատանքների ընթացքում Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի (գործարանային) լաբորատորիայում տարբեր դեղաբույսերից կատարվել է եթերայուղերի անջատում, ինչպես նաև հակամանրէային հատկությունների ուսումնասիրություն:
«Մեր ուսումնասիրության դաշտում էր մեխակի եթերայուղը, որի հակամանրէային հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն օժտված է որոշ մանրէների աճը ճնշող ակտիվությամբ»,- նշեց նա:
Մեխակի եթերայուղի անջատումից հետո Անի Դադայանը ձեռնարկել է դարչինի եթերայուղի անջատումը՝ նպատակ ունենալով խառնելու այն մեխակի եթերայուղի հետ: Այս փորձի սպասելի արդյունքը առավել վառ ընդգծված հակամանրէային ակտիվություն նկատելն էր, սակայն միայն դարչինի եթերայուղի կիրառումը բավարար է եղել մանրէներն սպանելու համար։
«Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ շատ հաճախ եթերայուղերի փնջերը (խառնուրդները) դրսևորում են առավել վառ արտահայտված հակամանրէային ակտիվություն, քան մեկ եթերայուղը։ Նման գաղափարը հիմք դարձավ դարչինի եթերայուղի ստացման և հետագայում մեխակի եթերայուղի հետ համակցված տեսքով հակամանրէային ակտիվության ուսումնասիրման համար։ Սակայն, դարչինի եթերայուղի դեպքում նկատվեց շատ լավ արդյունք՝ ի տարբերություն մեխակի եթերայուղի, այդ իսկ պատճառով հետազոտությունները կշարունակենք միայն դարչինի ուսումնասիրության ուղղությամբ»,- ասաց ԵՊՀ դոցենտը։
Դարչինի եթերայուղի հակամանրէային հատկությունների ուսումնասիրությունը կատարվել է Ֆարմացիայի ինստիտուտի բժշկակենսաբանական սքրինինգի լաբորատորիայում՝ կ.գ.թ․, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Ուսումնասիրություններին մասնակցել են նաև Անի Դադայանն ու ավագ լաբորանտ Մելանյա Ղազարյանը։
Անի Դադայանն ընդգծեց, որ եթերայուղի հակամանրէային ակտիվության ուսումնասիրման նպատակով հետազոտության առաջին փուլում օգտագործվել են ՀՀ ԳԱԱ հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ–ի Մանրէների ավանդադրման կենտրոնի տրամադրած հակաբիոտիկակայուն 5 շտամներ:
«Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ դարչինի եթերայուղն այդ շտամների նկատմամբ դրսևորում է մանրէասպան ազդեցություն։ Առաջիկայում նախատեսում ենք նաև հակամանրէային ակտիվության գնահատում առավել մեծ թվով հակաբիոտիկակայուն շտամների վրա»,- ասաց Անի Դադայանը։
Դարչինի եթերայուղը կկիրառվի՞ ինքնուրույն, թե՞ կներառվի տարբեր դեղաձևերի բաղադրության մեջ՝ դեռևս հայտնի չէ։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դեղաձևի ընտրության, արտաքին կամ ներքին կիրառման նպատակով դեղաչափի հստակեցման համար դեռ բազմաթիվ հետազոտություններ պետք է կատարվեն:
«Հարկ է նշել, որ կլինիկական հետազոտություններին նախորդում է բավականին բարդ ու երկար ճանապարհ, որն անցնելու համար, իհարկե, մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,- փաստեց նա։
Հետազոտողները նախատեսում են դարչինի եթերայուղի թեմայով գիտահետազոտական աշխատանքների արդյունքները գիտական հոդվածների տեսքով տպագրել միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում։