- Գլխավոր
- Նորություններ
- «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում
Հունիս 14, 2024 | 10:48
Միջոցառումներ
Ուսանողական
«Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում
Հիշողություններ, մտերմիկ զրույց, սեր և խոնարհում․ ահա այսպիսի միջավայրում տեղի ունեցավ «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխությունը։ Ծրագրի շրջանակում նախապես հայտարարված մրցույթների հաղթողներն արժանացան Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների։
2021 թվականից ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում են «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագիրը, որը նպատակ ունի հավերժացնելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը, խրախուսելու ուսանողներին՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։
Մրցանակաբաշխության ժամանակ դրամական մրցանակներով և հավաստագրերով պարգևատրվեցին ԵՊՀ վեց ֆակուլտետների (Արևելագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Հայ բանասիրութան, Ժուռնալիստիկայի, Պատմության ֆակուլտետներ, Ֆիզիկայի ինստիտուտ) 19 ուսանողներ, որոնք հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին՝ ներկայացնելով իրենց գիտակրթական հաջողությունները։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով նախաձեռնության կարևորության մասին, նշեց. «Մենք «պարտավորություն ունենք»՝ կապելու մեր զոհված հերոսների անունները լուսավորի, գեղեցիկի հետ: Այս նախաձեռնությունը նրանց հիշատակը վառ պահելու կարևորագույն միջոցներից է: Նմանօրինակ ծրագրեր իրականացնելով մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր անմահ հերոսներին։ Կարծում եմ՝ մրցանակ ստացող ուսանողները ևս քաջ գիտակցում են, որ այդ մրցանակին արժանանալը մեծ պատասխանատվություն և կարևոր առաքելություն է իրենց համար»:
Անդրադառնալով միջոցառման անցկացման տարբերվող ձևաչափի ընտրությանը՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասաց, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի հետ որոշել են միջոցառումն անցկացնել այսօրինակ ձևաչափով՝ այն առավել անմիջական դարձնելու նպատակով:
«Այս անգամ որոշեցինք թեյի սեղանի շուրջ մտերմիկ զրույցներ անցկացնել, հետաքրքիր պատմություններ պատմել՝ մեր հիշողություններով «վերակենդանացնելով» զոհված հերոսներին»,- նշեց Կարինե Դավթյանը:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, խոսելով ծրագրի ստեղծման և ԵՊՀ-ի հետ համագործակցության մասին, նշեց, որ մրցույթի հաղթողներին ընտրել են ֆակուլտետային հանձնաժողովները՝ հաշվի առնելով թեկնածուների ներկայացրած հայտերը, հարցազրույցների արդյունքները, ինչպես նաև մոտիվացիոն նամակները։
«Իրենց երկրային ճանապարհն ավարտած երիտասարդները մեզ համար բարձր նշաձողեր են սահմանել։ Նրանք մեր ոսկի սերմերն են, որոնց գաղափարներն ու գործը «ծլարձակելու են»՝ շնորհիվ մրցանակներ ստացած տաղանդաշատ երիտասարդների։ Տարեցտարի մրցանակների թիվն ավելանում է, հերոսները «վերադառնում են» համալսարան՝ իրենց օրինակով կրթելու նոր սերնդին։ Նրանց անուններով մրցանակների արժանացած ուսանողները ուսման մեջ և աշխատանքում աչքի ընկնող, նորարար մտքի տեր և քաղաքացիական հանձնառություն ունեցող երիտասարդներ են»,- ասաց Արմինե Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակով, այնուհետև ավելացել են Վաչագան Մանուկյանի, Վարդան Ամալյանի, Վահագն Թումասյանի, Ռուբեն Համբարձումյանի, Դավիթ Յակովլևի, ինչպես նաև Եզդի հերոսների անվան կրթամրցանակները:
«Շատ կարևոր է շաղկապել հանուն հայրենիքի անմահացած երիտասարդ համալսարանականների հիշատակը կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին և գնահատելով նրանց կրթական հաջողությունները»,- շեշտեց տնօրենը։
Մրցանակաբաշխության ժամանակ Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակներ ստացան Ֆիզիկայի ինստիտուտի, Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակներ՝ Հայ բանասիրության ֆակուլտետի, Ռուբեն Համբարձումյանի և Դավիթ Յակովլևի անվան կրթամրցանակներ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակներ՝ Պատմության ֆակուլտետի, Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակներ՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Հերոս եզդիների հիշատակին նվիրված կրթամրցանակներ՝ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները:
Նշենք, որ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխությանը ներկա էին 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների ծնողները, կրթամրցանակների արժանացած ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր: