- Գլխավոր
- Նորություններ
- Գիտությունը կամրջում է աշխարհի տարբեր բուհերը. ԵՊՀ շրջանավարտը՝ Կամերինոյի համալսարանի հետազոտող
Փետրվար 02, 2024 | 12:00
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
Գիտությունը կամրջում է աշխարհի տարբեր բուհերը. ԵՊՀ շրջանավարտը՝ Կամերինոյի համալսարանի հետազոտող
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն իր թեկնածուական ատենախոսության շրջանակում դեղային կախվածությունների նեյրոգիտության թեմայով հետազոտություններ է կատարում Կամերինոյի համալսարանի (Իտալիա) Նեյրոգիտության կենտրոնում:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-01/adana_1.jpg?h=683b3490&itok=h3oWJedQ)
Մեզ հետ զրույցում Ադանան վստահեցրեց, որ թեկնածուական ատենախոսության թեման համահունչ է իր գիտական հետաքրքրություններին, և դրանով քայլ առ քայլ մոտենում է գիտությունների դոկտոր դառնալու իր վաղեմի երազանքին։
Պատմում է Ադանա Քեշիշյանը:
Արտասահմանում երիտասարդներն ազատ են ուսմանն առնչվող իրենց որոշումներում
Արտերկրում գիտությունն ուղղված է առավել նորարարական և ժամանակակից մեթոդներով համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրներին լուծում տալուն, ինչը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով ու տեսանելիորեն զարգանում է նաև Հայաստանում: Արտասահմանում երիտասարդներն ապահովված են ինչպես անհրաժեշտ նորագույն գրականությամբ, այնպես էլ այդ գրականությունն ուսումնասիրելու բազմաթիվ միջոցներով, ինչն էլ խթանում է մտքի ազատությունը և ցանկություն ստեղծում՝ մասնագիտության մեջ խորանալու: Արտասահմանում երիտասարդները գնահատված են և ազատ ուսմանն առնչվող որոշումներ կայացնելիս, այնինչ Հայաստանում այս ազատությունն ուսանողի համար դեռ այդքան էլ արտահայտված չէ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-02/18edaad8-f0a8-45ce-89af-c805638d42e3.jpg?itok=YgQhvz27)
Գիտական աշխատանքները՝ մարդկության խնդիրները լուծելու հնարավորություններ
Առհասարակ, երիտասարդներին պետք է սիրել ու գնահատել՝ հաշվի առնելով, որ երկրի զարգացման ներուժը հենց նրանք են: Իմ գերագույն նպատակներից են սեփական փորձս երիտասարդներին ներկայացնելը, նրանց աջակցելն ու օգնելը ուսումնական գործընթացում, իսկ Հայաստանի ապագայում իմ ներդրումը տեսնում եմ գիտելիքներս իմ հայրենիքին ծառայեցնելով: Գիտության զարգացման համար անհրաժեշտ է պարբերաբար ներդրումներ կատարել, քանի որ հենց գիտական աշխատանքներն են լուծումներ առաջարկում ցանկացած ոլորտում առաջացող խնդիրներին:
Հաջողված հետազոտություն՝ թմրանյութերից կախվածության դեմ պայքարում
Թմրանյութերից կախվածության բուժման մեթոդների շուրջ հետազոտական մի շարք աշխատանքներ եմ կատարել: Ուսումնասիրություններիս օբյեկտը կենդանիներն են եղել, և նրանց օրինակով էլ կառուցել եմ թմրամոլության մոդելներ, ինչպես նաև մշակել դրանց բուժմանն ուղղված քայլեր, որոնք մեծավ մասամբ, հաջողությամբ են պսակվել: Սա նշանակում է, որ իմ աշխատանքներն ապագայում թմրամոլության բուժման համար առանցքային նշանակություն կարող են ունենալ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-02/e20e213d-8e62-4712-a8fe-bbea9b05bd62.jpg?itok=HCC42-vs)
Թեկնածուական ատենախոսություն գրելը՝ մասնագիտական կյանքի առանցքային որոշում
ԵՊՀ-ում բակալավրի աստիճան ստանալուց հետո որոշեցի ուսումս շարունակել հենց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայում: Այդ տարի ԵՊՀ-ն մասնակցում էր «ԱՊՀ երկրների ցանցային համալսարան» ծրագրին, և ես որոշեցի բաց չթողնել Ֆարմացիայի ինստիտուտը ներկայացնող ուսանողը դառնալու հնարավորությունը Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (RUDN): Ծրագրի շրջանակում մեկնեցի Մոսկվա՝ մագիստրատուրայի առաջին կուրսում ուսանելու, և վերադարձա ԵՊՀ՝ շարունակելու ուսումս մագիստրատուրայի երկրորդ կուրսում՝ ուսումնառության ավարտին ստանալով և՛ ԵՊՀ դիպլոմ, և՛ միջազգային դիպլոմ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանից: Մագիստրոսի կոչում ստանալուց հետո Հայաստանում երկու տարի աշխատել եմ որպես դեղերի որակի հսկման փաստաթղթերի մենեջեր Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում, ապա որոշել, որ պետք է իրագործեմ գիտությունների դոկտոր դառնալու վաղեմի երազանքս: Այդ իսկ պատճառով այժմ հետազոտություններ եմ կատարում Իտալիայում՝ հետևելով նպատակ դարձած իմ երազանքին: