- Գլխավոր
- Նորություններ
- «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար»․ ֆոտոցուցահանդես ԵՊՀ-ում
Մայիս 24, 2024 | 14:00
Գործընկերներ
Կրթություն
Հասարակություն
«Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար»․ ֆոտոցուցահանդես ԵՊՀ-ում
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ Այն նպատակ ուներ ուշադրության առանցքում պահելու ընտանիքի դերի կարևորությունը երեխաների զարգացման գործում։
«Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» խորագրով ֆոտոցուցահանդեսին ներկայացվեցին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի ուսանողների հեղինակած ընտանեկան լուսանկարները։
Միջոցառումն անցկացվեց «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։
Խոսելով միջոցառման կազմակերպման կարևորության մասին՝ ծրագրի ղեկավար Աննա Ավետիսյանը նշեց․ «Մեզ համար կարևոր է ոչ միայն նշել Ընտանիքի միջազգային օրը, այլև նմանօրինակ միջոցառումների միջոցով բարձրացնել ուսանողների իրազեկվածության աստիճանը և կարևորել սոցիալական աշխատողների դերը»։
Լուսանկարների ցուցահանդեսին հաջորդեցին ընտանիքի մասին ֆիլմի դիտում և քննարկում ուսանողների հետ։
Ծրագրի՝ շահերի պաշտպանության և հաղորդակցության մասնագետ, ԵՊՀ դասախոս Լիանա Մկրտչյանը, մանրամասնելով հանդիպման քննարկման առանցքում եղած հարցերը, պատմեց․ «Ուսանողների հետ քննարկեցինք ընտանիքի դերի և կարևորության հայեցակարգերը, այլընտրանքային խնամքի տեսակների առկայությունն ու անհրաժեշտությունը, շեշտադրեցինք ամուր և առողջ ընտանիքի առկայության կարևորությունը»։
Հանդիպումն ավարտվեց երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող տարբեր ծրագրերի քննարկմամբ, որից հետո «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ներկայացուցիչներն ցուցահանդեսի մասնակից ուսանողներին նվերներ հանձնեցին:
Հավելենք, որ Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 15-ին: Այն հռչակել է ՄԱԿ-ը` 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Բազմաթիվ պետություններ պաշտոնապես հաստատել են Ընտանիքի միջազգային օրը՝ նպատակ ունենալով ուշադրություն դարձնելու ընտանեկան մի շարք խնդիրների և նպաստելու ընտանիքի՝ որպես սոցիալական կառույցի ամրապնդմանը: