- Գլխավոր
- Նորություններ
- Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը
Մայիս 20, 2024 | 14:49
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը
Աշխարհի խոշորագույն ուսանողական կազմակերպության՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի նախաձեռնությամբ Իսպանիայի Սևիլիա քաղաքում ս․թ․ ապրիլի 4-7-ը անցկացվեց «Էրազմուս սերնդի» համաժողովը (Erasmus Generation Meeting – EGM Seville 2024), որին մասնակցեցին 1700-ից ավելի ներկայացուցիչներ ավելի քան 70 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Հայաստանը՝ որպես պաշտոնական անդամ, միացել է ուսանողական մեծ ցանցին 2020 թ․։ Այդ տարվանից սկսած՝ կազմակերպության անդամներն աջակցում են երկրում «Էրազմուս+» շարժունության և այլ ծրագրերով սովորող կամ կամավորական գործունեությամբ զբաղվող արտասահմանցի երիտասարդներին՝ հեշտ ինտեգրվելու միջավայրին, ինչպես նաև օգնում են նրանց կենցաղային, սոցիալական, մշակութային զանազան հարցերում։
4 օր շարունակ Սևիլիան դարձել էր «Էրազմուս» սերնդի մայրաքաղաք` հյուրընկալելով տարբեր մշակույթների ներկայացուցիչների, որոնք իրենց հետ բերել էին իրենց ազգային յուրահատկությունները, գույներն ու գաղափարները։ Միջոցառման հիմնական կազմակերպիչներն էին «Էրազմուս» ուսանողական ցանցի միջազգային գրասենյակը, «Էրազմուս» ուսանողական ցանց Իսպանիան, Սևիլիայի պետական համալսարանն ու Պաբլո դե Օլավիդոյի պետական համալսարանը։ Միջոցառումն անցկացվեց Եվրամիության հովանու ներքո։
Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը սկսվեց դրոշների շքերթով, որի ժամանակ «Էրազմուս» սերնդի ներկայացուցիչ երկրները տոնում են բազմազանության մեջ իրենց միասնականությունը։
Բացման արարողությունը սկսվեց բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներով։ Բացման խոսքով հանդես եկան Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լեյնը, Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը, Անդալուզիայի շրջանի խորհրդարանի անդամ Պատրիցիա դել Պոզո Ֆերնանդեսը, Եվրոպական խորհրդարանի հաղորդակցության գծով մամուլի քարտուղար և գլխավոր տնօրեն Ժաում Դուխ Գիլյոն, Երիտասադական հարցերով զբաղվող նախարար Սիրա Ռեգոն, և Իսպանիայի գիտության, նորարարության և համալսարանների պետքարտուղար Խուան Կրուս Սիգուդոսան։
«Այս հանդիպումը խորհրդանշում է, թե ինչ է ներկայացնում Եվրոպան։ Շարունակե՛ք առաջ գնալ, մի՛ դադարեք երազելուց և հետևե՛ք ձեր սրտին: Հնարավորությունների Եվրոպա նշանակում է հույսի Եվրոպա։ Խոսե՛ք Եվրոպայի համար, քանի որ դուք մեր լավագույն «դեսպաններն» եք և մեր լավագույն հույսը»,- իր խոսքում ասաց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը:
Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց իսպանական հարուստ մշակույթը, որտեղ հատուկ ուշադրության է արժանի «Էրազմուս+» նվագախումբը։ Նվագախմբում ընդգրկված են եվրոպական կոնսերվատորիաների ուսանողներ, որոնք մասնակցել կամ մասնակցում են «Էրազմուս+» Իտալիայի ազգային կազմակերպության (INDIRE) կողմից աջակցվող «Էրազմուս+» շարժունակության միջազգային ծրագրերին։ Նվագախումբը տարածում է «Էրազմուս» սերնդի արժեքները բոլորին հասկանալի լեզվով՝ երաժշտության միջոցով:
Բոլոր 4 օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին 170 դասընթացների, որոնց հիմքում ընկած էր «Ակտիվ և հավասար մասնակցության խոչընդոտների վերացում» խորագրով Եվրոպական առաջիկա ընտրությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից համաֆինանսավորվող ««Էրազմուս» սերունդը գործողության մեջ» ծրագրի շրջանակում։
Համաժողովն աչքի ընկավ ինտենսիվությամբ, բազում բանավեճերով և դասընթացներով: «Էրազմուս» սերունդը համաքայլ շարժվում էր դեպի ավելի ներառական և մատչելի շարժունակության ծրագրեր:
«Շարժունակության ծրագրերը պետք է իրականանան բոլորի համար, և մեր՝ որպես «Էրազմուս» սերնդի պարտքն է շարունակել պայքարել դա իրականություն դարձնելու համար: Չկա ավելի լավ կազմակերպություն, քան «Էրազմուս» ուսանողական ցանցը, որը կխթանի հենց այս փոփոխությունները, և դուք դա ցույց եք տալիս ամեն օր»,- ընդգծեց «Էրազմուս» ուսանողական ցանցի նախագահ Ռիտա Դիասը։
Այս միջոցառումը հնարավոր չէր լինի առանց ծրագրի վստահելի գործընկեր Պեռնո Ռիկարի, որն անում էր ամեն ինչ, որ մասնակիցները «Drink More Water» ծրագրի միջոցով լավ տեղեկացված լինեին «EGM Seville 2024»-ի ընթացքում ջրազրկումից խուսափելու, կարեկից, զգուշավոր ու անվտանգ վարքագծի մասին: «ESN»-ի հետ Պեռնո Ռիկարի համագործակցության 15-ամյակը նշելու համար մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Սեդրիկ Ռամատը առաջին օրվա բացման ժամանակ կարևորեց ընդհանուր առաքելությունը, այն է՝ խրախուսել երիտասարդներին երիտասարդակենտրոն միջոցառումներում խուսափելու ալկոհոլի չարաշահումից և օգտագործելու շատ ջուր։
«Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը նույնպես համագործակցում է Պեռնո Ռիկարի հետ, որի պաշտոնական ներկայացուցիչն է Երևանի կոնյակի գործարանը։
Համաժողովի առաջին նիստերից մեկում Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Coimbra Group»-ի և «Eurail»-ի համագործակցությամբ փոխանակման շարժունության ծրագրերի ժամանակ ճանապարհորդությունները ավելի կանաչ ու կայուն դարձնելու վերաբերյալ օրակարգը, որն ընդունվեց մեծ ոգևորությամբ։
«Եվրոպական ուսանողական քարտի թողարկումը. բարձրագույն կրթության թվային փոխակերպման հզորացում» խորագրով նիստը ցույց տվեց, որ թվայնացումը առանցքային է խոչընդոտների վերացման համար: Այն հնարավորություն է տալիս արագացնելու գործընթացները գլոբալ մակարդակով և հեռացնելու երիտասարդության՝ ներկայիս վարչական բազում բարդությունների բեռը:
Ռումինիայի և Չեխիայի «Էրազմուս+» ազգային կազմակերպությունների անցկացրած «Համագործակցային ալիքներ․ ներառականությունը փոխանակման ծրագրերում» նիստը ցույց տվեց, թե որքան կարևոր է «Էրազմուս» ուսանողական ցանցի ու ազգային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը փոխանակման ծրագրերը ավելի ներառական դարձնելու համար։
Զուգահեռաբար, Պոլիտեխնիկական պետական համալսարանում (ETSI) անցկացվող բազմաթիվ նիստերի շրջանակում մասնակիցները շփվում էին միմյանց հետ՝ ներկայացնելով միմյանց իրենց փորձը, ինչպես նաև բազմաթիվ հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչների հետ «EGM Expo»-ի ժամանակ «Erasmus Generation»-ի համար ակադեմիական, շարժունակության և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ:
Անցյալ տարվա «Էրազմուս տարվա» նպատակակետի՝ Գենտի ներակայցուցիչների հետ զրույցով բացվեց համաժողովի երկրորդ օրը, որին հաջորդեցին 2024 թվականի «Էրազմուս տարվա» նպատակակետի հինգ ֆինալիստների շնորհանդեսները՝ Ստամբուլ (Թուրքիա), Նիկոսիա (Կիպրոս), Պորտո (Պորտուգալիա), Սևիլիա (Իսպանիա) և Սոֆիա (Բուլղարիա): Այս անգամ փայլեց Պորտոն՝ դառնալով 2024 թվականի «Էրազմուս լավագույն վերջնակետ»՝ փոխանակման տարբեր ծրագրերով տարեկան ընդունելով 5000+ ուսանողների։
Մեր սերնդի միջազգայնացման հիմքում մեծ ձգտումն է: Դրա մասին ևս մեկ անգամ խոսվեց նիստերից մեկի ժամանակ (օրինակ՝ «Ապագան Էրազմուսն է»), որը վարում էր Ռիտա Դիասը Եվրոպական հանձնաժողովի, Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի և «Էրազմուս+» Իսպանիայի ազգային կազմակերպության պանելիստների հետ: «Ապագան Էրազմուսն է»-ն «Էրազմուս» ուսանողական ցանցի առաջնային նախաձեռնությունն է՝ ձևավորելու համայնք, որտեղ բոլորը հավասարապես կարող են օգտվել Էրազմուսի «բարիքներից»։
«EPSO»-ն, որոնք արդեն ներկա են եղել «EGM Porto 2022»-ին և «EGM Bucharest 2023»-ին, Սևիլիայում նույնպես ներակայացրին «Կարիերա Եվրամիությունում» ծրագիրը։
«EGM Seville 2024»-ը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Եվրոպական համագործակցության նախաձեռնած Եվրոպական դիպլոմի ծրագրին, որը շուտով կգործարկվի։
Նիստերի ժամանակ խոսվեց «Էրազմուս» փոխանակման ու շարժունության ծրագրերը բոլորի համար բոլոր երկրներում հասանելի դարձնելու մասին։ Ինչպես ասվում է խորագրում՝ «Ակտիվ մասնակցություն՝ առանց խոչընդոտների»։ Բոլոր երիտասարդները հնարավորություն պետք է ունենան ստանալու լավագույն բարձրագույն կրթություն, որն էլ հենց տրամադրում է «Էրազմուս+» ծրագիրը։
«Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը այնտեղ ներկայացնում էր գործընկեր երեք համալսարանները՝ Երևանի պետական համալսարանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն ու ՀՀ կառավարման պետական ակադեմիան՝ փորձելով գտնել նոր գործընկերներ, բարձրացնել հայկական կրթական հաստատությունների գրավչությունը որպես «Էրազմուս վերջնակետ»։
«Էրազմուս» սերնդի համաժողովում բարձրաձայնվեցին բոլոր այն խնդիրները, որոնց առերեսվել ու մինչ օրս առերեսվում են ուսանողները փոխանակման ծրագրերի դիմելու ընթացակարգում և դրանից հետո։ «Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը աջակցում է ՀՀ-ում գործող պետական համալսարաններին՝ հեշտացնելու գործընթացները, ուսանողներին աջակցություն տրամադրելու դիմելուց առաջ և, իհարկե, լավագույն կերպով վայելելու շարժունության ծրագրի ամեն պահը։
Փակման արարողության ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին «Էրազմուս» ուսանողական ցանցի տարբեր մասնաճյուղերի կողմից իրականացվող ամենատարբեր սոցիալական, մշակութային ու կրթական բնույթի նախագծերը։
«Էրազմուս» սերնդի համաժողովում քննարկվեցին ուսանողական փոխանակման ծրագրերի ապագան, բարելավման ուղիները և դրանց մասնակցելու հավասար հնարավորությունը, բայց սա դեռ ամենը չէ, քանի որ նույն խանդավառությամբ քննարկումները շարունակվելու են 2025 թվականին Իտալիայի Անկոնա քաղաքում, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում իրականացնելու այն, ինչի մասին խոսվել է Սևիլիայում։