- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվում է Oպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային առաջին քոլեջը
Օգոստոս 22, 2024 | 11:45
Գիտություն
Կարիերա
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում անցկացվում է Oպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային առաջին քոլեջը
Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջի («MAOP2024») նպատակն է աշխարհի գիտնականների համար ստեղծել հարթակ՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում վերջին հետազոտությունների արդյունքները:
Ս․թ․ օգոստոսի 12-ին մեկնարկած «MAOP2024»-ը Երևանի պետական համալսարանի օպտիկայի լաբորատորիաներում մեկշաբաթյա գործնական պարապմունքների և դրանց հաջորդող մեկշաբաթյա զեկուցումների, պանելային քննարկումների համադրություն է: Տարբեր երկրներից ոլորտի լավագույն գիտնականները և ուսանողները ներկայացնում են ոլորտի նորարարությունները՝ լաբորատոր միջավայրում զուգահեռաբար իրականացնելով հետազոտական ծրագրեր: Քոլեջն անցկացվելու է մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը։
Առաջին շաբաթվա ընթացքում ուսանողները ծանոթացան օպտիկայի և ֆոտոնիկայի տարբեր ուղղություններին, ձեռք բերեցին բազմաթիվ հմտություններ, կատարեցին գիտափորձեր և գործնական առաջադրանքներ։ Երկրորդ շաբաթվա ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն կայացած գիտնականների կողքին ներկայացնելու իրենց ուսումնասիրությունների արդյունքները բանավոր և ստենդային զեկուցումներով:
Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթևիկ Չալյանը, որը «MAOP2024»-ի համաhիմնադիրներից է, կարևորելով օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունների վերաբերյալ այսօրինակ քոլեջի կազմակերպումը, ասաց․ «Օպտիկան և ֆոտոնիկան կիրառելի են մեր առօրյա կյանքի տարբեր բնագավառներում՝ գիտություն, բժշկություն, տեղեկատվության փոխանակում և այլն։ Կարծում եմ՝ շատ կարևոր է ուսանողներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնք ժամանակակից մասնագետներ պատրաստելու «հիմնաքարերն» են: Ուստի, մենք որոշեցինք կենտրոնանալ մի քանի գիտական ուղղությունների վրա։ Առաջինը արհեստական բանականության կիրառությունն է ֆիզիկայում՝ օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում, երկրորդը քվանտային օպտիկայի, մասնավորապես՝ քվանտային կրիպտոգրաֆիայի հետ կապված գործնական պարապմունքները, լաբորատոր աշխատանքներն ու դասախոսություններն են։ Երրորդ թեման վերաբերում է ոչ գծային նյութերին, նյութերի կիրառություններին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նյութաբանությունն այսօր համարվում է առանցքային ուղղվածություն»։
Գիտաշխատողը հավելեց՝ ԵՊՀ-ում կան նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, և ուսանողները, գտնվելով Հայաստանում, հնարավորություն ունեն հենց այս միջավայրում ստանալու նոր գիտելիքներ:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար, «MAOP2024»-ի համահիմնադիր Մուշեղ Ռաֆայելյանը, խոսելով ընտրված ձևաչափի, ինչպես նաև քոլեջում ուսանողների ներգրավվածության մասին, նշեց, որ միջազգային քոլեջի մասնակիցները ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում կատարել են տարաբնույթ գիտափորձեր, լուծել բազմաթիվ խնդիրներ, պատրաստել զեկուցումներ:
«Մենք պարբերաբար իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց շրջանակում ուսանողներն ուսումնասիրում են ոլորտի առանձնահատկությունները։ Այս քոլեջը կազմակերպելիս հաշվի է առնվել մի կարևոր բաղադրիչ. թեմաներն ընտրվել են այնպես, որ համապատասխանեն օպտիկայի ներկայիս ուղղություններին: Քոլեջում ընդգրկված մասնակիցներից շատերը ֆիզիկայի բնագավառում ավելի մեծ փորձ ունեն, սակայն կան նաև այնպիսիք, որոնք չունեն որոշակի փորձառություն: Վերջիններս, 4-5 հոգանոց խմբերում աշխատելով փորձառու մասնակիցների հետ, ստանում են համապատասխան գիտելիքներ»,- ընդգծեց Մ. Ռաֆայելյանը:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, «MAOP2024»-ի կազմակերպչական թիմի անդամ Շանթ Սարգսյանը, կարևորելով ուսանողների մասնակցությունը քոլեջին, շեշտեց, որ այն հրաշալի առիթ է՝ մեկ շաբաթում պատկերացում կազմելու օպտիկայի և ֆոտոնիկայի ուղղությունների մասին, ստանալու թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ՝ լրացնելով համալսարանում ձեռք բերած գիտելիքների պաշարը:
«Անցկացվող քոլեջի շրջանակում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում առանց որևէ վճարի մասնակցելու թե՛ քոլեջին, թե՛ կոնֆերանսին: Այն կարևոր հարթակ է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից, քանի որ ուսանողները, որոնք հետաքրքրված են օպտիկայով և ֆոտոնիկայով, մասնակցելով այս գիտաժողովին, կարող են հասկանալ, թե որ ոլորտն է ավելի շատ հետաքրքրում իրենց: Մենք՝ ուսանողներս, հնարավորություն ունենք շփվելու առաջատար գիտնականների, գիտաշխատողների հետ, լսելու նրանց զեկույցները, ինչը հրաշալի փորձառություն է»,- նշեց Շանթը:
Միջազգային քոլեջին մասնակցում են 40 ուսանողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից: Առաջին շաբաթվա ընթացքում նրանք ծանոթացան ֆիզիկական երևույթներին, աշխատեցին լաբորատոր պայմաններում: Լաբորատոր աշխատանքներից ստացած իր տպավորությունների մասին պատմեց Իրանի հիմնարար գիտությունների առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (IASBS) մագիստրանտ Ֆաթեմե Ղեյբին:
«Միշտ հետաքրքրվել եմ ֆիզիկայով և տարբեր գիտափորձերով: Շատ ուրախ եմ, որ այս քոլեջին մասնակցելու հնարավորություն ունեմ, քանի որ մասնակցությունս դրական ազդեցություն կունենա ինչպես նոր գիտելիքներ, այնպես էլ նոր ընկերներ ձեռք բերելու և փորձի փոխանակման տեսանկյունից»,- ընդգծեց Ֆաթեմեն և հավելեց, որ լաբորատորիաներում աշխատելու որոշակի փորձ ունի, սակայն այս քոլեջը լավ հնարավորություն է՝ նպաստելու այդ փորձառության լավարկմանը:
«Միջազգային քոլեջի շրջանակում մենք ուսումնասիրում ենք ֆոտոնիկայի վերջին զարգացումները, կատարում այնպիսի փորձեր, որոնք ինձ համար նորություն են, և դա է՛լ ավելի հետաքրքիր է: Անչափ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ՝ ԵՊՀ-ում»,- ասաց նա:
Միջազգային քոլեջի («MAOP2024») երկրորդ շաբաթվա շրջանակում ԵՊՀ են ժամանել աշխարհի ավելի քան 12 գիտահետազոտական հաստատություններից հրավիրված բանախոսներ։ Նրանք կներկայացնեն իրենց ելույթները հետազոտական տարբեր թեմաների շուրջ, կխոսեն իրենց փորձի մասին և կհաղորդեն նոր գիտելիքներ: Առանձնահատուկ տեղ է հատկացվել մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններին: Ծրագիրը հարուստ է նաև ժամանակաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից մեկին՝ գերարագ լազերներին նվիրված դասախոսություններով։ Թեմային առնչվող դասախոսությամբ հանդես եկավ շվեյցարացի հայտնի ֆիզիկոս, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ուրսուլա Քելլերը:
«Քոլեջի շրջանակում կարդացի երեք դասախոսություն, որոնք վերաբերում էին գերարագ լազերներին: Նշեմ, որ ուսանողների շրջանում շատ մեծ էր թեմայի նկատմամբ հետաքրքրությունը․ նրանց ուղղած տարաբնույթ հարցերի շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ»,- ասաց պրոֆեսորը։
Խոսելով քոլեջի կազմակերպական աշխատանքների մասին՝ նա հավելեց, որ «MAOP2024»-ի կազմակերպչական թիմը կատարել է հսկայական աշխատանք: Ըստ ֆիզիկոսի՝ Հայաստանում օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում առաջընթացը նկատելի է։ Նա փաստեց՝ ոլորտում հաջողություններ են գրանցվում, երբ ուսանողների համար ստեղծվում է արտերկրում սովորելու, հետագայում ստացած գիտելիքը սեփական երկրում կիրառելու հնարավորություններ:
Իսկ այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ ուսանողներին հաջողակ կարիերա ստեղծելու համար, Ուրսուլա Քելլերը նշեց. «Կարծում եմ, լավագույն ներդրումը, որը կարող ենք կատարել ուսանողների մասնագիտական կայացման գործում, նրանց մոտիվացնելն է, ոլորտը գրավիչ դարձնելը, որ նրանք անեն առավելագույնը իրենց նպատակներին հասնելու համար: Անհրաժեշտ է նրանց հնարավորություն տալ արտերկիր մեկնելու՝ փորձառություն ձեռք բերելու, ինչպես նաև ստեղծել պայմաններ, որ նրանք վերադառնան և իրենց ստացած գիտելիքները կիրառեն իրենց երկրում»:
Ի տարբերություն պրոֆեսոր Ուրսուլա Քելլերի, որն առաջին անգամ է Երևանի պետական համալսարանում, Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (Լեհաստան) երիտասարդ պրոֆեսոր Մատեուշ Շատկովսկին արդեն 4-րդ անգամ է ԵՊՀ-ում: Քոլեջի շրջանակում նա ներկայացնելու է լազերային ճառագայթների կառավարմանն ուղղված իր խմբի աշխատանքները:
«Հիշում եմ՝ երբ ուսանող էի, ինձ համար չափազանց կարևոր էր գիտաժողովներին մասնակցելը, ինչը հնարավորություն էր ընձեռում զարգացնելու իմ հմտությունները, հաղորդակցման կարողությունները, գիտելիքները, ձեռք բերելու բազմաթիվ ընկերներ: Այսպիսի հնարավորություն այսօր տրված է մեր քոլեջի մասնակիցներին: Նրանք այսօր կարող են հաղորդակցվել աշխարհի լավագույն գիտնականների, փորձառու մասնագետների հետ, լսել նրանց և, միգուցե, հետագայում հայտնվել լաբորատորիաներում՝ հետազոտություններ կատարելու հենց այս ֆիզիկոսների հետ»,- ասաց Մատեուշ Շատկովսկին:
Հավելենք, որ Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP2024») կազմակերպվել է Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter») ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: «MAOP2024»-ը հովանավորվել է «YSO»-ի «Optica»-ի «Հատուկ ծրագիր», ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության դրամաշնորհների շրջանակում: Աջակիցներից են ԵՊՀ-ն, «SPIE»-ը և «THORLABS»-ը: