- Գլխավոր
- Նորություններ
- Աշխատանքի առաջարկ՝ ԵՊՀ-ում «BostonGene» ընկերության դասընթացներին մասնակից լավագույն ուսանողներին
Մայիս 02, 2024 | 14:01
Գործընկերներ
Կարիերա
Կրթություն
Աշխատանքի առաջարկ՝ ԵՊՀ-ում «BostonGene» ընկերության դասընթացներին մասնակից լավագույն ուսանողներին
ԵՊՀ-ում բանախոսություն անցկացրեց «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լաբորատորիայի տնօրեն, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջի անդամ, բ.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մասնագիտական հնարավորություններն ու աշխատանքային ոլորտները:
Բանախոսության ժամանակ Հայկ Հովհաննիսյանը խոսեց մասնագիտական իր անցած ուղուց՝ ուսանողներին տեղեկացնելով, թե ԵՊՀ-ում ուսումն ավարտելուց հետո ինչ հեռանկարներ են նախանշվում: Նա նաև մանրամասներ ներկայացրեց որոշ գեների, հիվանդությունների, բուժման մեթոդների, գեների մուտացիաները հետազոտելու սարքերի մասին:
Խոսելով ԵՊՀ-ում դասախոսելու և ընտրված թեմայի մասին՝ Հայկ Հովհաննիսյանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ բանախոսելու այստեղ, միշտ հպարտությամբ եմ նշում, որ ԵՊՀ շրջանավարտ եմ, և հաջողություններիս հիմքում համալսարանական դասախոսներիս փոխանցած համակողմանի գիտելիքներն են»:
Դասընթացին մասնակցեցին Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները, թեմայով հետաքրքրված այլ անձինք:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սոնյա Աբրահամյանը ընդգծեց, որ դասախոսությունը հագեցած էր, հետաքրքիր ու մոտիվացնող:
«Շատ հետաքրքիր էր ծանոթանալ հայ գիտնականի կյանքին և անցած ուղուն: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ հաջողության հասնելու համար պետք է պարզապես գործել: Շատ կցանկանայի, որ Հայկ Հովհաննիսյանի դասախոսությունները լսելու հնարավորություն կրկին ունենամ, և այս գործակցությունը լինի շարունակական»,- ասաց Սոնյան:
Ուսանողների և Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը կազմակերպվեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ:
Համալսարանի և «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության գործակցությունը գրեթե 2 տարվա պատմություն ունի, որի շրջանակում կազմակերպվել են համատեղ տարբեր ծրագրեր:
«Գործակցությունը սկսվել է կենսաբանությամբ և ինֆորմատիկայով հետաքրքրված ուսանողների փոքր խմբերի հետ հանդիպումներով՝ կարճաժամկետ դասընթացների շարքի միջոցով: Դրան նախորդել է ընկերության մասին ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ ներկայացնելով աշխատանքի անցնելու և մասնագիտական աճի հնարավորություններ»,- պատմեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխնտօրեն Կարինե Նազարյանը:
Այնուհետև սկսվել է երկու հաստատությունների առավել երկարաժամկետ գործակցություն:
«Հաշվի առնելով կողմերի հետաքրքրվածությունն ու միասին աշխատելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք առավել նեղ առարկայական դասընթացների շարք սկսել Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների համար: «BostonGene»-ի մեր գործընկերների առաջարկով սկսվեց տասներկուշաբաթյա դասընթացների շարք, որի արդյունքը կլինի դասընթացին մասնակից 10 լավագույն ուսանողներին աշխատանքի առաջարկը»,- ներկայացրեց Կարինե Նազարյանը:
«BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լաբորատորիայի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը պատմեց, որ ԵՊՀ-ի հետ գործակցությունը կարևոր է երկու կողմերի համար. «Մեր ընկերությունը ընտրել է ԵՊՀ-ն, քանի որ հետաքրքրված է որակյալ կադրեր գտնելու հարցով, իսկ ԵՊՀ-ն այսպիսով հնարավորություն է ստանում իր ուսանողներին առաջարկելու աշխատանք, ինչպես նաև թարմ մոտեցմամբ նորարար մեթոդներ ու գիտելիքներ»:
«Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» տասներկուշաբաթյա դասընթացը մեկնարկել է մարտի 11-ին: Դասախոսությունները վարում են «BostonGene» ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանության» բաժանմունքի առաջատար մասնագետները՝ շաբաթը մեկ պարբերականությամբ, երկուշաբթի օրերին:
Դասընթացի շրջանակում քննարկվում են՝
մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր առավել լայնորեն կիրառվում են բժշկության մեջ,
ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները,
ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները,
անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, ստանդարտները և այլն։
Հավելենք, որ «BostonGene»-ը ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրի համապարփակ փորձարկումներում՝ օգտագործելով Whole Exome Sequencing (WES) & RNA sequencing (RNA seq) տեխնոլոգիաները: Ընկերության հիմնական նպատակն է ուռուցքաբաններին տրամադրել գենետիկ և մոլեկուլային համապարփակ բնութագրեր՝ հնարավորություն ընձեռելով մշակելու յուրաքանչյուր հիվանդի եզակի կենսաբանական պրոֆիլին համապատասխան բուժման ռազմավարություն: