- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված հուշարձանապահպանության հիմնահարցերին
Ապրիլ 19, 2024 | 13:14
ԵՊՀ-ում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված հուշարձանապահպանության հիմնահարցերին
ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսությամբ հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Դասախոսությունը նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, խոսելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի առաջարկով անցկացվող դասախոսության մասին, ընդգծեց, որ դասախոսությունն անցկացնող աշխատակիցները Պատմության ֆակուլտետի նախկին և ներկա ուսանողներն են։
Անդրադառնալով հուշարձանների պահպանությանն առնչվող հարցերին՝ դեկանն ասաց․ «Հուշարձանապահպանությունն առաջին հերթին գիտություն է, մասնագիտական պատրաստվածություն, հետո նոր՝ վերաբերմունք»։
Մխիթար Գաբրիելյանը, շեշտելով հուշարձանների հետ վարվելու անթույլատրելի մոտեցումները, նշեց․ «Օրինակ՝ խաչքարի երկու բեկորները ցեմենտով միացնում են իրար՝ կարծելով, թե փրկում են հուշարձանը։ Սա, իհարկե, անկեղծ նվիրվածություն է, սակայն ոչ գիտական մոտեցում։ Կան կառույցներ, որոնք ինքնուրույն որոշում են հուշարձանի տարածքը վերականգնել ժամանակակից տեխնիկայով, այնինչ նմանօրինակ դեպքերում, ինչպես արձանագրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հուշարձանին հասցվում է անդառնալի վնաս»։
Նա ընդգծեց, որ այսօրինակ հանդիպումներն անհրաժեշտ է դարձնել հաճախակի և ավելի առարկայական, իսկ Պատմության ֆակուլտետը մշտապես պատրաստ է աջակցելու այդ հարցում։
«Հուսով եմ, որ սա կդառնա ուսանողական այնպիսի նախաձեռնություն, որի շրջանակում նմանատիպ խնդիրները կքննարկվեն կոնկրետ բնակավայրերում»,- ասաց Մ․ Գաբրիելյանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի մասնագետներ Անի Ավետիսյանն ու Մարի Թևոսյանը դասախոսության շրջանակում ուսանողներին ներկայացրին հուշարձանների տեսակները, դրանց պահպանության հետ կապված խնդիրներն ու պահպանությունն իրականացնելու քայլերը։
«ՀՀ-ում առկա են ավելի քան 25000 հաշվառված հուշարձաններ, որոնցից 20000-ի պահպանությունն իրականացնում է պետությունը»,- ասացին նրանք ու հավելեցին, որ Գեղարդավանքը՝ Ազատի կիրճով, Սանահինի ու Հաղպատի վանական համալիրները, Զվարթնոցի տաճարն ու Էջմիածնի եկեղեցիները (գլխավորապես Մայր տաճարը) ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:
Խոսելով ավերված հուշարձանների վերականգնումից՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ընդգծեցին, որ վերականգնման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ տվյալ հուշարձանի՝ գիտականորեն հաստատված նախագիծն ու ավերված հուշարձանի քարերի 70 տոկոսը։
Անդրադառնալով հնագիտական պեղումներին՝ նրանք շեշտեցին, որ անթույլատրելի է հնագիտական հուշարձանների ամբողջական պեղումներ կատարելը, քանի որ դրանց տարածքի մի մասն անհրաժեշտ է պահպանել, որ հաջորդ սերունդերը հետագայում հնարավորություն ունենան առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրություններ կատարելու։
Դասախոսության շրջանակում քննարկվեցին նաև երիտասարդությանը հուշարձանապահպանության գործընթացին մասնակից դարձնելու, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկով 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: