- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի
Սեպտեմբեր 30, 2024 | 13:17
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը հետազոտական թիմի հետ ուսումնասիրել է հասարակության ներսում մարդու արժևորման, ինչպես նաև տարբեր միջավայրերում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը։ Երկարատև ուսումնասիրության ընթացքում արձանագրած նոր արդյունքները ԵՊՀ դոցենտը ներկայացրել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կայացած Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովի («ECP21») ժամանակ:
Ուսումնասիրության արդիականության, կարևորության և գիտաժողովի շրջանակում ներկայացված թեմայի մասին զրուցել ենք Նարինե Խաչատրյանի հետ:
- Ի՞նչ հետազոտություն եք կատարել։ Ինչո՞վ է այն առանձնանում, ո՞րն է նորույթը:
- Մեր ուսումնասիրության մեջ ամփոփվել են չորս տարբեր հետազոտությունների արդյունքներ, որոնք գրանցել ենք քայլ առ քայլ կատարած հետազոտությունների շնորհիվ: Հետազոտության առանցքում էր այնպիսի մի կոնցեպտ, որը վերաբերում էր արժեքային կողմնորոշումներին` «պատվասիրություն», «արժանապատվություն» և «դեմքը չկորցնելու» (հասարակության մեջ մարդու սոցիալական դերը չկորցնելը) մշակույթներին: Այս մոտեցումը, ի տարբերություն անձի արժեքային կողմնորոշումներն ուսումնասիրող այլ մոտեցումների, ներքնայնացված արժեքը դիտարկում է ոչ թե որպես վարքի ցանկալի վերջնարդյունք անհատի համար, այլ հասարակության մեջ ընդունված և անհատի համար ընդունելի դարձած, սակայն անցանկալի վարքագիծ։ Ըստ այդ մոտեցման՝ արժանապատվության մշակույթը հատուկ է այն երկրներին, որտեղ կարևորվում է մարդու՝ գերագույն արժեք լինելը, նրա անհատականությունը, ինչի հիմքում են մարդու՝ կյանքի հանդեպ սեփական սկզբունքները կարևորելն ու ընդունելը: Պատվասիրությունը՝ որպես մշակութային նորմ, ձևավորվել է օրենքի ուժի բացակայությամբ, երբ անհատի համար կարևոր էր իր պատիվը ուրիշի աչքերում բարձր պահելը:
Մեր ուսումնասիրության առաջին փուլերը հոգեչափողական բնույթ ունեին, և վերլուծությունը ցույց է տվել, որ արժանապատվությունը՝ որպես «մաքուր» գործոն, դուրս չի բերվել, այն կարծես «երկփեղկվել է» մասերի՝ դեպի անձը և դեպի ուրիշը: Եթե արևմտյան երկրներում արժանապատվությունը անձնամետ, անձնակենտրոն նորմ է, մեր երկրում կարևորվում է նաև մարդկանց հետ հարաբերվելու կողմը: Այսինքն՝ իմ արժանապատվությունը նաև այն է, թե ինչպես եմ գործում՝ ի շահ իմ հարազատների բարօրության: Հայաստանյան հասարակության շրջանում արժանապատվությունը՝ որպես սոցիալական նորմ, ընկալվում է նաև այսպես․ «Ես գործում եմ՝ ի բարօրություն մեկ ուրիշի (հարազատի, մտերիմի, հայի)»:
Հետազոտության արդյունքները նաև ներկայացրել եմ Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովին («ECP21»)։
- Կպատմե՞ք՝ գիտաժողովին Ձեր ներկայացրած զեկուցման վերաբերյալ ինչ արձագանքներ եղան:
- Գիտաժողովը կազմակերպել էր Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիան։ Արդեն 4 տարի է, ինչ ես և Սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողներն անդամակցում ենք նշյալ կազմակերպությանը և մասնակցում երկու տարին մեկ անգամ անցկացվող գիտաժողովներին, որոնք ընթանում են տարբեր ձևաչափերով՝ սեմինարներ, դասախոսություններ, սիմպոզիումներ, բանավոր զեկուցումներ: Այս տարվա գիտաժողովին մեր հետազոտության թեմայով զեկուցմամբ եմ հանդես եկել «Անհատական տարբերությունների մշակութային տեսանկյունը» («The cultural perspective on individual differences») բաժնում: Երբ ներկայացրի մեր հետազոտությունը, Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիայի նախագահը մատնանշեց, որ շատ կարևոր տեսանկյունից ենք դիտարկել այս արժեքային կողմնորոշումները: Ըստ նրա՝ մեր երկրի նման մշակույթ ունեցող երկրները ո՛չ միանշանակ կոլեկտիվիստական են, ո՛չ էլ ինդիվիդուալիստական, և սոցիալական համոզմունքների համատեքստում դրանք կարող են դառնալ հետաքրքիր դաշտ ուսումնասիրության համար: Նշեմ, որ մեր ուսումնասիրության շրջանակում կիրառել ենք համալիր մեթոդակազմ՝ և՛ քանակական, և՛ որակական մեթոդներ: Որակական վերլուծությունը կատարել ենք բաց հարցերի միջոցով: Անցկացրել ենք հարցումներ՝ մարդկանց մի խմբին հարցնելով, թե ինչ է նրանց համար արժանապատվությունը, ինչը կարող է լինել արժանապատվության հարց, իսկ մյուս խմբին՝ ինչ է պատվասիրությունը, ինչը, ըստ նրանց, կարող է լինել պատվասիրության հարց: Հետաքրքիր է, որ պատասխաններում արժանապատվությունն ու պատվասիրությունը իմաստային առումով առնչակից են: Մարդկանց համար շատ իրավիճակներ, որոնք դիտարկվում են որպես արժանապատվության հարց, միևնույն ժամանակ պատվասիրության հարց են: Հայաստանյան հասարակության համար, կարծես, այս երկու սոցիալական նորմերը տարանջատված չեն: Հավելեմ նաև, որ միջմշակութային համեմատությամբ հայաստանյան հասարակությունը դասակարգվում է որպես «պատվասիրության մշակույթ» կրող. սա ևս հետաքրքիր նրբություն է:
- Ի՞նչ դերակատարում և նշանակություն ունեն նմանօրինակ գիտական միջոցառումները։
- 2008 թվականից մասնակցել եմ այսօրինակ գիտաժողովների, և դրանք շատ կարևոր են եղել ինձ համար՝ դիտարկելու անձի հոգեբանությունը, դրա զարգացման ուղիները: Կարևոր է հասկանալ, թե ոլորտը ինչպես է զարգանում, ինչ նոր հետազոտություններ և վերլուծություններ են կատարվում, ինչ նոր մեթոդաբանություն կամ գործիքակազմ է կիրառվում հետազոտությունների շրջանակում: Ոլորտն այնքան արագ է զարգանում, որ կարճ ժամանակամիջոցում նկատվում են նոր մոտեցումներ: Նկատելի է, որ հիմնականում ուսումնասիրությունների առանցքում է անձի զարգացումը ոչ միայն տարիքային պարբերացման տեսանկյունից, այլև մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, թե ինչպես են դրական և բացասական իրադարձություններն ազդում անձի փոփոխման, զարգացման, անձնային աճի վրա: Կարևոր է, թե ինչպես են մարդիկ պատմում իրենց պատմությունը, և այդ պատմության մեջ ինչպես են իրենք տեսնում իրենց․ սա ևս հետաքրքիր գործոն է։
Հատկանշական է, որ գիտաժողովի շրջանակում անցկացվել են տարբեր թեմաներով քննարկումներ։ Արհեստական բանականությանն առնչվող թեմաներով մի քանի սիմպոզիումներ առանձնակի հետաքրքիր էին ինձ համար։ Հատկապես հետաքրքրաշարժ էր այն քննարկումը, որի շրջանակում խոսվեց, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը տեքստեր վերլուծելիս:
Մասնակցելով այսօրինակ գիտական միջոցառումների՝ հնարավորություն ենք ունենում ստեղծելու գործընկերային նոր կապեր և համագործակցելու օտարերկրյա գիտնականների հետ՝ դրանով իսկ նպաստելով միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Նշենք, որ արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական թիմի ներկայացուցիչները հրապարակել են գիտական 3 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում:
Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտական թիմի կատարած ուսումնասիրություններին անդրադարձել ենք մեկ այլ հոդվածում, որին հնարավոր է ծանոթանալ այստեղ: