- Գլխավոր
- Նորություններ
- ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
Մայիս 02, 2024 | 15:10
Գիտություն
Կրթություն
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ինչպես նաև գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Իրանական պատվիրակության՝ ԵՊՀ այցի նպատակն էր ընդլայնել ակադեմիական ոլորտում Հայաստան-Իրան կապերը, ինչպես նաև ծանոթանալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի գործունեությանը:
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև կրթագիտական փոխհարաբերությունների զարգացման և համատեղ նախագծերի իրագործման հնարավորություններին՝ կարևորելով հատկապես ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը։
Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը, բարձր գնահատելով հայաստանյան դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը, նշել է, որ միջբուհական շփումները կխթանեն միջմշակութային երկխոսության զարգացումը տարածաշրջանում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստել է, որ համալսարանում գործող Իրանագիտության ամբիոնը կրթագիտական, վերլուծական և փորձագիտական խոշոր կենտրոն է, որն իր գործունեությամբ մեծապես նպաստում է երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրերի շնորհիվ կընդլայնվեն երկկողմ կապերը՝ ընձեռելով նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ։
Ռեկտորի հետ հանդիպումից հետո ԻԻՀ պատվիրակությունը հանդիպել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, կարևորելով ԻԻՀ մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար, դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրի, ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամների այցը համալսարան, ասել է․ «Այստեղ ներկա են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ, որոնք դասավանդում են տարբեր առարկաներ՝ «Պարսից լեզու», «Պարսից գրականություն», «Իրանի պատմություն», ինչպես նաև ուսանողներ, որոնք ուսումնասիրում են իրանական գրականություն, պատմություն, մշակույթ: Համալսարանի ստեղծումից ի վեր՝ առաջին առարկաներից մեկը, որը սկսել է դասավանդվել համալսարանում դեռ 100 տարի առաջ, եղել է պարսկերենը: Եվ սա նույնպես Հայաստան-Իրան դարավոր բարեկամության ամենացայտուն օրինակներից է»:
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը, բարձր գնահատելով ամբիոնի գործունեությունը, նշել է. «ԵՊՀ իրանագիտության ամբիոնը կրթագիտական միակ հաստատությունն է, որը լայնորեն ճանաչելի է Իրանում: Երբ մենք խոսում ենք ՀՀ-ում պարսկերենի ուսուցման մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում ԵՊՀ-ն և ԵՊՀ իրանագիտության ամբիոնը: Մենք մեծապես կարևորում ենք այս գործուղումը, քանի որ երկուստեք շփումը հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցության շրջանակը: Հուսով եմ, որ կարող ենք մշակել փոխանակման ծրագիր, որի շրջանակում հայ ուսանողները կգան մեզ մոտ ուսումնառության և առավել համակողմանի պատկերացում կկազմեն իրանական մշակույթի մասին»:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, ներկայացնելով ամբիոնի գործունեությունը, ասել է, որ այն աշխատում է ոչ միայն կրթագիտական տիրույթում, այլև մշակույթի և քաղաքակրթության ոլորտում:
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնը կարևոր կենտրոն է, քանի որ ապահովում է մշակութային այն միջավայրը, որտեղ կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերություններ երկու պետությունների և ժողովուրդների միջև, որոնց պատմական շփումը հազարամյակների խորքից է գալիս»,- ընդգծել է Վ․ Ոսկանյանը:
Ելույթներին հաջորդել է դասախոսների և ուսանողների մասնակցությամբ քննարկում, որի շրջանակում առաջ են քաշվել համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ գրքերի և դասագրքերի համատեղ հրատարակություն, ուսանողների՝ Իրանում վերապատրաստում անցնելու հնարավորություն և այլն: