- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ պատվիրակությունը Կահիրեում է
Փետրվար 22, 2024 | 17:00
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ պատվիրակությունը Կահիրեում է
Աշխատանքային այցով Եգիպտոսում է ԵՊՀ պատվիրակությունը` մասնակցելու Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության մշակույթի 3-րդ համաշխարհային ֆորում»-ին։
Այցի շրջանակում պատվիրակությունը փետրվարի 21-ին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Կահիրեի համալսարանի հետբուհական կրթության և հետազոտությունների հարցերով պրոռեկտոր Մահմուդ աս-Սաիդի և Բանասիրության ֆակուլտետի դեկան Նագլա Ռաաֆաթ Սալեմի հետ:
Պատվիրակության կազմում են ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը։
Նրանք այցելել են Եգիպտոսում ՀՀ դեսպանություն, դեսպանության աջակցությամբ այց կատարել Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն, որտեղ հանդիպում են ունեցել կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Խլուդ Աբդել Հաֆիզի հետ։
Կահիրեի համալսարանում հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում վերաստորագրելու ԵՊՀ-ի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության համաձայնագիրը։
Կողմերը դիտարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններ տարբեր ուղղություններով՝ արհեստական բանականությունից մինչև օտար լեզուների ուսուցում։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև երկու համալսարանների պարբերականներում երկուստեք հոդվածներ տպագրելու, խմբագրական խորհուրդներում ընդգրկվելու հնարավորություններին, Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների վերապատրաստման ծրագրեր անցկացնելու և Կահիրեի համալսարանի ուսանողների ուսուցումը ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում կազմակերպելու հարցերին։
Հայագիտության կենտրոնում քննարկվել են նաև կենտրոնի ուսանողների համար Հայաստանում ամառային դպրոց անցկացնելուն վերաբերող հարցեր։