- Գլխավոր
- Նորություններ
- Նոր խթան արևելագիտության զարգացման համար․ ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Ապրիլ 15, 2024 | 14:58
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Նոր խթան արևելագիտության զարգացման համար․ ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման, ակադեմիական և գիտական միջոցառումների կազմակերպման, սովորողների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործման նպատակով ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը փաստեց, որ հուշագրի ստորագրումը դեռևս փետրվարին ֆակուլտետի պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների արդյունքն է։
Նրա խոսքով՝ համագործակցության մեծ ներուժն իրացնելու նպատակով հուշագրի ստորագրումից օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի առաջին տեղակալ, պրոֆեսոր Ալեքսեյ Ռոդիոնովը և արաբական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օլեգ Րեդկինն այցելել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ։
Այցի շրջանակում հյուրերն ուսանողների համար դասախոսություններ են կարդացել՝ անդրադառնալով արևելագիտության զարգացման միտումներին, ներկայիս մարտահրավերներին, ինչպես նաև ուսանողներին հետաքրքրող այլ թեմաների։ Բացի դրանից՝ նրանք հանդիպել են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները նաև խոսել են համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագերի իրականացման հնարավորությունների և այլ նախաձեռնությունների մասին։
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանում կազմակերպել ամառային դպրոց, որին հնարավորություն կունենան մասնակցելու ԵՊՀ-ի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների ուսանողները։
Ըստ նրա՝ տարվա ավարտին ծրագրվում է երեք համալսարանների համատեղ նախաձեռնությամբ անցկացնել գիտաժողով։
«Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Միխայիլ Պիոտրովսկին, որը նաև Պետական Էրմիտաժի տնօրենն է, այս տարի տոնում է ծննդյան 80-ամյակը: Ակնկալվում է նաև նրա այցը ԵՊՀ, որի շրջանակում նրան կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, և հնարավորություն կընձեռվի ունկնդրելու նրա դասախոսությունը»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։