- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին
Մայիս 16, 2024 | 17:30
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին
Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԲանՈՒԳործ» էքսպոն անցկացվում է մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման օրը: Այն երկու հիմնական բաղադրիչներից կազմված ցուցահանդես է․ կարիերայի տոնավաճառում ներկայացված են ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելով փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին: Կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին: Ցուցահանդեսի երկու բաղադրիչները կապվում են միմյանց՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մասնագիտություններին և ոլորտում տեղայնացվելու հնարավորություններին:
Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ մայիսի 16-ը ոչ միայն ԵՊՀ-ի 105-ամյակն է, այլև Ուսանողների և երիտասարդության օրը. «Պատմության նշանավոր այս օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու համալսարանի հարուստ ժառանգությանը, մեր երկրի ու հասարակության զարգացման գործում ունեցած ներդրմանը և խոստումնալից այն ապագային, որը ձևավորվում է այսօր։ ԵՊՀ-ի դերը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ այսօր անցկացվող Էքսպոն մեծ հնարավորություն է, քանի որ մեկ հարթակում հանդիպում են գործատուն և կրթությունը:
«Մենք շարունակաբար բարեփոխում ենք կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Կրթական գործընթացների փոփոխություններում ներգրավված են նաև մեր գործընկերները, որոնց մեծ մասը դասավանդում է ԵՊՀ-ում: Հավելեմ, որ մեր գործընկերներից շատերի հետ մենք կազմակերպում ենք նաև ուսումնական փորձուսուցումներ»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:
«ԲանՈւԳործ» էքսպոն հնարավորություն է ընձեռում նաև բարձրաձայնելու կրթական ոլորտում առկա խնդիրները, խոսելու հաջողությունների ու ձեռքբերումների մասին, ստեղծելու մասնագիտական շփումների նորարարական հարթակ, խթանելու ներհամալսարանական և արտահամալսարանական գործակցությունները:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով միջոցառման անցկացման կարևորությունից, նշեց. «Սա ոչ միայն աշխատանքային գործընթաց է, այլև տոնական միջոցառում, և դրանով է պայմանավորված, որ բացի կրթական և կարիերայի տոնավաճառից՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ, տոնական համերգ»:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները:
«Մենք պատմում ենք մեր կրթական ծրագրերի տեսական և փորձնական բաղադրիչների մասին: Այսպես, օրինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեր գործընկերները ստեղծել էին պեղումների վայր: Ֆիզիկայի ինստիտուտը ներկայացրել էր այնպիսի սարքավորումներ, որոնք տարբեր գիտափորձերի մասին բազային պատկերացումներ տվեցին այցելուներին: Հետաքրքիր էին բանասիրական ֆակուլտետները, որոնք ներկայացնում էին ոչ միայն տվյալ լեզուն, այլև լեզվակիր երկրի մշակույթը»,- պատմեց Մ. Հովհաննիսյանը:
Կրթական ստորաբաժանումների տաղավարները ներկայացնելիս ակտիվ մասնակցություն ունեցան նաև ուսանողները․ լավագույն օրինակներից է Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Եթե անցած տարի ֆակուլտետի ուսանողները լուսաբանում էին միայն իրենց տաղավարում կատարվող աշխատանքները, ապա այս տարի նրանք ներգրավված էին կենտրոնական մեդիաթիմի աշխատանքներում՝ լուսաբանելով միջոցառման ողջ ընթացքը:
Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանի մշտական գործընկերներին մեկ հարթակում հավաքելու համար նպատակ ունեն ստեղծելու գործընկերային ցանց, որին կանդամագրվեն բոլոր այն ընկերություններն ու կազմակերպությունները, որոնց հետ ԵՊՀ-ն պարբերաբար գործակցում է տարբեր հարթակներում: Ցանցը հնարավորություն կտա առավել համակարգված դարձնելու բուհ-գործընկեր կազմակերպություններ հաղորդակցությունը, ամրապնդելու համալսարան-աշխատաշուկա կապը՝ ձեռքը պահելով աշխատաշուկայի պահանջների զարկերակի վրա և ըստ այդմ՝ ադապտացնելով ու նորարարացնելով կրթական ծրագրերը:
