- Գլխավոր
- Նորություններ
- Բուհ-դպրոց-գիտություն՝ մեկ միջավայրում. ԵՊՀ-ում դպրոցականները ներկայացրին իրենց գիտահետազոտական նախագծերը
Ապրիլ 13, 2024 | 14:18
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Բուհ-դպրոց-գիտություն՝ մեկ միջավայրում. ԵՊՀ-ում դպրոցականները ներկայացրին իրենց գիտահետազոտական նախագծերը
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը, որին ներկայացված էին 80 հետազոտական նախագծերի արդյունքները։
Փառատոնին մասնակցելու համար դպրոցականները (անհատական, ինչպես նաև հետազոտական խմբերով) ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծեր:
Հայաստանի տարբեր մարզերից ժամանած աշակերտները փառատոնի ընթացքում ներկայացրին բժշկության, շինարարության և մի շարք այլ ոլորտների, ինչպես նաև կլիմայի փոփոխություններին առնչվող խնդիրների՝ իրենց առաջարկած լուծումները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շրջելով տաղավարներով, ծանոթացան աշակերտների կատարած հետազոտական աշխատանքներին հենց նրանց մեկնաբանմամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով միջոցառումը բուհում կազմակերպելու որոշումից, ընդգծեց, որ նպատակ ունեն դպրոց-բուհ-գիտություն կապը մեկ միջավայր բերելու՝ ակտիվացնելով դպրոցականների կապը բուհերի հետ։ ԵՊՀ-ն տարվա ընթացքում կազմակերպում է դպրոցականների այցեր տարբեր ֆակուլտետներ, լաբորատորիաներ, անցկացնում միջոցառումներ։ Նմանօրինակ միջոցառումները մի կողմից մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են աշակերտների համար, որպեսզի դպրոցական տարիքից տեսնեն, թե ինչ մասնագիտություններ կան, մյուս կողմից՝ բուհի համար հնարավորություն են դպրոցների հետ կապի միջոցով նաև իրենց ապագա ուսանողներին ճանաչելու, հասկանալու, թե կրթական ծրագրերում ինչպիսի փոփոխությունների կարիք կա, որպեսզի դրանք լինեն մրցունակ և արդիական:
Պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Դրանում մեծ մաս են կազմում դրամաշնորհները, որոնք տրամադրվում են տարբեր հետազոտական խմբերի՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար։
Նախարարը վստահեցրեց, որ նախագծերի ընտրությունն իրականացնող ժյուրիի անդամները տվյալ ոլորտներում փորձառություն ունեցող մասնագետներ են (ըստ անվանակարգերի)՝ գիտնականներ, որոնք ունեն թե՛ գիտական, թե՛ հետազոտությունների մեծ փորձ։
Ընդգծենք, որ ԵՊՀ հետազոտողներից ևս ընդգրկված են ժյուրիի կազմում։
Փառատոնի արդյունքներն ամփոփվելուց հետո հաղթող նախագծերը կհրապարակվեն ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։