- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտաշխատողը՝ քաղցկեղի հաղթահարմանն ուղղված գիտական նախագծի ղեկավար
Սեպտեմբեր 17, 2024 | 10:55
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ գիտաշխատողը՝ քաղցկեղի հաղթահարմանն ուղղված գիտական նախագծի ղեկավար
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանն այն սակավաթիվ գիտնականներից է, որոնց ներկայացրած նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի շրջանակում արժանացել է ֆինանսավորման։ Նրա գիտական նախագիծն ուղղված է քաղցկեղի բուժման ժամանակ հիպօքսիայի գործառույթի և դրա զարգացման մեխանիզմի բացահայտմանը։
Ուսումնասիրությունները կատարվում են ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում և տևելու են շուրջ երեք տարի: Այդ ընթացքում գիտաշխատողը հետազոտելու է մեղմ հիպօքսիայի ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործընթացի վրա։ Հայարփի Ջավրուշյանը պատմել է «Ընդհատվող հիպօքսիան՝ որպես դեղամիջոցների ռեզիստենտության հաղթահարման եղանակ, կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ» վերտառությամբ թեմայի ընտրության մասին, անդրադարձել քաղցկեղի բուժման հիմնական խնդրին ու այդ խնդրի հաղթահարման իր տարբերակին։
Հակաքաղցկեղային բուժական մոդելի մշակումը՝ ԵՊՀ գիտաշխատողի ուշադրության առանցքում
Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի հիմնական աշխատանքներն ուղղված են քաղցկեղի, երկրորդ տիպի շաքարախտի և հիպօքսիայի (դրանց ընթացքում զարգացող տարատեսակ բարդությունների, մասնավորապես՝ սիրտանոթային հիվանդությունների) ժամանակ մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը: Մեր գիտական խումբը 2018 թվականից զբաղվում է հակաքաղցկեղային բուժական մոդելի մշակմամբ: Աշխատել ենք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին բուժառուների արյան նմուշների, կենդանական մոդելների և քաղցկեղային բջջային գծերի հետ: 2020 թվականից ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած գիտական խմբերի մեկնարկի դրամաշնորհի մրցույթի շահառուներից էինք նաև մենք, ինչին հաջորդեց գիտական խմբերի (լաբորատորիաների) ամրապնդման դրամաշնորհը: Այնուհետև ես ինքս որոշեցի ուժերս փորձել և իմ սեփական թիմը հավաքել ու լաբորատորիայի հետազոտական աշխատանքներից մեկով փորձել բացահայտել քաղցկեղի ժամանակ հիպօքսիայի գործառույթը և դրա զարգացման մեխանիզմը:
Քաղցկեղի բուժման ընթացքում դեղամիջոցների նկատմամբ զարգանում է ռեզիստենտություն
Հիպօքսիան կամ հյուսվածքներում թթվածնի պակասը կարող է հանգեցնել վնասակար հետևանքների, խորացնել հյուսվածքների քայքայումը և նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը: Թեև քրոնիկ կամ ծանր հիպօքսիան կարող է հանգեցնել բջջում կործանարար հետևանքների, նրա նկատմամբ դրսևորվող ադապտացիոն մեխանիզմները կարող են պաշտպանիչ լինել տարբեր հիվանդությունների դեպքում: Քաղցկեղը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է ամբողջ աշխարհում: Չնայած բուժման միջոցների բազմազանությանը՝ հիմնական խնդիր է դեռևս այն, որ քաղցկեղի բուժման ժամանակ զարգանում է ռեզիստենտություն դեղամիջոցների նկատմամբ: Արդյունքում բուժառուն ստանում է թերապիա, որն արդյունավետորեն չի ազդում ուռուցքային բջիջների ոչնչացման վրա, բացի դրանից՝ վնասում է նաև շրջակա առողջ բջիջները: Վերջինիս հիմնական պատճառը հիպօքսիայի հետևանքով ուռուցքային միկրոմիջավայրում առաջացած մի շարք նյութափոխանակային խանգարումներն են:
Մեղմ հիպօքսիան՝ քաղցկեղի բուժման միջոց
Այս թեմայի ընտրության մյուս կարևոր պատճառն այն է, որ իմ թեկնածուական աշխատանքը անմիջապես կապված էր հիպօքսիայի հետ: Այն ժամանակ աշխատում էի լյարդի միզանյութի ցիկլի ֆերմենտների ակտիվության վրա հիպօքսիայի ադապտիվ գործոն ազոտի օքսիդի ազդեցության պարզաբանմամբ: Ազոտի օքսիդը առաջանում է, երբ բջջում հիպօքսիկ կամ անթթվածին վիճակ է սկսվում: Հայտնի է, որ քաղցկեղի, հատկապես՝ պինդ ուռուցքների համար ամենատարածված և պարզ կենսամարկեր է կաթնաթթուն, որը մեծ կոնցենտրացիայով առաջանում է հիպօքսիկ վիճակի ժամանակ: Հիպօքսիան ախտաբանական վիճակ է, որը դիտվում է ոչ միայն քաղցկեղի, այլև ամենատարբեր հիվանդությունների, օրինակ՝ սիրտանոթային հիվանդությունների, ասթմայի, անեմիայի, կաթվածի դեպքում: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեղմ հիպօքսիայի ժամանակ առաջանում է առողջ անոթագոյացում: Մենք ենթադրում ենք, որ մեղմ հիպօքսիայով խթանված առողջ անոթագոյացումը կարող է դեղամիջոցների համար ճանապարհ բացել դեպի ուռուցքի խորքային շերտեր և այդպիսով շրջանցել ռեզիստենտությունը դեղամիջոցների նկատմամբ: Արդյունքում մեղմ հիպօքսիայի խթանմամբ կկարողանանք առողջ անոթագոյացման միջոցով նպաստել արյան հոսքով դեղամիջոցի ներթափանցմանը ուռուցքի խոր հատվածներ: Փաստացի մենք փորձելու ենք օգտագործել ուռուցքի կիրառած գործիքը իր իսկ դեմ: Հիպօքսիայի առաջացման մոլեկուլային մեխանիզմները հստակ պարզաբանված չեն: Պարզաբանված չէ նաև քաղցկեղի ժամանակ դրա ազդեցության մեխանիզմը:
Այս նախագծի շրջանակում կհետազոտվեն մեղմ հիպօքսիայի ազդեցությամբ տարբեր քիմիաթերապևտիկ միացությունների նկատմամբ ռեզիստենտության նվազման դրսևորումները կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում՝ դիտարկելով հիպօքսիայի ինդուցիբել գործոն-1-ի բջջային ուղին:
Հետազոտական աշխատանքներում ներգրավված են ասպիրանտներ, ինչպես նաև մագիստրատուրայի և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ
Թիմում ընդգրկված են լաբորատորիայի ևս չորս աշխատակիցներ: Նրանցից երկուսն ասպիրանտներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների: Թիմակիցներիս հետ արդեն վաղուց եմ աշխատում: Բոլորս տարբեր ենք, խնդիրների լուծման ժամանակ տարբեր տեսակետներ ու լուծումներ ենք առաջարկում, սակայն կարևոր որոշումներ կայացնելիս համախմբվում ենք մեկ նպատակի շուրջ: Այդուհանդերձ, հետազոտական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու են նաև մագիստրատուրայի և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ:
Հետազոտությունների շրջանակում ակնկալվում է գիտական նոր կապերի հաստատում
Փորձարարական աշխատանքների մեծ մասը կատարվելու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում: Նմուշները դիտարկելու ենք նաև Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնների լաբորատորիաներում: Նախատեսվում են փոխայցելություններ մեր թիմի և նախագծի արտասահմանյան խորհրդատուի՝ պրոֆեսոր Ալինա Մալոյանի միջև: Նա զբաղվում է զարգացման ծրագրավորմամբ, երկրորդ տիպի շաքարախտի, ճարպակալման, նյութափոխանակային ուսումնասիրություններով: Ա․ Մալոյանի հետ մեր թիմն ունի արդեն համատեղ չորս աշխատանք, որոնք լույս են տեսել բարձր ազդեցության գործակցով ամսագրերում: Այցելելու ենք ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի Ա. Մալոյանի լաբորատորիա: Չնայած նախատեսվող այցը կարճատև է լինելու, սակայն ակնկալում ենք ծանոթանալ ժամանակակից մեթոդներին և սարքերին, ինչպես նաև ստեղծել նոր կապեր: Վերջինս կարող է լավ հիմք դառնալ մեր ասպիրանտների արտասահմանյան վերապատրաստման իրագործման համար:
Գիտական հոդվածները՝ իբրև հետազոտական աշխատանքների ամփոփ հաշվետվություն
Նախատեսում ենք տպագրել երեք գիտական և մեկ ակնարկային հոդված: Տվյալներից կախված՝ այս թիվը հնարավոր է փոփոխվի, և ավելի շատ թվով հոդվածներ տպագրվեն: Գիտական հոդվածներից բացի՝ լաբորատորիայի աշխատակիցները, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողները զեկուցումներ կներկայացնեն տեղական և միջազգային գիտաժողովներում: Հետազոտական աշխատանքների բուռն ընթացքի ժամանակ միշտ նոր գաղափարներ են ծնվում, նոր կապեր ենք ձեռք բերում, և, ի վերջո, հետազոտական նոր մտքեր են ի հայտ գալիս: Դրանում է գիտության հետաքրքրությունը: