- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ից Սան Խոսեի պետական համալսարան. ուսանող Ալբեր Մակարյանի պատմությունը
Ապրիլ 02, 2024 | 14:30
Գիտություն
Կրթություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ից Սան Խոսեի պետական համալսարան. ուսանող Ալբեր Մակարյանի պատմությունը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Ալբեր Մակարյանը արդեն երկու ամիս է, ինչ սովորում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում։ Նա ֆակուլտետի երկրորդ ուսանողն է, որը ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» և Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրերի համագործակցության շրջանակում է իր կրթությունը շարունակում արտերկրում:
Թե ինչպես ստացվեց, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողը Երևանի պետական համալսարանից հասավ ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարան, պատմեց հենց ինքը՝ Ալբերը: Նրա հետ զրուցել ենք կրթությունն արտերկրում շարունակելու, ընձեռվող հնարավորությունների և նպատակներն իրականացնելու ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին:
«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» կրթական ծրագրում սկսել եմ սովորել 2016 թվականից։ Կրթական ծրագիրն ընտրել եմ, քանի որ հետաքրքված էի բիզնեսով, ֆինանսներով և տնտեսական երևույթներով։ Մտածում էի, որ այստեղ ձեռք կբերեմ ընդհանուր գիտելիքներ, պատկերացումներ և ժամանակի ընթացքում առավել հստակ կորոշեմ, թե հետագայում որ ուղղությամբ եմ խորացնելու գիտելիքներս»,- ասաց Ալբերը։
Մինչ բակալավրիատն ավարտելը Ալբերը փորձել է ինքնուրույն ուսումնասիրել, սովորել և կիրառել ծրագրավորման լեզուները ֆինանսական հաշվարկներում, սակայն մտածել ու հասկացել է, որ ակադեմիական կրթությունն այնուամենայնիվ իր առավելություններն ունի: Նա շարունակել է կրթությունը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում՝ մեծապես հետաքրքրված լինելով տվյալագիտությամբ:
«Շարունակելով կրթությունս «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում՝ հասկացա, որ շատ ճիշտ և հեռանկարային որոշում եմ կայացրել։ Ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները բազմաբնույթ ու բազմակողմանի են, ինչպես նաև կիրառելի բիզնեսի և գիտության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը մրցակցային մեծ առավելություն է տալիս ուսանողներին»,- շեշտեց մագիստրանտը։
Երկու համալսարաններում գործող մագիստրոսական ծրագրերի շրջանակում համագործակցության շնորհիվ Ալբերը կրթությունը շարունակում է Սան Խոսեի պետական համալսարանում, ընդ որում, նա ընդունվել է ոչ թե առաջին կուրս, այլ միանգամից երկրորդ:
«Արդեն երկու ամիս է, ինչ սովորում եմ Սան Խոսեի պետական համալսարանում: Հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ համալսարանը հաճախակի թարմացնում է կրթական ծրագրերը, որոնք միտված են որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստմանը։ Սան Խոսեի պետական համալսարանը ամենաբազմազգ համալսարաններից մեկն է ԱՄՆ֊ում, ինչն էլ հնարավորություն է ընձեռում շփվելու տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ»,- նշեց Ալբերը։
Նա պատմեց, որ համալսարանը համագործակցում է ավելի քան 100 տեխնոլոգիական ընկերությունների հետ: Ժամանակ առ ժամանակ համալսարանում կազմակերպվում են սեմինարներ ոլորտի առաջատար մասնագետների ներգրավվածությամբ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին հաղորդակցվելու և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։
«Որպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող՝ ես հնարավորություն եմ ունեցել համալսարանում արդեն իսկ անցած երեք առարկաների համար («Տվյալների վերլուծության մաթեմատիկական մեթոդներ և հաշվարկներ», «Տվյալների բազաների կառավարում» «Տվյալների վիզուալիզացիա») ևս մեկ անգամ չվճարելու այստեղ, քանի որ հաշվի են առնվել ԵՊՀ֊ում այդ առարկաներից ունեցած իմ առաջադիմությունը. առարկաների կրեդիտները փոխանցվել են Սան Խոսեի պետական համալսարանին։ Ինձ համար մեծ նշանակություն ունի արտերկրում ուսանելը, ինչը հնարավոր է դարձել ԵՊՀ֊ի՝ գործակցային լայն կապերի շնորհիվ»,- ընդգծեց Ա. Մակարյանը։
Ինչպես նշեց Ալբեր Մակարյանը, հենց որակյալ կրթությունն է առաջնորդում աշխարհի հասարակական և տնտեսական զարգացումը, և ինքը ևս փորձելու է նպաստել դրա դրական տեղաշարժին։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մասին զրուցել ենք նաև ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ: Խոսելով մագիստրոսական ծրագրի կարևորության և ընձեռած հնարավորությունների մասին՝ նա ասաց՝ ծրագիրն այնպես է կառուցված, որ այն ոչ միայն տալիս է հարուստ գիտելիքներ, այլև մատնանշում դրանց կիրառության ուղիները:
«Մեր համագործակցության շնորհիվ ԵՊՀ ուսանողները կարողանում են իրենց կրթությունը շարունակել Սան Խոսեի պետական համալսարանում: Գործընթացը դյուրին չի եղել. մենք համապատասխանեցրել ենք երկու համալսարանների ուսումնական պլանները, և 5 տարվա շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել այստեղ ստացված կրեդիտները ճանաչելի դարձնել արտերկրում»- ասաց նա։
Ռուբեն Գևորգյանն ընդգծեց, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխանող գիտելիքներ՝ դառնալով ոլորտի մրցունակ մասնագետներ։ Նա մեծապես արժևորեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի հետ ակտիվ համագործակցությունը մագիստրոսական ծրագրերի գրանցած հաջողություններում։