- Գլխավոր
- Նորություններ
- «Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է»․ ԵՊՀ ասպիրանտ
Փետրվար 07, 2024 | 11:30
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
«Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է»․ ԵՊՀ ասպիրանտ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Սոնա Նիկոլյանը պատմել է թեմայի կարևորության, գիտական ուսումնասիրության, գիտությամբ զբաղվելու համար ԵՊՀ ընձեռած հնարավորությունների մասին։
Թեման արդիական է և ունի կիրառական նշանակություն
Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությունը հիմնականում ուղղված է երկաթի, պղնձի, կապարի, ոսկու, արծաթի և ալյումինի արդյունահանմանը: Պոչամբարներում ծանր մետաղների բարձր քանակը հաճախ հանգեցնում է մանրէներում մետաղների նկատմամբ կայունության առաջացման, և պոչամբարները դառնում են մանրէաբանական համայնքների բնակավայր: Ծանր մետաղների հեռացման տարբեր մոտեցումների շարքում որպես էկոլոգիապես մաքուր տարբերակ առանձնանում է կենսավերականգնումը, որն էլ դիտարկում ենք ուսումնասիրության ժամանակ։
Հիմա հետազոտում եմ
Հետազոտությանս շրջանակում ուսումնասիրում եմ Արծվանիկի պոչամբարից մեկուսացված և նույնականացված ծանր մետաղների նկատմամբ առավել կայուն Arthrobacter sp.Arst.1-2 շտամի դիմադրության, աճի և կենսաէներգետիկ հատկությունների միջև եղած կապը: Ծանր մետաղների նկատմամբ այդ շտամի կայունության արդյունավետությունը գնահատելու համար կկատարեմ համեմատություն լավ բնութագրված, H2 օքսիդացնող, ինչպես նաև ծանր մետաղների նկատմամբ կայուն բակտերիաների (R.metallidurans CH34 և C.necator H16) շտամների հետ:Կուսումնասիրեմ նաև մետաղակայունության կապը H2, ածխածնի տարբեր աղբյուրների նյութափոխանակության դեպքում:
Ուսումնասիրության վերջնանպատակը
Ես փորձում եմ գտնել այն հենքային մեխանիզմը, որը հետագայում կարելի է օգտագործել մետաղների կենսատարրալվացման, կենսակուտակման և վնասազերծման համար։ Նպատակն է հասնել այնպիսի արդյունքի, որ արտադրության մեջ կորուստները հնարավորինս քիչ լինեն, այսինքն՝ պարզենք, թե ինչպես կարելի է արտադրությունից հետո կորստի հետևանքով մնացած ծանր կամ թանկարժեք մետաղները կորզել արտադրական թափոնից:
ԵՊՀ-ն՝ գիտությամբ զբաղվելու նպաստավոր միջավայր
Համալսարանի լաբորատորիաները համալրված են ժամանակակից սարքավորումներով, և նպաստավոր միջավայր է ստեղծված գիտական ուսումնասիրություններ կատարելու համար։ Այժմ նույնիսկ ինձնից տարիքով փոքր ուսանողներն ակտիվորեն ընդգրկված են գիտահետազոտական տարբեր աշխատանքներում: Նման ներգրավվածությունն ու ընդհանուր ոգևորվածությունը խթանում են ամեն օր ավելին անելու: Կարևորում եմ նաև պրոֆեսորադասախոսական կազմի հետ արդյունավետ աշխատանքը: Գիտական ղեկավարս Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանն է, որը մշտապես ինձ աջակցում է իր խորհուրդներով: Անգամ փոքրիկ մասնագիտական հուշումներն օգնում են տեսնելու խնդրի լուծման տարբեր ճանապարհներ: Գործընկերների, փորձառություն ունեցող մասնագետների ու գիտաշխատողների հետ շփումը, համաժողովներին մասնակցությունը մեծ նշանակություն ունեն նորը սովորելու և հետագայում կիրառելու համար:
Գիտությունը կոփում է կամքդ, պետք է անընդհատ փորձել, չստացվելու դեպքում չհուսահատվել և շարունակել աշխատել այնքան, մինչև արդյունք գրանցվի: Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է: