- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհագրական և երկրաբանական արդի հիմնախնդիրներին
Մայիս 31, 2024 | 15:34
Կոնֆերանսներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն
ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհագրական և երկրաբանական արդի հիմնախնդիրներին
ԵՊՀ-ում կայացավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովը։
Միջազգային գիտաժողովին ոլորտի մասնագետները ներկայացրին երկրաբանական և աշխարհագրական գիտությունների դերը ռեսուրսների (հանքահումքային, ջրային, հողային, էներգետիկ, ռեկրեացիոն, ժողովրդագրական և այլն) օգտագործման, տնտեսության զարգացման, տարածքային կազմակերպման և կառավարման գործում, անդրադարձան գիտության արդի հիմնախնդիրներին ու հնարավոր լուծումներին։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծեց, որ համալսարանը պատրաստակամ է աջակցելու գիտակրթական զարգացումներին միտված և գործակցային նոր կապերի հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։
«Մեծապես կարևորում ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությունները, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին։ Անհրաժեշտ է ճիշտ կառավարել բնական ռեսուրսների օգտագործումը, ուստի անհրաժեշտություն կա ապահովելու ոլորտի մասնագետների գիտելիքների պարբերաբար թարմացումը նաև նման գիտական միջոցառումների միջոցով»,- նշեց Ռ․ Բարխուդարյանը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, խոսելով գիտաժողովի հիմնական նպատակներից, ընդգծեց, որ ներկայացվող զեկույցների միջոցով անդրադարձ է կատարվում խիստ արդիական հիմնահարցերի։
«Գիտաժողովի շրջանակում ներկայացվում են ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են ՀՀ առջև և պահանջում են գիտական լուրջ ու հիմնավոր լուծումներ։ Բացի խնդիրներին հանգամանորեն անդրադառնալուց՝ գիտաժողովի նպատակն է նաև այդ խնդիրների համար առաջարկել հնարավոր լուծումներ, որոնք հնարավորություն կտան գիտական հենքի վրա աջակցելու տնտեսության՝ հատկապես գերակա ուղղությունների զարգացմանը»,- ասաց Ս․ Քելյանը։
Գիտաժողովին տարբեր ձևաչափերով մասնակցության հայտ էին ներկայացրել տարբեր երկրների գիտական կազմակերպություններ։
Առցանց ձևաչափով գիտաժողովին մասնակցում էր նաև Ռուսաստանյան հասարակագետ-աշխարհագետների ասոցիացիայի նախագահ, ա․գ․դ․, պրոֆեսոր Ալեքսանդր Դրուժինինը։ Նա ընդգծեց, որ հայ և ռուս աշխարհագետները համագործակցում են բավական երկար տարիներ, և ոլորտի լավագույն ու հարգված հայ մասնագետների ազգանուններ իրեն հայտնի են դեռ Խորհրդային միության ժամանակաշրջանից։
«Ներկայում ռուս շատ աշխարհագետներ պահպանում են գործակցային կապերը հայ գործընկերների հետ, ինչը շատ կարևոր է։ Մենք ունենք մասնագիտական համատեղ հետաքրքրություններ, հետևաբար՝ համագործակցության ընդլայնումը պարզապես անհրաժեշտություն է։ Հարկավոր է զարգացնել աշխարհագրական մտածողությունը, համատեղ գիտական մշակույթը՝ տեղեկացնելու, ինչպես նաև վերլուծելու աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները, քանի որ աշխարհագրական փոփոխությունները ևս շատ մեծ ազդեցություն են ունենում սոցիալ-տնտեսական գործընթացների վրա»,- ասաց Ալեքսանդր Դրուժինինն ու հավելեց, որ ուրախ կլինի տեսնելու հայ աշխարհագետներին Ռուսաստանյան հասարակագետ-աշխարհագետների ասոցիացիայի ամենամյա համաժողովին։
Գիտաժողովին ոլորտի մասնագետներն իրենց զեկույցներով անդրադարձան նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են ՀՀ տարածքների համաչափ զարգացման հիմնախնդիրները և տարածաշրջանի քաղաքականությունը, հողային իրավունքի և սահմանազատման հարցերը, բնակչության սոցիալ-ժողովրդագրական հինախնդիրները, տնտեսական աճի և էկոլոգիական հիմնախնդիրները։
Հայաստանի և արտերկրի մասնագետների միջև տեղի ունեցավ գիտական և գործնական փորձի փոխանակում, հնարավորություն ընձեռվեց նոր կապերի ստեղծման և համագործակցության համար։
Միջազգային գիտաժողովին մասնակցում էին ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, միջազգային ու հայաստանյան տարբեր բուհերի և հետազոտական կառույցների մասնագետներ։