- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը
Սեպտեմբեր 09, 2024 | 17:36
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Դասախոսության շրջանակում նա ներկայացրեց Հայաստանի և ԵՄ-ի գործընկերային հարաբերությունները և համագործակցության զարգացման միտումները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ԵՊՀ-ն թե՛ իր պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողների թվով, թե՛ մասնագիտական ուղղվածություններով ամենամեծն է Հայաստանում։
«ԵՊՀ-ն առաջատար է նաև հրապարակված գիտական հոդվածների թվով։ ԵՊՀ գիտնականների հոդվածները հրապարակվում են ոչ միայն Հայաստանի գիտական ամսագրերում, այլև բարձր վարկանիշ ունեցող միջազգային հանդեսներում։ Միջազգային վարկանիշային հարթակներում տարբեր չափանիշներով ևս համալսարանն առաջինն է հայաստանյան բուհերի շարքում։ Ուստի, մենք միշտ առաջ ենք շարժվում՝ շարունակելով կատարելագործել մեր կրթական ծրագրերն ու կրթական միջավայրը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը, ընդգծեց, որ այդ հարաբերություններն էական նշանակություն ունեն ՀՀ քաղաքացիների համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Նա մասնավորապես կարևորեց վիզաների ազատականացման հարցը։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը նշեց, որ ուրախ է գտնվելու տարածաշրջանի ամենահին և ամենահարգված համալսարաններից մեկում՝ Երևանի պետական համալսարանում, որտեղ մեծաթիվ երիտասարդներ կան։
«Թեև Հայաստանն իր աշխարհագրական դիրքով հեռու է Եվրոպայից, սակայն դրա հետ մեկտեղ՝ փաստ է, որ մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ, արժեքներ և ձգտումներ։ Մենք ունենք նույն վճռականությունը, ինչը ներկայում հասարակության շրջանում առավել ակնհայտ է դառնում ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, անարդարության և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար պայքարելիս»,- մատնանշեց նա։
Եվրոպայի հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձավ նաև ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին՝ շեշտելով, որ ԵՄ-ն շարունակելու է տարբեր ծրագրերի շրջանակում աջակցել Հայաստանին։
Խոսելով վիզաների ազատականացման գործընթացից՝ Մարգարիտիս Սխինասը հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատ ճամփորդել Եվրոպայում։ Նա կարևորեց նաև «Էրազմուս+» ծրագիրը, որի շնորհիվ հայ ուսանողները հնարավորություն են ունենում կրթությունը շարունակելու ԵՄ առաջատար բուհերում։
«Սրանք կարևոր ձեռքբերումներ են, սակայն մենք չենք սահմանափակվում այսքանով»,- ընդգծեց նա։
Դասախոսության ավարտին ԵՊՀ ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին։ Հարցերի շրջանակը ընդգրկում էր թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացները, թե՛ կրթական ու տնտեսական գործակցության ընդլայնումը։
Նշենք, որ դասախոսությանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։