- Գլխավոր
- Նորություններ
- «Համալսարանում ստացած գիտելիքները նպատակներիս հասնելու գրավականն են». ԵՊՀ ուսանող Շանթ Սարգսյան
Օգոստոս 27, 2024 | 14:30
Մրցույթներ
Ուսանողական
«Համալսարանում ստացած գիտելիքները նպատակներիս հասնելու գրավականն են». ԵՊՀ ուսանող Շանթ Սարգսյան
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Շանթ Սարգսյանը կրթաթոշակի է արժանացել Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության (SPIE) կողմից՝ բարձր առաջադիմության, գիտաուսումնական ակտիվ գործունեության, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում ներդրած ջանքերի համար: Ուսանողն իր հաջողությունների և ձեռքբերումների երաշխիք է համարում որակյալ կրթությունը:
Շանթը վստահեցնում է՝ ԵՊՀ-ն ուսանողին տալիս է միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիքներ և դրանք մասնագիտական բնագավառում կիրառելու հմտություններ ու հնարավորություններ։ Կրթություն ստանալով ակադեմիական այս միջավայրում՝ նա ներգրավվել է գիտահետազոտական, ինչպես նաև կազմակերպական բազմաթիվ աշխատանքներում, որոնք ևս նրա առջև նորանոր դռներ են բացել:
Շանթ Սարգսյանի հետ զրուցել ենք կրթաթոշակին արժանանալու, ընտրած մասնագիտության, կատարած հետազոտական աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:
- Շա՛նթ, ի՞նչ ճանապարհ եք անցել Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության տրամադրած կրթաթոշակին արժանանալու համար:
- Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունը ամեն տարի շուրջ 70 ուսանողի շնորհում է կրթաթոշակ: ԵՊՀ-ում գործում է նույն կազմակերպության ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter»), և արդեն երրորդ տարին է, ինչ մեր ուսանողները նույնպես կրթաթոշակ են ստանում: Այս տարի էլ ինձ բախտ վիճակվեց արժանանալու այս կրթաթոշակին, որը տրվում է տարբեր երկրների ուսանողներին՝ հոգալու ուսման հետ կապված ծախսերը՝ գրքերի, էլեկտրոնային սարքավորումների գնում և այլն:
Անկեղծ ասած՝ մրցույթին դիմել եմ մեծ հույսով, որ հենց ես կարժանանամ այդ կրթաթոշակին։ Դիմելու համար անհրաժեշտ է լինել Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության անդամ, իսկ ես արդեն 2 տարի է, ինչ նույն կազմակերպության՝ ԵՊՀ-ում գործող մասնաճյուղի նախագահն ու անդամն եմ: Բացի դրանից՝ հաշվի է առնվում ակադեմիական առաջադիմությունը, կատարած գիտահետազոտական աշխատանքները, հասարակական ակտիվ գործունեությունը, որոնք խթանում են օպտիկայի և ֆոտոնիկայի կամ առհասարակ գիտության հանրայնացումն ու զարգացումը։
- Կպատմե՞ք՝ ինչ աշխատանքներ եք կատարում «SPIE»-ի ուսանողական մասնաճյուղում («YSO Student Chapter»):
- Մեր մասնաճյուղը տարաբնույթ գործառույթներ ունի։ Առաջինը գիտության հանրայնացնումն է դպրոցականների շրջանում: Տարվա ընթացքում բազմիցս այցելում ենք ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներ, աշակերտներին հյուրընկալում ենք մեզ մոտ, ցուցադրում հետաքրքրաշարժ փորձեր, զրուցում նրանց հետ՝ օգնելով մասնագիտության ընտրության հարցում, ցույց տալիս, թե ինչ հնարավորություններ կան, ինչ է առհասարակ գիտնականի աշխատանքը: Մենք մասնակցում ենք տարբեր փառատոների, որոնցից էր «Starmus» միջազգային փառատոնի շրջանակում անցկացվող գիտության ճամբարը: Արդեն երկու տարի է՝ մասնակցում ենք ԵՊՀ-ում անցկացվող «ԲանՈՒԳործ» էքսպոյին:
ԵՊՀ-ում կազմակերպում ենք սեմինարներ, վեբինարներ, հանդիպումներ: Այս տարի Ծաղկաձորում կայացավ «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը, որի կազմակերպական աշխատանքներով զբաղվում էր մեր ուսանողական մասնաճյուղը: Ճամբարի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերն առօրյա կյանքում:
Օրերս ներգրավված էինք նաև շատ կարևոր մի իրադարձության՝ Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջի («MAOP2024») և համաժողովի կազմակերպական աշխատանքներում։
- Շա՛նթ, ի՞նչ եք կարծում, ֆիզիկոսի մասնագիտության մեջ հաջողություններ գրանցելու համար ո՞ր գործոններն են առաջնային։
- Փորձը ցույց է տալիս, որ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողները հաջողում են ոչ միայն ֆիզիկայի բնագավառում, այլև ուրիշ ոլորտներում, և նրանց հաջողության գրավականը որակյալ կրթությունն է հենց ֆիզիկայի բնագավառում: Ֆիզիկան խորությամբ ուսումնասիրելիս ձևավորվում է շատ հետաքրքիր մտածողություն: Կարծում եմ՝ լավ ֆիզիկոս դառնալու համար միայն ֆիզիկա իմանալը բավական չէ. պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ թե՛ մաթեմատիկայից, թե՛ ծրագրավորումից, թե՛ ճարտարագիտությունից, թե՛ պատմությունից և այլն: Այդ է պատճառը, որ ես եկա ԵՊՀ՝ հիմնարար գիտելիքների հետևից։ Այստեղ ստացածս գիտելիքները կուղեկցեն ինձ ողջ կյանքիս ընթացքում:
- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
- Ցանկություն ունեմ ուսումս շարունակելու ֆիզիկայի բնագավառում: Նկատել եմ, որ Հայաստանում օպտիկայի և ֆոտոնիկայի ուղղությամբ զարգացման դրական տեղաշարժ կա (դրա մասին են վկայում նոր լաբորատորիաների ստեղծումը, վերանորոգումը, վերազինումը), և իմ նպատակն է խթանել այս գործընթացի շարունակականությունը, որ մեր երկիրը դառնա տարածաշրջանում գիտական և տեխնոլոգիական խոշոր կենտրոն:
Նշեմ, որ ս.թ. սեպտեմբերին 21-26-ը մեկնելու եմ Կոլորադո (ԱՄՆ)՝ մասնակցելու «Frontiers in Optics» կոնֆերանսին, ինչպես նաև ուսանողական առաջնորդության ծրագրին: