- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտնականի նախագիծը՝ միտված բարձրացնելու մեղրի որակը
Սեպտեմբեր 10, 2024 | 12:50
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ գիտնականի նախագիծը՝ միտված բարձրացնելու մեղրի որակը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է։ Իր ներկայացրած նախագծի շրջանակում գիտական խմբի հետ նա շարունակելու է ուսումնասիրել մեղրատու մեղուների աղեստամոքսային ուղու միկրոբիոմը՝ կախված տարվա եղանակներից և միջատասպան նյութերի ազդեցությունից։ Հետազոտության նպատակն է բարձրացնել մեղուների դիմադրողականությունն ու մեղրի որակը։
Խոսելով ուսումնասիրության թեմայի արդիականության մասին՝ Ինգա Բազուկյանը նշեց, որ երկրագնդի կարևորագույն փոշոտիչ միջատների՝ մեղրատու մեղուների առողջական վիճակը շատ երկրներում մտահոգության պատճառ է դարձել։ Ըստ նրա՝ վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ մեղուների աղիներում բնակվող մանրէները կարևոր են մեղուների առողջության համար։
«Մի շարք գործոններ, ցավոք, կարող են ազդել աղիների մանրէների վրա՝ դառնալով տարբեր խանգարումների զարգացման պատճառ։ Մեկ տասնամյակ առաջ հայտնի դարձավ, որ այդ մանրէների զգալի մասը պատկանում է կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) խմբին: ԿԹԲ-ները սինթեզում են բազմաթիվ արգասիքներ, որոնք օժտված են կենսաբանական տարբեր ակտիվություններով։ Այս միացություններն ունակ են ճնշելու ախտածիններին (բակտերիաներին, սնկերին, վիրուսներին), քայքայելու դժվարամարս բազմաշաքարները, սպիտակուցները, ունեն հակաօքսիդանտային ակտիվություն և այլն»,- ասաց ԵՊՀ գիտնականը։
Ինգա Բազուկյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ թեպետ ԿԹԲ-ների կողմից հակաբակտերիական միացությունների սինթեզի մասին առկա են բազմաթիվ զեկույցներ, սակայն մեղուների աղեստամոքսային ուղու միկրոբիոտայի արգելակող ակտիվության մասին զեկույցները համեմատաբար քիչ են։
«Ենթադրվում է, որ Հայաստանի էկոլոգիական պայմանները և աշխարհագրական դիրքը նպաստել են մեղուների աղեստամոքսային ուղում յուրահատուկ համակեցությունների զարգացմանը: Հայկական մեղուների աղեստամոքսային ուղու միկրոբիոտայի բակտերիական կազմի ուսումնասիրության վերաբերյալ որևէ աշխատանք չի հրապարակվել»,- ընդգծեց նա։
Սույն նախագծի հիմնական նպատակներն են տարվա տարբեր եղանակների ընթացքում մեղուների աղիների մանրէների կազմի համեմատական վերլուծությունը, մեղուների զարգացման տարբեր փուլերում միկրոբիոտայի տարբերությունների հայտնաբերումը, ինչպես նաև միկրոբիոտայի վրա թունաքիմիկատների ազդեցության հայտնաբերումը: Առաջնային է նաև ԿԹԲ-ների, ինչպես նաև առողջ մեղուների նորմաբիոտայում ներկայացված այլ բակտերիաների մեկուսացումը, դրանց կենսատեխնոլոգիական ներուժի բացահայտումը։
Ինգա Բազուկյանը վստահ է՝ նախագիծը նոր հեռանկարներ կբացի մեղուների իմունիտետի և տարբեր հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության ապահովման գործում միկրոբիոտայի կարևորությունը հասկանալու համար, ինչպես նաև հնարավորություն կտա հակագոնիստական ակտիվությամբ ԿԹԲ-ների ավելացման միջոցով բարձրացնելու մեղրի որակը և դրանց շնորհիվ ստեղծելու նոր արտադրանք:
Այս նախագիծը ԵՊՀ 2022-2025 թթ․ ներքին դրամաշնորհի շրջանակում կատարված գիտական հետազոտության տրամաբանական շարունակությունն է։ Նախորդ երեք տարիների ընթացքում ԵՊՀ-ից ստացած ֆինանսավորման շնորհիվ Ինգա Բազուկյանի ղեկավարությամբ կատարվել է ՀՀ տարբեր տարածաշրջաններում պահվող մեղուների աղիներում բնակվող բակտերիաների համեմատություն, և արդեն իսկ մեկուսացվել են 60-ից ավելի ԿԹԲ-ներ, որոնցից առանձնացվել են առավել ակտիվները։ Ըստ նրա՝ հենց այս բակտերիաներն էլ կօգտագործվեն մեղուների իմունիտետի բարձրացման համար։
«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024»-ի շրջանակում իրականացվող գիտական նախագծի շուրջ Ինգա Բազուկյանի ղեկավարությամբ աշխատելու են կ․գ․թ․ Ինեսա Սեմերջյանը, ասպիրանտ Տիգրան Ալեքսանյանը, մագիստրոս Ռուզաննա Հարությունյանը։
Խումբն ավելի քան 5 տարի է, ինչ համագործակցում է մեղվապահների, ինչպես նաև «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ, որն անմիջական կապ է ստեղծում տարբեր բնագավառների՝ մեղվաբուծությամբ զբաղվող մասնագետների միջև։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաինֆորմատիկայի բաժնի աշխատակիցները ևս համագործակցության շրջանակում աջակցում են ստացված բոլոր տվյալների կենսաինֆորմատիկ մշակմանը։
«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024»-ի շրջանակում կատարվող հետազոտության ընթացքում Հայաստան կայցելի Գենտի համալսարանի գիտությունների ֆակուլտետի մանրէաբանության լաբորատորիայի պրոֆեսոր, BCCM/LMG բակտերիաների հավաքածուի ղեկավար Փիթեր Վանդամը, որը նաև գիտական խմբի արտասահմանյան խորհրդատուն է։ Այցի օրակարգում են Հայաստանում MALDI-TOF MS մեթոդաբանության մշակումը՝ մեկուսացված շտամների պրոտեոմիկայի հետազոտմամբ միկրոօրգանիզմների նույնականացման համար, ստացված տվյալների և ապագայում հրապարակվելիք հոդվածների քննարկումը՝ աշխատանքի հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Նշենք, որ հետազոտությունները կատարվելու են շուրջ 3 տարի՝ 2024-2027 թթ․։ Ինգա Բազուկյանը մատնանշեց, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 2 մեղվափեթակ մեղվաընտանիքներով, որոնք տեղադրվելու են Երևանի Նորագավիթ վարչական շրջանում, մասնավոր մեղվապահի մոտ։ Ըստ նրա՝ սա նպաստելու է կենդանիների վրա հետազոտությունների արագ կատարմանը և տվյալների վերլուծությանը։
Ուսումնասիրություններից ստացված արդյունքները տպագրվելու են բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում, ինչպես նաև ներկայացվելու են միջազգային գիտաժողովներում և գրախոսվող ամսագրում, թեմայի շուրջ անցկացվելու են գիտահանրամատչելի սեմինարներ ավագ դպրոցի աշակերտների համար։ Ծրագրի ընթացքում պատրաստվելու է նաև մագիստրոսական թեզ։ Ստացված տվյալները նաև հիմք են դառնալու հետագայում թեկնածուական ատենախոսության համար: