- Գլխավոր
- Նորություններ
- «Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որն ունի շքեղ, հզոր երաժշտական մշակույթ». ազգային մոտիվները Տիգրան Համասյանի մեղեդիներում
Մայիս 24, 2024 | 15:28
Թանգարան
Հասարակություն
Միջոցառումներ
«Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որն ունի շքեղ, հզոր երաժշտական մշակույթ». ազգային մոտիվները Տիգրան Համասյանի մեղեդիներում
ԵՊՀ-ում էր երաժշտագետ, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու երաժշտի կատարողական արվեստի ոճական առանձնահատկություններին և ժամանակակից մոտիվներին:

Առաջարկում ենք Համասյանի մտքերը ընթերցել՝ նրա երաժշտությունն ունկնդրելով:
Պատմում է Տիգրան Համասյանը։
Ընտանիքը...

Ես երախտապարտ եմ ընտանիքիս, հորեղբորս, որ երեք տարեկանից զբաղվել է երաժշտական ճաշակիս ձևավորմամբ՝ նկատելով, որ երաժշտությունն ինձ ավելի է գրավում, քան, օրինակ, խաղերն ու խաղալիքները: Նշեմ, որ հատկապես արվեստագետների կյանքում կարևոր է ճիշտ մարդկանց՝ որպես ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանի ուղղորդողների առկայությունը:
Ես սիրելի տարբեր զբաղմունքներ ունեմ՝ արվեստի մասին ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ և այլն: Ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելը, սակայն, ամենասիրելին է: Երեխա մեծացնելը բարդ և պատասխանատու գործ է, ինչը համարում եմ կյանքիս ամենակարևոր առաքելություններից մեկը:

Եվ ծնվում է մեղեդին...
Երբ ստեղծագործում եմ, հայտնվում եմ մի հոգեվիճակում, որը զգացմունքների ու մտքի յուրահատուկ ներդաշնակություն է: Ո՛չ շատ եմ մտածում, ո՛չ հույզերս են շատ. ամեն ինչ կարծես կանոնակարգված է, ու ես, երաժշտությունից բացի, ուրիշ ոչինչ չեմ լսում՝ հայտնվելով երաժշտության աշխարհում:
Հատուկենտ դեպքեր են լինում, երբ երաժշությունը գրում եմ մտածելով․ դա լինում է այն դեպքում, երբ պետք է կոնկրետ զգացմունք արտահայել, ենթադրենք՝ ֆիլմի որևէ տեսարանի համար:
Լինում է նաև, որ մի բան եմ կարդում կամ լսում ու հետո, երբ ստեղծագործում եմ, հասկանում եմ, որ սա անցյալում կարդացածի, զգացածի արտացոլանքն է:
Լինում են իրավիճակներ, որոնք ի զորու չեմ բացատրելու. պարզապես զգում եմ, որ ուզում եմ նվագել, ու ծնվում է երաժշտությունը:
Շատ հետաքրքիր է նաև իմպրովիզացիան, և ցանկացած երաժշտություն հենց իմպրովիզացիայից է ծնվում. մի քանի վայրկյանում մեղեդի են դառնում միտքդ ու հույզերդ:

Ազգային մոտիվները Տիգրան Համասյանի երաժշտությունում...
Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն ինձ սովորեցրել է ավանդական իմպրովիցազիոն արվեստի միջոցով ջազին տիրապետելու նրբությունները: Այդ ժամանակ ջազից բացի այլ ոճի երաժշտությամբ չէի հետաքրքրվում: Հետո սկսեցի հասկանալ, որ իմպրովիզացիոն երաժշտությունը չի եզրափակվում միայն դասական, եվրոպական լադերով:
Դրան ավելացավ նաև գիտակցումը, որ ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որն ունի շքեղ, հզոր երաժշտական մշակույթ: Ու սկսեցի շատ լսել մեր ազգային երաժշտությունը, հետո նաև՝ դրանք լայնորեն կիրառել:
Կարծում եմ, որ գեները վճռորոշ դեր ու նշանակություն ունեն և՛ ստեղծագործելիս, և՛ ստեղծագործությունը լսարանին մատուցելիս: Հայ հանդիսատեսը ոչ թե աստիճանաբար է ընտելանում ազգային մոտիվներով կառուցված երաժշտությանը, այլ սկսում է ամուր կապ զգալ, գիտակցել, թե ինքը որտեղից է գալիս:
Երաժշտական ռիթմը հաճախ նույնականացնում եմ հայկական գորգի նախշերի հետ: Առհասարակ, հայկական ժողովրդական երաժշտությունն ինձ տարել է դեպի հին հայկական զարդանախշեր և հակառակը, ես գտնում եմ համապատասխան ռիթմեր՝ վերադառնալով արմատներիս:

Երաժշտությունը միշտ ինչ-որ բանի մասին է...
Երաժշտությունը միշտ ինչ-որ բանի մասին է եղել ու կա: Մարդկության պատմության սկզբնական շրջանում այն ծեսի մասին է եղել: Իմ կարծիքով, աշխարհի բոլոր ազգերի ներկայացուցիչները ենթագիտակցորեն ունեն այդ ընկալումը. երաժշտությունը ծեսի մասին է, այն ի սկզբանե բեմի համար չի եղել, այլ իր մեջ ամփոփել է ինչ-որ պատմություն, հետո է բեմ բարձրացել:
Այս միտքն է, որ անընդհատ պտտվում է իմ գլխում և ստիպում ինձ ամեն ծրագիր ստեղծել այնպես, որ այն պատմություն ունենա: Նույնիսկ եթե այն ինչ-որ բանի մասին չլինի, փորձում եմ ծրագիրը, համերգը կամ մեղեդին կառուցել այնպես, որ նրանք այդ պատմությունն ու դրաման ամփոփեն իրենց մեջ. սա ստիպում է մարդկանց իրենց սրտերը բացել տարբեր զգացմունքների առջև:

Հանդիսատեսը...
Յուրաքանչյուր ազգ իր համն ու հոտն ունի, յուրաքանչյուրն արտիստին յուրովի է ընդունում, ինչն առանձնապես պայմանավորված է տվյալ ազգի մշակութային առանձնահատկություններով:
Մեգապոլիսներում մարդիկ ազատ են իրենց զգացմունքներն արտահայտելիս․ օրինակ՝ մեղեդիները երգում են՝ նվագին զուգահեռ: Ճապոնիայում էլ, օրինակ, մտածում են՝ ծափահարե՞լ, թե՞ չէ:
Հայաստանում լրիվ ուրիշ պատկեր է. այստեղ մարդիկ բոլորովին այլ մակարդակով են զգում հայկականությունը, և հուզական տեսանկյունից շատ ազդեցիկ է այստեղ ելույթ ունենալը:

Ազատությունը՝ ըստ Համասյանի...
Ամեն մարդ ունի ստեղծագործելու իր ուրույն ոճը: Իմ կարծիքով, հենց դա է ազատությունը, երբ դու դուրս ես գալիս ժամանակի տարածությունից, զգում ու լսում ես միայն երաժշտությունը, չես մտածում: Դա՛ է ազատությունը․․․