Այս տարի «ԲանՈւԳործ» էքսպոյին միացել են նաև նոր գործընկերներ, որոնք ցուցահանդեսին ներկայացրին առաջարկներ, փորձնակության, կամավորական աշխատանքի, կարիերայի զարգացման հնարավորությունների մասին՝ դիմորդներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնելով ոլորտների գրավչությանը:
«Անցյալ տարի էքսպոյին մասնակցում էին մեզ հետ համագործակցություն ծավալած, մեր հանդեպ վստահություն ունեցող գործընկերները: Այս տարի այդ խմբին միացել են նորերը, որոնք հավանաբար սոցիալական հարթակներով հետևել էին անցյալ տարի տեղի ունեցած էքսպոյին և տեսել դրական արդյունքը»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե որ ընկերությունները կարող են մասնակցել ԵՊՀ-ում կազմակերպվող ամենամյա էքսպոյին, կենտրոնի փոխտնօրենը շեշտեց, որ մասնակից ընկերության աշխատանքային ոլորտը պետք է համապատասխանի ԵՊՀ կրթական ծրագրերին և գրավիչ լինի ուսանողների համար:
«Մենք կարևորում ենք, որ գործընկերների առաջարկները նպաստեն ուսանողների, շրջանավարտների մասնագիտական աճի զարգացմանը: Պարտադիր պայման է նաև, որ կազմակերպությունը գրանցված լինի Հայաստանի աշխատաշուկայում և ունենա ՀՀ աշխատաշուկան զարգացնելու ռազմավարություն»,- հավելեց Կարինե Նազարյանը:
ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը, ասաց, որ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը լավ հարթակ է ներկայացնելու ԵՊՀ կրթագիտական հնարավորությունները, ներուժը և ուսանողներին ու շրջանավարտներին ծանոթացնելու աշխատաշուկայի պահանջներին:
«ԵՊՀ-ն համագործակցում է մի շարք ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ պետական հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը։ Այս համատեքստում կարևոր է, որ ԵՊՀ ուսանողները տեղեկանան աշխատաշուկայի պահանջներին և կարիերայի աճի հնարավորություններին»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում ԵՊՀ մարքեթինգի բաժինն ամբողջ ներուժով ներգրավվել է ցուցահանդեսի աշխատանքներում՝ ապահովելով միջոցառման կազմակերպչական ողջ գործընթացը, այդ թվում՝ տարածքի վիզուալացումը, գործընկերների մասին տեղեկության հավաքագրումը, լուսաբանումն ու տարածումը: Մարքեթինգի բաժինը ցուցահանդեսին մասնակցեց նաև առանձին տաղավարով։ Ազնիվ Գրիգորյանը շեշտեց, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների հոսքն ավելին էր, քան նախորդ տարի, ինչը էքսպոյի արդյունավետության աճի ցուցիչներից է։
«Շատ հետաքրքիր էին ներկայացված նաև կրթական տաղավարները, որտեղ յուրաքանչյուր կրթական ստորաբաժանում ներկայացրեց իր կրթական ծրագրերն ու հնարավորությունները։ Այս տարվա նորություններից էր ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի ներկայացվածությունը էքսպոյին։ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան իրենց աշխատանքների ցուցահանդեսը ներկայացնելու այցելուներին»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տաղավարում կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները ցուցադրեցին ուսանողների աշխատանքները՝ կարպետներ, գոբելեն, ապակե նկարչություն, բատիկ, ինչպես նաև քանդակներ: Ուշագրավ էր 2020 թ. պատերազմում անմահացած ԵՊՀ ուսանող, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կիսանդրին (հեղինակ՝ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս Տիգրան Բագամյան): Քանդակն ունենալու է նաև բրոնզաձույլ երկրորդ տարբերակ:
Ազնիվ Գրիգորյանը հավելեց, որ էքսպոյի նպատակն էր ԵՊՀ կրթական ծրագրերը աշակերտներին ներկայացնելը և նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, ինչպես նաև ավարտական կուրսերի ուսանողներին ու մագիստրանտներին աշխատանքի առաջարկի հնարավորություն ընձեռելը։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ն անցկացվեց ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները ներկայացրին կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ՝ ընդունելով մասնակիցների ինքնակենսագրականները։ Նշենք, որ էքսպոյի ժամանակ մի շարք ուսանողներ և շրջանավարտներ, ներկայացնելով իրենց ինքնակենսագրականները, գործատուներից ստացան աշխատանքի առաջարկներ։
Շարունակելի․․․