- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը
Հունիս 04, 2024 | 11:28
Գործընկերներ
Հետազոտություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում էր Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը
Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում: Հանդիպման նպատակն էր հետաքրքված անձանց ներկայացնել կայսերական հասարակարգի ազդեցությունը ժողովրդավարացման ժամանակակից ուսումնասիրությունների վրա:

Վերջին շրջանում գիտական աշխարհը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ժողովրդավարական քաղաքականության պատմական հիմքերի նկատմամբ: Թեմայի շուրջ հետազոտություն է կատարել նաև Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի (ՀԿԱՀԻ) մրցանակակիր Աննա Օհանյանը:

ՀԿԱՀԻ-ի նախաձեռնությամբ և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աջակցությամբ կայացած հանդիպմանը Ա. Օհանյանը ներկայացրեց իր կատարած հետազոտության մանրամասները:
«Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» խորագրով ուսումնասիրությամբ Ա. Օհանյանն անդրադարձել է ժողովրդավարացման վրա կայսերական համակարգի թողած ազդեցությանը: Հետազոտությունը մասնավորապես վերաբերում է Հարավային Կովկասի պետությունների ժողովրդավարական կառավարման համակարգին անցում կատարելուն և դրա կառուցվածքային առանձնահատկություններին:
Խոսելով ուսումնասիրության անցկացման գաղափարի մասին՝ պրոֆեսորն ընդգծեց. «Վերջին գիրքս կազմելիս մեծ ուշադրություն էի դարձնում կայսերական հասարակարգի՝ տարբեր բնագավառներում թողած ազդեցություններին, դիտարկում էի, թե ինչպես է կայսերական հասարակարգը ազդել հակամարտությունների սրման վրա: Այնուհետև սկսեցի հետաքրքրվել, թե որքանով է կայսերական ժառանգությունը ազդել ժողովրդավարական վերափոխումների և ավտորիտարիզմի ոչնչացման ժամանակակից դինամիկայի ձևավորման վրա: Նշված հարցերին առավել համակողմանի անդրադարձա այս հետազոտության շրջանակում»:

Ներկայացնելով ուսումնասիրության մանրամասները՝ Աննա Օհանյանը նշեց, որ արևմտաեվրոպական պետականությունը հաստատվել է շատ ավելի վաղ, և ժողովրդավարացումը զարգացել է միայն այն ժամանակ, երբ պետականության եվրոպական փորձը արդեն իսկ կայացած էր:
«Հետխորհրդային միջավայրում այժմյան փոքր երկրների պետականության ձևավորման և ժողովրդավարությանն անցման փորձերը տեղի են ունեցել միաժամանակ: Այսպես, Հայաստանի և Վրաստանի նման պետություններում, չնայած կայսերական հասարակարգի ազդեցությանը, ժողովրդավարության արմատները ձևավորվել են մինչև պետականության կազմավորումը»,- ասաց Աննա Օհանյանը:
Ուսումնասիրության շրջանակում պրոֆեսորը գործակցել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդ հետազոտողների հետ, որոնք նրան աջակցել են՝ անցկացնելով արխիվային ուսումնասիրություններ:
Տարածաշրջանի երկրների կառավարման համակարգերին վերաբերող հետազոտության արդյունքների ներկայացմանը առցանց եղանակով մասնակցեցին նաև հետազոտական ծրագրում ընդգրկված, թեմայով հետաքրքրված ներկայացուցիչներ Վրաստանից:

Նշենք, որ «Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» խորագրով հետազոտությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային հարցերով բյուրոյի ֆինանսավորմամբ:
Հավելենք, որ Աննա Օհանյանը հեղինակել և խմբագրել է ավելի քան 5 գիրք: Նրա վերջին՝ «The Neighborhood Effect: The Imperial Roots of Regional Fracture in Eurasia» գիրքը տպագրվել է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) հրատարակչությունում 2022 թ․: