- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված բազմալեզու և բազմամշակույթ կրթության առանձնահատկություններին
Մայիս 27, 2024 | 12:29
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված բազմալեզու և բազմամշակույթ կրթության առանձնահատկություններին
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի և «MultiLingNet» միջազգային ասոցիացիայի համագործակցության շրջանակում ս․թ․ մայիսի 24-25-ը անցկացվեց «Բազմալեզու և բազմամշակույթ կրթություն. քաղաքականություն և հմտություններ» («International Conference on Multilingual and Multicultural Learning: Policies and Practices») խորագրով միջազգային գիտաժողովը:

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացված գիտաժողովին մասնակցեցին արտասահմանյան առաջատար բուհերի և գիտական հաստատությունների շուրջ 30 մասնագետներ Անգլիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կիպրոսից, Նորվեգիայից, Պորտուգալիայից և մի շարք այլ երկրներից։ Զեկուցումներով հանդես եկան Լոնդոնի համալսարանական քոլեջի և Օսլոյի համալսարանի լեզվաբանները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը Երևանի պետական համալսարանում, ասաց․ «Մշտապես ԵՊՀ-ի ուշադրության առանցքում են միջազգային տարբեր կոնֆերանսները, սեմինարները և գիտական այլ իրադարձությունները: Կարևորելով ԵՊՀ միջազգայնացումը՝ ողջունելի է այսօրինակ միջազգային գիտաժողովի անցկացումը հենց Երևանի պետական համալսարանում։ Մեր առաջնահերթ նպատակներից է ուսանողների լեզվական հմտությունների զարգացումը: ԵՊՀ-ն ակտիվ է գիտակրթական բազմաթիվ ոլորտներում՝ ընդգրկվելով «Էրազմուս+» և միջազգային մի շարք այլ ծրագրերում»։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ընդգծեց․ «Գիտաժողովն իր շուրջը համախմբեց աշխարհի բարձրակարգ լեզվաբանների, գրականագետների, որոնց ուշադրության կենտրոնում են բազմալեզու և բազմամշակույթ կրթության ոլորտում համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև լեզվական, լեզվաբանական, սոցիալ-քաղաքական և մշակութային խնդիրների լուծման ուղիներ գտնելը: Վստահ եմ, որ գիտաժողովի շրջանակում անցկացրած մեր զրույցների և քննարկումների շնորհիվ կբացահայտենք լեզվի և մշակույթի հետաքրքիր կապը, նաև այն, թե ինչպես կարող են քաղաքականությունն ու փորձը նպաստել ներառական և կրթական միջավայրի ձևավորմանը»:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանը, խոսելով զեկուցումների թեմաների մասին, նշեց, որ դրանք վերաբերում են բազմալեզու և բազմամշակույթ կրթության խնդիրներին՝ կարևորելով լեզվի և մշակույթի փոխկապակցվածությունը:

«Գիտաժողովի քննարկման առանցքում էր անգլերենը՝ որպես օտար լեզու, դասավանդելու, ինչպես նաև բազմալեզու և բազմամշակույթ հասարակություններում ազգային լեզուն և ինքնությունը պահպանելու խնդիրները: Մոտ 40 զեկույց ներկայացվեց, որոնցից մեկը, օրինակ, վերաբերում էր արհեստական բանականության կիրառմանը կրթության ոլորտում. այն շատ կարևոր է անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման հարցում: Զեկուցումներ ներկայացվեցին նաև Ճապոնիայում մոնղոլերենի կիրառման, բազմալեզու և բազմամշակույթ կրթության առանձնահատկությունների, խնդիրների մասին»,- նշեց Շ. Պարոնյանը՝ շեշտելով, որ անգլերենը դարձել է միջազգային հաղորդակցման լեզու՝ կիրառության կարևոր ոլորտներից դուրս մղելով բազմաթիվ լեզուներ, ինչպիսիք են ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը և մեծ ու փոքր տարածվածություն ունեցող այլ լեզուներ:

«MultiLingNet» միջազգային ասոցիացիայի հիմնադիր, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Պյոտր Ռոմանովսկին, խոսելով թեմայի արդիականության և իրենց երկրում տեղի ունեցող լեզվամշակութային փոփոխության մասին, ասաց. «Այսօր մեր նպատակն է լինել բազմալեզու և բազմամշակութային: Ներկայում հնարավոր չէ գտնել մի հասարակություն, որը հաղորդակցվում է միայն մեկ լեզվով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանը, օրինակ, մոնոէթնիկ երկիր էր, սակայն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ շատ բան է փոխվել. ձևավորվել է բազմամշակութային հասարակություն: Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում Ուկրաինայից ներգաղթյալների մեծ հոսք կա. 8 մլն ուկրաինացի է անցել Լեհաստանով, 3 մլն-ը՝ մնացել: Նշեմ նաև, որ մեր համալսարանում ևս ուկրաինացի շատ ուսանողներ են սովորում: Գիտաժողովին շեշտադրեցինք հենց այդ բազմալեզու կրթությունը, ինչպես նաև բազմալեզվության սոցիոլեզվաբանական հայեցակետը»:
Նշենք, որ գիտաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ակադեմիական հաստատություններում բազմամշակույթ կրթության ճիշտ, խելամիտ քաղաքականություն վարելու, անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման հիմահարցերը:
Ավելին՝ տեսանյութում։