- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ
Սեպտեմբեր 06, 2024 | 14:51
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ
Հայ-իրանական գիտակրթական կապերը ամրապնդելու, իրանագիտության ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բնագավառում լավագույն մասնագետներ պատրաստելուն օժանդակելու նպատակով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճը, որը վերանորոգել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Պարսիկ նշանավոր բանաստեղծի անվան դահլիճում այսուհետ կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, դասեր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ վերջին ամիսներին բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել ԻԻՀ դեսպանի հետ, և այս դահլիճի բացումն էլ գործընկերային հարաբերությունների արդյունավետության վկայությունն է:
«ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին շատ արագ հանձն առավ այս ծրագրի իրականացումը: Վստահ եմ, որ այս դահլիճում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու՝ նվիրված թե՛ Ֆիրդուսիին, թե՛ հայ-իրանական կապերին, մշակույթին ու պատմությանը։ Այն իր կրթական գործառույթով կարևոր դերակատարում կունենա մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Ողջունում եմ բոլորիս և շնորհավորում այս կարևոր իրադարձության կապակցությամբ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Անդրադառնալով ակադեմիական համագործակցությանը՝ ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ առկա են լուրջ համագործակցություններ Թեհրանի, Թավրիզի, Ղոմի և բազմաթիվ այլ համալսարանների հետ, իսկ փոխադարձ այցելությունների շնորհիվ հայ-իրանական կապերը կրթության ոլորտում ավելի են ամրապնդվում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց, որ շատ ուրախ է ԵՊՀ-ում գտնվելու համար թե՛ որպես ԱԳ նախարարի տեղակալ, թե՛ որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի շրջանավարտ:
«Կարծում եմ, որ այս դահլիճը կդառնա ևս մեկ ակադեմիական տարածք, որտեղ է՛լ ավելի կամրապնդվեն հայ-իրանական հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են գտնվել, այդ թվում՝ կրթության ու ակադեմիական համագործակցության ոլորտներում: Վստահաբար այս դահլիճն աջակցելու է այն մեծածավալ աշխատանքներին, որոնք կատարում է Իրանագիտության ամբիոնը՝ ի նպաստ Հայաստանի և Իրանի»,- ասաց Վ․ Կոստանյանը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, կարևորելով ԵՊՀ-ի հետ գործակցությունը, ընդգծեց, որ սա ևս մեկ առիթ է՝ ակադեմիական միջավայրում հանդիպելու։
«Այս իրադարձությունը վերաբերում է երկու երկրների մշակութային, միջբուհական հարաբերություններին: Ակադեմիական ոլորտում մեր համագործակցությունն անքակտելի է: Որքան կարողանանք զարգացնել և ընդլայնել այդ ոլորտներում համագործակցությունը, այնքան կնպաստենք երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Մենք պատրաստակամ ենք ցանկացած առիթն օգտագործելու մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Վստահ ենք, որ այս աշխատանքների արդյունքը կլինի լավ մասնագետների, փորձառու դիվանագետների պատրաստումը»,- կարևորեց դեսպանը:
Ելույթներին հաջորդեց բանաստեղծ Ֆիրդուսիին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ուսանողների մասնակցությամբ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում դահլիճի բացումը բնութագրեց որպես հայ-իրանական հարաբերությունների լավագույն արտացոլումներից մեկը։
«Ֆիրդուսին ասել է․ «Կարող է նա, ով գիտուն է»։ Ուստի, այս դահլիճը մի տարածք է, որտեղ գեներացվելու է գիտելիք, և այդ գիտելիքի գեներացման արդյունքում մարդիկ դառնալու են ուժեղ ու կարող՝ մտքով ու գիտելիքով: Այն ես համարում եմ ոչ միայն լսարան, որտեղ անցկացվելու են դասեր, այլ նաև ուղեղի մարզասրահ»,- նշեց դեկանը:
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը և Իրանը հազարամյակների պատմություն ունեցող երկրներ են։ ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն էլ ներկաների համար ասմունքեց Ֆիրդուսիի ստեղծագործություններից։
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորները, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: