- Գլխավոր
- Նորություններ
- Ավանդի արժևորում՝ ի նպաստ հայ-գերմանական գիտակրթական կապերի ամրապնդման
Սեպտեմբեր 16, 2024 | 15:00
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Ավանդի արժևորում՝ ի նպաստ հայ-գերմանական գիտակրթական կապերի ամրապնդման
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Գարի Սովերսին շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալ՝ գիտության ոլորտում նրա ներդրումների և Երևանի պետական համալսարանի, մասնավորապես Կենսաբանության ֆակուլտետի հետ ունեցած սերտ համագործակցության համար:
Պրոֆեսոր Գարի Սովերսը շուրջ 15 տարի համագործակցում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ և մեծ ներդրում ունի երկու համալսարանների գիտնականների համատեղ հետազոտությունների կատարման ու գիտական աշխատանքների հրատարակման, ինչպես նաև ուսանողների փոխանակման գործընթացի կազմակերպման գործում։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը, կարևորելով պրոֆեսոր Գարի Սովերսի հետ գործակցությունը, ընդգծեց, որ պրոֆեսորն արդեն չորրորդ անգամ է այցելում համալսարան։
«Գարի Սովերսը տարբեր թեմաներով դասախոսություններով է հանդես գալիս ոչ միայն անցանց, այլև առցանց ձևաչափով։ Լինելով ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի գիտական խորհրդատուն՝ նա նպաստել է միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանքների կատարմանը։ Պրոֆեսորի հետ համագործակցության շրջանակում հետազոտական բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, այժմ էլ համատեղ գիտափորձեր ենք կատարում և հոդվածներ տպագրում միջազգային հեղինակավոր հանդեսներում»,- նշեց Կ․ Թռչունյանը։
Արժևորելով պրոֆեսորի մեծ դերակատարումը Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին գիտակրթական ծրագրերում ներգրավելու հարցում՝ Կ․ Թռչունյանը մատնանշեց․ «Պրոֆեսորի հետ գործակցության շնորհիվ՝ մեր ուսանողները կրթություն են ստանում նաև Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանում՝ հիմնարար գիտելիքներին զուգահեռ ձեռք բերելով գործնական հմտություններ, ծանոթանալով նորագույն տեխնոլոգիաներին և նոր մեթոդներին, որոնք հետագայում ներդրվում և կիրառվում են ԵՊՀ-ում։ Գարի Սովերսը նաև խորհրդատվություն է տրամադրում, թե ինչպես ճիշտ մեթոդներով կիրառել նոր սերնդի սարքերը։ Ուսանողների համար սա շատ կարևոր է, քանի որ նրանք հնարավորություն են ունենում համեմատելու Երևանի պետական և Հալլեի համալսարաններն ու տեսնելու, որ ԵՊՀ-ն նույնպես առաջադեմ է բազմաթիվ հարցերում»։
Պրոֆեսոր Գարի Սովերսը, խոսելով Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտնականների կատարած հետազոտական աշխատանքներից, շեշտեց, որ դրանք կատարվում են շատ բարձր մակարդակով՝ այնպես, ինչպես Հալլեի համալսարանում կատարվող հետազոտությունները։
«Երևանի պետական համալսարանի հետ համագործակցում ենք ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտությունների շրջանակում՝ պարզաբանելով կենսաքիմիայի և կենսաէներգետիկայի ոլորտում խմորման ընթացքում մանրէների դերը։ Ավելին՝ նախատեսվում է է՛լ ավելի ամրապնդել այս գործակցությունը»,- ասաց պրոֆեսորը։
Կարևորելով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նոր սարքավորումներով հագեցվածությունը՝ Գարի Սովերսը նշեց, որ ապագայում մեծ հնարավորություն կա կազմակերպելու Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի ուսանողների այցը ԵՊՀ՝ փորձի փոխանակման և նոր մեթոդների յուրացման նպատակով։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին պրոֆեսոր Գարի Սովերսը Կենսաբանության ֆակուլտետում հանդես կգա բաց դասախոսությամբ՝ անդրադառնալով ջրածնի և մրջնաթթվի կապին և դրանց նյութափոխանակությանը մանրէներում։